Ընտրություններից առաջ իրեն հարգող յուրաքանչյուր սոցիոլոգ պարտավորված է զգում սոցհարցումներ անել` հատկապես հեռախոսով: Նման հարցումներն անց են կացվում ցերեկային ժամերին, երբ տանը միայն կանայք ու երեխաներն են: Եվ մի ձեռքով ճաշը խառնող, մյուս ձեռքով հեռախոսափողը պահած կանանց պատասխաններով փորձ է արվում պատկերացում կազմել, թե, ասենք, ի՞նչ ակտիվությամբ հայ ժողովուրդը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սակայն տնային տնտեսությունը վարող կանանց նման հարցեր ուղղելու փոխարեն` բավական է հիշել, թե տակավին վերջերս որպիսի ակտիվությամբ թաղապետի ընտրություններին մասնակցեցին, ասենք, Աջափնյակ համայնքի բնակիչները: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների 16 տոկոսը: Պնդել, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ չեն, թե սա այն մասշտաբը չէ, ինքնախաբեություն է: Այս 16 տոկոսն այն ճշգրիտ ցուցանիշն է, որը պարզում է մեր ժողովրդի վերաբերմունքն իր ընտրությանը եւ ընտրություններին` առհասարակ: Այս պասիվությունը թերեւս չարժե բացատրել միայն ժողովրդի հուսալքությամբ, մանավանդ, որ հոգեբանները հայ ժողովրդի անտարբերությունը բնութագրող այլ եզր են կիրառում` հարմարվողականություն (կոմֆորմիզմ): Թեեւ հարմարվողականությունն, ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, ունիվերսալ հատկություն է եւ հատուկ է բոլոր ժողովուրդներին, սակայն խնդիրն այն է, թե տվյալ ազգի կոմֆորմիզմը բարոյական զարգացման որ աստիճանի հետ է կապված. «Մեր հասարակության հիմնական մասն ապրում է պայմանական բարոյականության պայմաններում (դու` ինձ, ես` քեզ): Հաճախ ասում են, որ կրթական ու բարոյական մակարդակներն իրար հետ կապ չունեն, որ մարդը կարող է կրթություն չունենալ, սակայն շատ բարոյական լինել (թեեւ նման օրինակներ էլ կան): Սակայն ժամանակակից գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտելիքների առատությունը թելադրում է բարոյականության ավելի բարձր մակարդակ: Մեր հասարակությունն այսօր ապրում է բարոյական այնպիսի մթնոլորտում, որ անգամ առանց կարտոֆիլի կամ տուկի թելի էլ կգնա Գագիկ Ծառուկյանի հետեւից»: Մեր դիտարկմանը, թե ժողովրդին կեղծ արժեքներից, պայմանական բարոյականությունից ետ պահող ուժը` մտավորականությունը, հեղինակազրկված է, որ քաղաքական դաշտում առողջ ուժերը խիստ քիչ են, Կարինե Նալչաջյանը համաձայնեց մասամբ. «Հեղինակություն» բառն արդեն հեղինակազրկված է: Անհարմար ես զգում ինչ-որ մեկի մասին ասել` այս մարդը հեղինակություն է, քանի որ լրիվ այլ բան է հասկացվում: Իսկ իսկապես հեղինակավոր մարդիկ, իրենց երկրի, ազգի հեռանկարների մասին մտածող մարդիկ կան, բայց այդպիսի մարդկանց ձայնը հաճախ ընկալելի չէ: Նրանց խոսքը պարզունակ չէ, նրանք ժարգոնով չեն խոսում, հետեւաբար անհասկանալի են կրթական ցածր ցենզ ունեցող մեր հանրույթի համար: Բարդ, խելացի, հարուստ խոսքը հասկանալի, ընկալելի չէ. մարդկանց բառապաշարը խիստ նեղացել է»: Մամուլում, քաղաքական վերլուծություններում հաճախ հնչող միտքը, թե