Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բավականին ակտիվ նախընտրական շրջան է սկսվել: Իսկ ինչպե՞ս են Հայաստանի նախընտրական վիճակը գնահատում Ղարաբաղի քաղաքական ուժերը, եւ ի՞նչ ազդեցություն կունենան այդ զարգացումները ԼՂՀ վրա: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նախընտրական շրջանը նորմալ է համարում եւ ասում, որ հայաստանյան բոլոր ընտրություններին հատուկ նախընտրական շրջան է. «Ընդհանուր առմամբ, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն թողնելու ԼՂՀ վրա: Նախընտրական շրջանն, իմ կարծիքով, բնականոն հունով է ընթանում` արտառոց ոչինչ չեմ տեսնում: Ավելին` դրանք կանխատեսվում էին: Ինձ թվում է, որ ընտրությունները շատ հարթ են անցնելու, ինչը չի կարելի ասել նախագահական ընտրությունների մասին: Ի տարբերություն խորհրդարանականի, նախագահական ընտրություններում, հնարավոր է, անկանխատեսելի երեւույթներ լինեն: Խորհրդարանական ընտրությունների ընթացքում որոշ կաշառքներ, փոքր կոնֆլիկտներ, հայհոյանքներ չեն բացառվում, բայց չկանխատեսվող երեւույթներ չեն արձանագրվելու»:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը գտնում է, որ ՀՀ-ում ներկայումս քաղաքական բուռն ակտիվություն է տիրում եւ, ինչպես ամեն մի նախընտրական շրջանում, միշտ չէ, որ այդ հայտարարությունները եւ ասեկոսեներն իրական հիմք են ունենում: «Ղարաբաղին ձեռնտու է, որ Հայաստանը լինի քաղաքականապես կայուն պետություն»,- մեր զրույցի ժամանակ նշեց Ա. Մոսիյանը: ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանի կարծիքով` ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, եւ «գնահատական տալու անհրաժեշտություն չկա»: «Իմ ընկալմամբ՝ ցանկացած երկիր ունի արտաքին քաղաքական առաջնահերթություններ, որոնք սրբագրումների չեն ենթարկվում անգամ իշխող վարչակարգի փոփոխությունից հետո, եւ Հայաստանը չպետք է բացառություն լինի։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե որքանո՞վ է կոնցեպտուալ առումով հիմնավորված եւ հանրայնորեն պահանջված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում։
ԱԺ ընտրություններն, իհարկե, այս հարցի պատասխանը չեն տա, բայց խիստ անձնական զգացողություն ունեմ, որ Ազգային ժողովում տեղ կունենա աջ-ազատական մի փոքրաթիվ ընդդիմություն, որպեսզի ավելի կարեւորվեն բանակցային գործընթացում ՀՀ այսօրվա պաշտոնական կեցվածքի հիմնավորվածությունն ու հանրայնորեն պահանջվածությունը»,-ասաց Վ. Աթանեսյանը։