Աջափնյակ համայնքի Սեբաստիա հյուրանոցի մերձակայքում գտնվող տրամվայի պարկի հանրակացարանի միջանցքներում հետպատերազմյան վիճակին բնորոշ մռայլություն է տիրում: Անդուռ շքամուտքերից ներխուժող սառը միջանցիկ քամին վերուվար է անում սենյակների դռներից կախված հաստ ծածկոցները, որոնք իբրեւ թե կախվել են սենյակներում ծպտված մարդկանց ցրտից մի քիչ պաշտպանելու համար:
Հանրակացարանի միջանցքներում անփույթ դարսված կարտոնե իրերն ու արկղերը դես ու դեն են շպրտվում միջանցիկ քամուց: Միջանցքներում մարդ չկա: 5-րդ հարկի դռներից մեկի ետեւից անկանոն երաժշտության ձայներ ու երեխաների ճիչեր են լսվում, որոնք մի պահ մոռացնել են տալիս շնչահեղձ անող գարշահոտը: Ձայներից գլխի եմ ընկնում, որ այնուամենայնիվ այստեղ կյանք կա: Ներս եմ մտնում, սենյակի անմարդկային ու սոսկալի պայմաններից զարմանում: Սակայն շփոթվում եմ, բոլորն ինձ ժպտում են ու բարեհամբույր ներս հրավիրում: 41-ամյա տիկին Հասմիկն անմիջապես լիդերությունը ձեռքն է վերցնում ու երեխաներին հրահանգում իսկույնեւեթ հյուրի համար նստելու տեղ ազատել: «Ռուզաննա, գանձս, էդ շորերը հավաքի, որ նստելու տեղ լինի, Թամար ջա՛ն, բալե՛ս, սեղանը մաքրի, տղա՛ս, մի քիչ էն կողմ գնա, թող աղջիկը հարմար տեղավորվի»,- խիստ տոնով ու միեւնույն ժամանակ քնքշությամբ հրամայում է 6 երեխաների մայրը: Սենյակում միացված ջեռուցիչն անգամ ի զորու չէ մեղմել նրանց սենյակի սաստիկ ցուրտը: «Մի քիչ մոտ եկեք պլիտային, մենք բոլորս միշտ ադյալ ենք գցում էս պլիտայի վրա ու նստում ենք մոտը, որ տաքությունն ուղիղ գա ոտքներիս»,- խորհուրդ է տալիս 12-ամյա Նաիրան: Իսկ նրանցից ավագը՝ Թամարան, սենյակից հեռանում է՝ մորը հորդորելով, թե շուտ կգա: «Իմ սապոգներն ու կուրտկան ա հագնում, ամեն ինչի կրիզիս ա: 20 տարեկան երեխա ա՝ շոր չունի, հիմա պիտի սպասեմ, որ ինքը գա՝ ես հագնեմ շորերը, որ դուրս գամ»,- ասում է հագուստի իր հերթափոխին սպասող տիկին Հասմիկը, ով, լինելով Կամոյի մանկատան սան, ինչպես ինքն է ասում՝ երեխաների համար խենթանում է: 23 տարի աշխատել է Պետական արխիվի կինոֆոտո ֆոնդում, իսկ ամուսինը նախկինում աշխատել է Կապի նախարարությունում, ներկայումս էլ՝ «ԱրմենՏելում» է: 22 տարի է, ապրում են տրամվայի եւ տրոլեյբուսի աշխատողների հանրակացարանում: «Ասեցին` թաղապետարանում հերթագրվեք բնակարանի համար: Ասեցին՝ հերթագրվելու համար պիտի 50.000 դրամ մուծես, չստացվեց, չունեինք: Հիմա մի քիչ լավ է, առաջ, որ գայիք՝ գլուխներդ կառնեիք-կփախնեիք: Մամայիս շատ ման եկա ու գտա, շատ ծանր ապրումներ ունեցա, որ ինձ լքել էր, բայց բերեցի էս փոքր խցում 6 տարի էլ իրան պահեցի: Մամայիս չեմ սիրել: Սկզբում դատապարտում էի, որ ոտքն ու ձեռքը տեղը, բայց ինձ մանկատուն էր գցել, բայց հետո իմացա, որ իր եղբայրն աչքի առաջ սովից մահացել էր, ներեցի ու պահեցի: Անասելի դժվարություններ ունեցանք: Եղբորս էլ Խարբերդի մանկատունը վաճառել է, ոտքից հաշմանդամ էր: Փնտրում եմ՝ չեմ գտնում, Գրիգորյան Խորեն, 1967 թվի ծնված»,- պատմում է տիկին Հասմիկը, ով 16 տարի ջրից զրկված է եղել: Ասում է՝ նորածին երեխաներից բոլորն էլ ոտքի կանգնելուն պես լծվել են դույլերով ջուր կրելու գործին: Հիմա սենյակում ջուր ունեն, որը ծառայում է ամբողջ շենքի համար, որովհետեւ տիկին Հասմիկը մեծահոգի է: Շենքում զուգարանն ընդհանուր է. «Գիտե՞ս ինչ դեպրեսիաներ եմ տարել էդ զուգարանի պատճառով, գիտե՞ս ինչ աննկարագրելի դժվարություն է տարրական հիգիենիկ պայմաններ չունենալը: Օրը մեկս զուգարանը մաքրում ենք, ու ինչքան պրոբլեմ է առաջանում՝ մատները տնկում են ինձ վրա, թե՝ 6 երեխա ունես, պարտավոր ես անել: Աղբը կուտակվում է նորից, թե՝ 6 երեխա ունես, պիտի էսքան գումար ավել տաս: Շատ ծանր եմ տանում, անասելի դժվար է: Պատկերացրու` էդ սթրեսներից դեպրեսիա տարա, ծանր պառկեցի»,- վերհիշելով իր ապրումները` զզվանք արտահայտող հայացքով պատմում է բազմազավակ մայրը: 6 երեխաներից 3-ը տղաներ են, իսկ 19-ամյա Վարդանը Վայքում զինվորական ծառայությունն է անցկացնում: «Ճիշտն ասած, մինչեւ բանակ գնալն աշխատում էր, 14 տարեկանից աշխատել է, ստանոկի վրա ձեռքը կտրեց, վարդի պես բացվել էր: Հանեցի գործից: Տղայիս ասացի՝ ինչ ուզում է լինի, պիտի ծառայես: Շատ է եղել, երբ վիրավորվել, կոտրվել եմ, բայց հետո ուժս հավաքել, նորից սկսել եմ ապրել: Աննկարագրելի շատ եմ սիրում երեխա, պայմաններից չեմ վախենում: Մի հարցով դիմում ես՝ ասում են՝ 6-ը չբերեիր: Ախր 3 զինվոր եմ տալիս բանակին: Թողնենք թուրքը շատանա, որ եղած մի բուռ հո՞ղն էլ տանի: Հանրակացարանում մարդիկ կան, որ գժի թուղթ հանեցին ու տղաներին չուղարկեցին, բայց մարդ պիտի մի քիչ էլ հայրենասեր լինի: Տղաներիս ասում եմ՝ պիտի ծառայեք, պիտի պատրաստ լինեք, որովհետեւ մենք ծանր գոտում ենք ապրում: Ժամանակը գա, չպիտի ասեք՝ մամա, զենք բռնել չգիտենք, պետք եղած ժամանակ զենք պիտի վերցնեք ու գնաք սահման: Քարտեզի վրա մի հատ աղջկա դեմք է մնացել, էդ ո՞վ պիտի պաշտպանի մեր հողերը»,- պատմում է տիկին Հասմիկն, ով երեխաներին հայրենասիրական ոգով է դաստիարակում՝ վստահեցնելով, որ իրենք մի օր Վանա լճում կլողանան, Արարատը կտեսնեն: Բազմազավակ մայրը վկայում է, որ հանրակացարանային կյանքը դժոխք է: Մարդիկ չարանում, հիասթափվում ու վիրավորվում են: «Էստեղ առաջ մեծ պատերազմներ, իրար ջարդոցի էր լինում: Երկու կնիկ իրար վրա էին հասնում, հետո՝ տղամարդիկ. չէինք կարողանում իրարից բաժանել: Երեխաների դաստիարակության վրա էլ է շատ ազդում էս մթնոլորտը, բայց ամեն ինչ անում եմ, որ պաշտպանեմ իրենց: Մեկ էլ տեսնում ես, որ երեխադ եղբորը չի հանդուրժում, փոքրը` մեծին, մեծը՝ փոքրին, ու տալիս են իրար»:
«Սովի օրդինատուրան ավարտել եմ»
«Փարոսից» 12.000 դրամ են ստացել, սակայն աղջկա չափահաս դառնալուն պես զրկել են այդ գումարից: «Ինչ է որ` տեսուչի ուզած նալոգը չէինք տվել: Ասացի՝ սխալ եք անում, 6 երեխա եմ մեծացնում: Հիմա, ճիշտ է, Ազգային արխիվում աշխատում եմ, բայց պիտի դուրս գամ, աշխատավարձը տրանսպորտի համար նույնիսկ չի հերիքում: Հետո էլ շատ ծանր ու թունավոր աշխատանք է, 38.000 ֆոնդը, ֆիլմերը կաշա են դարձել, որովհետեւ սրտացավ աշխատող չեն ունեցել: Դոկումենտալ, գեղարվեստական, ֆոտոկինոժուռնալ` լրիվ խառնել են իրար: 6 տեսակի լենտեր են՝ պոզիտիվ, նեգատիվ, լավանդա, էդ ամբողջը քիմիա, թույն է, ամբողջ ընտանիքս էդ գործով զբաղվել է, երեխեքիս տանում էինք, որ կրեն լենտերը: Հիմա էլ ուզում են էդ բոլոր ֆիլմերն իջեցնենք 36 մետրանոց խորությամբ նկուղ»,- պատմում է տիկին Հասմիկը, ում երեխաներից 3-ը դպրոցականներ են եւ, անկախ ծանր պայմաններից, 3-ն էլ երաժշտական դպրոց են հաճախում: «Ամեն ինչ անում ես, որ երեխադ պատշաճ տեսքով դպրոց հաճախի, մեկինը փոքրացնում եմ՝ մյուսին եմ հագցնում, մյուսինը նեղացնում եմ, բայց էլի բոբիկ են մնում: Աստված ողորմած է՝ մի լույս կբացվի: Հացն աղջիկս է թխում, թե չէ խանութի հացերի մեջը դատարկ է, օրը 1000 դրամի էլ առնեմ՝ սոված կմնան: Երեխեքս հասունանում են ու էս դժվարություններից, էս ծանր պայմաններից սթրեսների մեջ են ընկնում: Ռուզանիս ասում եմ՝ Այգեկցու առակները կարդա, շատ բան կհասկանաս կյանքից, ասում եմ՝ գրքեր շատ կարդա, լցվի, որից հետո ես ու դու կխոսենք, կհասկանաս, որ հեշտ բան չկա աշխարհում: Երեխեքս ձմեռ օրով կոշիկ չեն ունենում, ասում եմ՝ ես կգժվեմ, բայց էլի հաղթահարում եմ, ուժ եմ գտնում»,- ասում է ու սրտնեղում, թե Արշակը մաթեմատիկա առարկայի հետ պրոբլեմներ ունի, ուսուցչի հետ բախվել է, լավ չի սովորում: Ամենածանրը տիկին Հասմիկի համար աղջիկ երեխաների հետ խոսելն է, որովհետեւ նրանք հագուստի համար շատ են ամաչում. «Ասում եմ` կարեւորը մարդու վերջն է: Ծանրություն տանող մարդու վերջը միշտ էլ բարի է լինում: Մանկատնից ես լավ գրքեր եմ բերել, ասում եմ` կարդացե՛ք, տեսե՛ք, թե հայ ազգն ինչերի միջով է անցել, ինչ գենոցիդ է եղել: Ես ինքս էլ գերի եմ եղել: Ամուսինս Շամշադինից է, 1991 թվին Մովսես գյուղում էի, թուրքերը բռնեցին-տարան: Էդ տարիներին մեշոկներով դիակներ էինք ունենում: Ես էլ հղի էի, մահս տեսա, 3 գիշեր մեզ տանում էին, ու չգիտեինք` ուր: Թուրքի գյուղում թուրք միլիցեքին տվեցին մեզ, հետո ոնց բախտներս բերեց, որ միլիցեքից մեկը Մովսես գյուղի թոռ էր, իմացավ, մեզ խղճաց ու էլի մեզ տվեցին հայ միլիցեքին: Մեջքս պոկվում էր, բայց ողջ մնացի»,- վերհիշում է տիկին Հասմիկը՝ ավելացնելով, որ այնուհետեւ վերադառնալով մայրաքաղաք` ստիպված է եղել պայքարել սովի դեմ: Ասում է՝ «Միշտ ասում եմ, որ սովի օրդինատուրան ես ավարտել եմ, երեխեքս էլ սովի դեմ պայքարի մեջ կատարելագործված են: Էն մութ տարիներին, երբ հացը չեկով էր, մամաս էլ անկողնային հիվանդ՝ երեխաներիցս թաքուն մամայիս էի կերակրում, մամայից թաքուն էլ՝ երեխաներիս էի տալիս: Էդ ինչ վիճակ էր, որի դոշակը բարձրացնում էի՝ հաց էր պահած: Մենք քչակեր ենք, բայց էդ ինչ սով էր մտել»,- պատմում է տիկին