ընդդիմությունը թույլ է, ընտրությունների ճակատագիրը, միեւնույն է, արդեն վաղօրոք կանխորոշված է, մասնագետի կարծիքով, հանրույթի շրջանում անհեռանկարության ու պասիվության զգացողություն է առաջացնում: Սակայն, ենթադրում ենք, որ վերոնշյալ զգացողությունների պատճառը նաեւ հերթական անգամ չարյաց փոքրագույնին (կարելի է նաեւ ուղղակի հասկանալ) ընտրելու արարողությունն է եւ այն ընկալումը, որ ժողովուրդը կարծես պատրաստ չէ պաշտպանելու իր` գոնե ընտրելու իրավունքը: Պնդումները, թե` եթե կեղծվեն նաեւ այս ընտրությունների արդյունքները, ժողովուրդը դուրս կգա փողոց, ըստ Կարինե Նալչաջյանի, այնքան էլ հիմնավոր չեն. «Ե՞րբ կարելի է մարդկանց փողոց, հրապարակ տանել, երբ կա տարանջատում չար ու բարի ուժերի: Ճիշտ է, չարն ու բարին քաղաքական կատեգորիաներ չեն, սակայն քաղաքական եւ սոցիալական հոգեբանության կատեգորիա են: Մեր քաղաքական դաշտում այդ ուժեղ տարանջատումը` լավի ու վատի, չկա: Ընդդիմադիր եւ իշխանական ճամբարներում մի տեսակ տարրալուծված են: Եվ հիմա ընդդիմության մասին այդ անընդհատ հայտարարությունները, թե ընդդիմություն չկա, ոչինչ չեն անում, ոչնչի հասնել չեն կարող, մարդկանց գիտակցության վրա աշխատելու մի ձեւ է: Իսկ ինչո՞ւ չկա: Իշխանական դաշտում կան արգահատելի դեմքեր, բայց պայծառ դեմքեր էլ կան: Եվ այսօր որքան էլ իմիջմեյքերները լավ աշխատեն, մազերը հարդարեն կամ ճաղատին դիմափոշի քսեն, այդ էլեմենտները մեզ մոտ` Հայաստանում, չեն աշխատում: Հայաստանում, իմ կարծիքով, ժողովրդին ավելի հոգեհարազատ է «Բարգավաճ Հայաստանը»: «Լավի» մասին ժողովրդի պատկերացումներում այդ «լավի» մարմնավորումը Գագիկ Ծառուկյանն է: Օրինակ, օրերս լսում էի Վազգեն Մանուկյանին ու հիանում: Նրա քաղաքական վերլուծությունները բացառիկ ճշգրիտ են: Բայց նաեւ հասկանում եմ, որ նրա տիպի գործչին շատերը չեն ընկալի: Մտքի պայծառությունը մեզ մոտ անհասկանալի է, ու նրա ետեւից չեն գնա»: Մարդկանց այսօր թմբիրից հանելու համար, հոգեբանի կարծիքով, արդարության գործոնը բավարար չէ: Մարդկանց չեն համախմբի ու հրապարակ չեն հանի անգամ սոցիալական խնդիրները: Ներքին քաղաքական պրոցեսները ժողովրդին այսօր, ըստ հոգեբանի, չեն ոգեւորում. «Մեր ժողովրդին կարող է ցնցել, ոտքի հանել դրսից եկող արտաքին վտանգի վախը: Հետեւաբար, այսօր հեռանկարային են այն ուժերը, ում գաղափարախոսության հիմքում հայրենասիրական դրույթներն են: Այսինքն, ովքեր կփորձեն ժողովրդին համախմբել, ասենք, տարածքները չզիջելու, ղարաբաղյան խնդրում մեծ զիջումներ չանելու եւ նման գաղափարների շուրջ: Մեր իշխանություններն ինտուիտիվ զգում են, թե իրենց սպառնացող իրական վտանգը որտեղից է: Վտանգավոր չեն նրանք, ովքեր ասում են` իշխանությունները գողանում են, թալանում են: Սակայն հավաքվեցին ուժեղ հայրենասիրական ուժեր, օրինակ` Ժիրայր Սէֆիլյանը, եւ նրան անմիջապես հասարակությունից մեկուսացրին, քանի որ գիտեն, որ այդտեղից է իրական վտանգը: Մարդիկ շատ լավ զգում են` հայրենասիրական ո՛ր ելույթներն են անկեղծ, եւ այդպիսի մարդկանց ետեւից կգնան»: