Նրանք գնացել էին Արցախը հզորացնելու

21/01/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վիճակը շարունակում է մնալ սփյուռքի մի շարք կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ամանորին Շահան Նաթալիի անվան ընտանեկան հիմնադրամը Քաշաթաղում նախաձեռնեց «Ձեռքից ձեռք» ծրագիրը, որի նպատակն է մեղմել շրջանի տարբեր գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը, լուծել որոշ գյուղերի էլեկտրաէներգիայի անցկացման խնդիրը եւ, սփյուռքի ուշադրությունը սեւեռելով առկա վիճակի վրա, Ղարաբաղի կառավարությունից պահանջել մշակել եւ իրականացնել ազատագրված տարածքների վերաբնակեցման քաղաքականություն:

«Ծրագրի նպատակը միայն այն չէ, որ օգնենք ծանր վիճակում գտնվող ընտանիքներին, այլ ղարաբաղցիներին արթնացնելն է: Սովորական ղարաբաղցիները չգիտեն, թե ինչ է կատարվում ազատագրված տարածքներում: Նրանք գիտակցում են այդ տարածքների ռազմավարական նշանակությունը, սակայն չէին պատկերացնում այն, ինչ նրանք տեսան մեր այցելած գյուղերում»,- ասում է հիմնադրամի ներկայացուցիչ Արա Մանուկյանը: Միացյալ Նահանգներում հավաքված դրամով հիմնադրամը բացի երկու` Հայկազյան եւ Հալե գյուղերի երեխաներին ամանորյա նվերներ բաժանելուց, 16 ընտանիքի հատկացրել է դրամական օգնություն: Այդ օգնությունները բաժանել են Մարտունիից, Ստեփանակերտից եւ Շուշիից այցելության եկած 16 մարդիկ:

Մարտունեցի Իրա Խաչատրյանը, ով պատերազմում կորցրել է ամուսնուն եւ երկու որդիներին, ապշել էր` տեսնելով, թե ինչպես են անչափահաս երեխաները քնում առանց անկողնու եւ վերմակների: «Եթե իմանայի` այսպես է, հետս մի քանի վերմակ կբերեի»,- ասաց նա: Հայկազյանի երեխաներն առաջին անգամ էին տեսնում Ձմեռ պապ, եւ նրանց համար այդ օրը զարմանահրաշ մի տոնի վերածվեց: Գյուղացիները հավաքվեցին եւ հյուրերի հետ տոնեցին Ամանորը:

Հայկազյան գյուղը բնակեցվել է 1997-ին, այն ժամանակ գյուղում կար 60 ընտանիք: Այսօր գյուղում մնացել է ինը ընտանիք:

«Վիճակը շատ վատ է, զարմանում եմ, որ ժողովուրդը կարող է այդպես ապրել, դա հերոսություն է: Ես հանդիպեցի Ղարաբաղի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի հետ այդ վիճակը քննարկելու համար: Նա ասաց, որ լավ կլինի` ժողովուրդը այդտեղից հեռանա, իսկ ես ասացի, որ ոչ. մենք օգնելու ենք, որ ժողովուրդը մնա այնտեղ: Ես այն տպավորությունը ստացա, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որ մարդիկ գնան այդտեղից»,- ասում է Արան: «Նախ` այն անձինք, ովքեր չեն կարող ծառայել ժողովրդին, պետք է հեռանան: Շատ արագ պետք է ապահովեն ժողովրդի հասարակ կարիքները` լույս, ջուր, կրթություն: Պետք է ծրագիր ունենանք ազատագրված տարածքների վերաբնակեցման վերաբերյալ, իսկ Ղարաբաղի այսօրվա իշխանությունը դա չունի եւ չի կարող ու չի ուզում անել որեւէ բան: Արկադի Ղուկասյանը նոյեմբերին Լոս Անջելեսում խոստացավ, որ մեկ ամսվա ընթացքում փոփոխություններ կլինեն, չկան այդ փոփոխությունները եւ, ինչպես երեւում է, չեն լինելու: Դրա համար սփյուռքը եւ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստիպեն Ղարաբաղի իշխանություններին, որ նրանք աշխատեն»,- ասաց Արան:

«Ապրելու պայմանները վատ են, տները կիսաքանդ են, եթե այսպես շարունակվի, գյուղը կդատարկվի»,- ասում է Հայկազյանի գյուղապետ Արմեն Չմոյանը: Գյուղացին հող ունի, բայց մշակելու տեխնիկա չունի, իսկ իշխանավորներից որեւէ մեկին դա չի հուզում: «Գյուղացիներով Որոտան գետի վրա լիճ ենք սարքել, բայց կիսատ է մնացել, փող չկա: Ձկնաբուծությամբ պիտի զբաղվենք, եթե մի քիչ պետությունը օգներ, 1մլն դրամի չափով, արդեն ավարտած կլինեինք»,- ասում է գյուղապետը:

«Ութ տարի է` այստեղ ենք, բայց ոչ մի բան չի փոխվել, գոյատեւում ենք: Գոնե մի փոքր ուշադրություն դարձնեն, մի փոքր, շատ չենք ուզում, մնացածը մենք կանենք: Գոնե հոսանք անցկացնեն: Կնոջ համար ամենակարեւորը հոսանքն է, արդուկը վառարանի վրա ենք տաքացնում, լվացքը ձեռքով ենք անում»,- ասում է աշխարհագրության եւ պատմության ուսուցչուհի Գյուլնարան: Նա երեք անչափահաս երեխա ունի:

«Տունը մենք ենք վերակառուցել, կիսաքանդ էր, անասուններ ենք պահում, հող ենք մշակում: Պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել: Բայց այստեղ նույնիսկ խանութ չկա: Սննդամթերք գնելու համար պիտի 55 կմ գնանք` Գորիս հասնելու համար, կամ 80 կմ` Բերձոր հասնելու համար, որ շաքարավազ կամ օճառ գնենք: Մեր արտադրանքն էլ չենք կարողանում իրացնել: Միսը եթե տանում ենք Գորիս, մեզ վրա կգ-ն 500 դրամ է նստում»,- ասում է Գյուլնարան:

«Եթե ուզում եք տառապանքի համը զգալ, եկեք երկու օր այստեղ ապրեք»,- ավելացնում է ուսուցչուհի Խանում Զաքոյանը: Նրա ամուսինը` Գեւորգ Մարտիրոսյանը, գյուղի Հայկազ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն է: Դպրոցում սովորում է 45 երեխա: Հարեւան Հալե, Ջանֆիդա գյուղերի Սանասար եւ Զինավան զորամասերի զինվորականների երեխաները նույնպես այստեղ են հաճախում դպրոց:

«Ասացի` մեր պապերի հողն է, արյան գնով ազատագրվել են, գնանք շենացնենք: Եկանք, ասին` աշնանը հոսանք կլինի, այդ ժամանակից անցել է ինը տարի, հոսանք չկա: Որ եկանք, մանկավարժներին տվեցին 40 հազար դրամ եւ ասացին` գնացեք, ձեր տները սարքեք: Ու վերջ: Հարազատներս ասում են` Գեւորգը ցնդվել է, թե չէ ինչո՞ւ է մնում այնտեղ»,- ասում է Գեւորգ Մարտիրոսյանը:

«Մենք ինչո՞ւ ենք այսպես պատժված, մենք ապրելու իրավունք ունենք, չէ՞: Մանկավարժների ընտանիք ենք, Գյումրիից եկել ենք Արցախը հզորացնելու, իսկ ինը տարի մեզ խաբում են, թե լույսը էս է կտանք: Բժիշկ ենք, կոշկակար ենք, ամեն ինչ անում ենք, բայց մեր կյանքը գնում է, չէ՞: Հինգ երեխաների մայր եմ ու հիմա մոմը պիտի վառենք, նստենք կողքը: Ո՞ւմ համար եւ ինչի՞ ենք զոհաբերում մեր կյանքը»,- հարցնում է տիկին Խանումը:

www.hetq.am