Հասմիկն, ում խոսքերի վրա երեխաները սկսում են քրքջալ: Ամուսինը՝ Բաբկենը, չի դիմացել, սթրեսից տնից հեռացել է: 30 օր ձմռան ցրտին դրսում է անցկացրել, որովհետեւ իրենց նեղությանն ու անկարողությանը չի դիմացել: Շտապօգնությունը հասցրել է հիվանդանոց, որից հետո 3 ամիս ներերակայինով է գոյատեւել. «Հույս չէին տալիս, բայց ոտքի կանգնեցրի, ուժ տվեցի: Որ նեղվում եմ, մոտը ցույց չեմ տալիս, դե՛, տղամարդն արտահայտվող չէ, իսկ կինը կարող է նրան պաշտպանել»,- պատմում է տիկին Հասմիկն ու ցույց տալիս խանութների պարտքերի ցուցակը:
«Երբ հացի խնդիր են դնում՝ սկսում ենք երգել»
Չորս տարի է, ինչ 14-ամյա Ռուզաննան կիթառ նվագել է սովորում, երազում է երգչուհի դառնալ: Ասում է՝ «Բայց մամաս ասում ա, որ ֆինանսական պրոբլեմ ունենք, երազանքս չի կատարվի, չի կարա վճարի, որ ես կլիպ հանեմ, համերգ տամ: Հիմա մտածում եմ, թե ավարտելուց հետո ինչ կարամ աշխատեմ, որ փող ունենամ, երազանքս իրականացնեմ: Ես շորերի գիժ եմ, լավ կհագնվեմ, որ ուրիշներից չտարբերվեմ: Գիտե՞ս, ամենաշատը Արթոյի «Ախ, Արարատ» երգն եմ սիրում»: 11-ամյա Արշակը թեեւ մաթեմատիկա առարկայից պրոբլեմներ ունի, բայց շատ կարգին մարդ է: Ֆլեյտա է նվագում, ու շատ տաղանդավոր է: Քույրերի համար երգի բառեր է գրում. «Ո՞վ կասեր, որ ես գնալու եմ երաժշտական դպրոց, երաժշտությունն ինձ շատ ա օգնում: Մամաս ինձ ֆլեյտայի դասարանում ընդունեց, նվագեցի, նվագեցի, ու էս տարի դպրոցի միակ սոլիստը ես եմ: Նվագում եմ Գայանե բալետից «Վարդագույն աղջիկների պարը»,- պատմում է շշմելու չափ կիրթ փոքրիկ տղան: Աչքերը փայլեցնելով ասում է, որ նաեւ բանաստեղծություններ է գրում, իսկ երբ խնդրում եմ, որ գրածն ինձ ցույց տա՝ հրաժարվում է, ասելով, որ մայրիկի մասին բանաստեղծությունը պետք է արտասանել, ոչ թե թղթի վրա ցույց տալ. «Անհուն սերս քեզ հայտնելու այլ եղանակ չգտա, ուզեցի թղթին հանձնել, որ աշխարհը իմանա, թո՛ղ իմանան ծլող-ծաղկող ծաղիկները աշխարհի, թող իմանան թռչող-ճախրող ծիտիկները երկնքի, ժամը կգա ու կիմանաս, թե որքան եմ քեզ սիրում»: Նաիրան միջամտում է, թե՝ «Ես շատ ուրախ եմ, որ էս պայմաններում եմ ապրում, բայց իմ ծնողների հետ եմ: Կան մարդիկ, որ էս պայմաններից իրանց մամաները երեխեքին տանում են որբանոց: Ուրախ եմ, որ էս պայմաններում եմ ծնվել, ու իմ ծնողները հենց իմ ծնողներն են»: Այս խոսքերից հետո նա մոտենում է դաշնամուրին, որպեսզի մորը երգ նվիրի: «Ես ռոք երգեր շատ եմ սիրում, եղբայրս ինձ համար երգ է գրում, բայց կիսատ է մնացել»:
Տիկին Հասմիկը մի անկյուն քաշված՝ հիանում է երեխաներով ու ասում. «Գանձերս են, շտեմարաններս են իմ երեխաները: Երգն ու երաժշտությունը մեզ թոթափում է հոգսերից: Ինձ ու Բաբկենի առաջ երբ հացի խնդիր են դնում՝ սկսում ենք մի բան երգել, իրանք էլ մտնում են երգի մեջ, ընտանիքով նվագում, երգում, պարում ենք: Իմ ու Բաբկենի սիրած երգը «Սիրուն լուսին»-ն է. երգում ենք ու մոռանում սովածության մասին»: