Ոռոգման համակարգը լուրջ խոչընդոտ է

21/01/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անցյալ տարվա համեմատ այս տարի ԼՂՀ հողատարածքների վրա մոտ 80 տոկոսով է ցանքս կատարվել: Դա պայմանավորված է հատկապես վերջին 2-3 տարիների ցածր բերքատվությամբ (տարեցտարի 1-1.5 ց-ով նվազում է բերքատվությունը), եղանակային պայմաններով եւ ոռոգման պայմանների բացակայությամբ:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, հիմնականում վարձակալությամբ վերցված հողատարածքների վրա է ցանքսը նվազում, իսկ սեփականատերերը ցանքսերը կատարում են կառավարության կողմից տրամադրված սերմի եւ դիզելային վառելիքի վարկի շնորհիվ:

Նախարարության տվյալներով, նախորդ տարի մոտ 54 հազար հա ցանքս է կատարվել, իսկ այս տարի` 47 հազար հա: Հայտնի է նաեւ, որ նախկինում 18 հազար հա խաղողայգիների փոխարեն հիմա մոտ 1500 հա խաղողայգի կա:

Իսկ ի՞նչ է արվում ոռոգման համակարգի ստեղծման ուղղությամբ եւ ի՞նչ է արվել մինչեւ հիմա: Այս մասին էլ զրուցեցինք ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նրա խոսքերով, ոռոգման համակարգի ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է 1999-ին, ըստ որի, նախատեսված է 23 ջրատնտեսական օբյեկտների կառուցում (ջրամբարներ, ջրագծեր): «Դա հայեցակարգն էր, ինչի իրագործմանը ձեռնամուխ եղանք 2005-ին: 2005-ին սկսեցինք նախագծերի մշակման գործընթացը, ինչպես նաեւ մինչ այդ գոյություն ունեցող ջրատնտեսական համակարգերի վերանորոգման, կապիտալ, ընթացքի պահպանման աշխատանքների իրականացումը: Այդ նախագծերի կազմումը հիմնականում իրականացվում է ՀՀ «Հայջրնախագիծ» ինստիտուտի միջոցով»,- նշել է նախարարը:

2006-ին արդեն կազմված նախագծերի վրա սկսվել է նաեւ դրանց իրագործման ծրագիրը. առաջին հերթին սկսվեց Թրղե գետի հոսքի տեղափոխումը` Սարսանգի ջրամբար: Նախարարի խոսքերով, առաջնահերթությունը տրվել է նրա համար, որ այդ ջրագծի վրա միաժամանակ կառուցվում է 3 հիդրոէլեկտրակայան, որոնց արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր հզորությունը ավելի քան 50մլն կվ/ժ է տարեկան, որը Ղարաբաղում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 50 տոկոսն է: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, արժե 3մլրդ 700 մլն դրամ, որից 1մլրդ 270 մլն դրամի աշխատանք է արդեն իրականացվել. կառուցվել է ջրառը եւ իրականացվել է ջրառից մինչեւ առաջին ՀԷԿ-ի կետի 1200մմ տրամագծով խողովակի տեղադրումը: «Այս տարի իրականացվելու է առաջին ՀԷԿ-ից մինչեւ երկրորդ ՀԷԿ-ի` 1000մմ տրամագծով խողովակի տեղադրումը եւ աջաթեւյան ջրանցքի կառուցումը: Այսօր Թրղեից ոռոգման նպատակներով ջուր չի օգտագործվում: Իսկ եռամյա ծրագրի ավարտից հետո 1600 հա հողատարածք է ոռոգվելու, որը կընդգրկի մոտակա 6 գյուղի հողատարածքները: Օբյեկտի շինարարությունը կշարունակվի նաեւ այս տարի»,- այս մասին տեղեկացրել է Վ.Բաղդասարյանը:

Նախարարի խոսքերով, Ղարաբաղի տարածքում կան բավականին ջրային ռեսուրսներ, սակայն ամբարելու իմաստով կառավարվում է նրա չնչին մասը` մինչեւ 5 տոկոսը, քանի որ մեր տարածքում գործող հիմնական ջրատնտեսական օբյեկտները ջրագծերն են, որոնք ջրառն իրականացնում են անմիջապես գետից, իսկ եղանակային պայմանները լուրջ ազդեցություն ունեն գետերի ջրի սակավության վրա: Օրինակ, Կարկառ գետից սնուցվող ջրանցքի տակ ավելի քան 3000 հա մշակովի հողատարածք կա, բայց ոռոգման սեզոնին լուրջ խնդիրներ են ծագում հենց այն պատճառով, որ ամառվա ամիսներին գետում ջուր չի լինում:

Նախարարը նաեւ փաստեց, որ առաջնահերթություններից մեկը տվել էին նաեւ Ասկերանի ջրամբարին, որի կառուցումը, Կարկառ գետի ջրի ամբարումը եւ ոռոգման սեզոնում դրա օգտագործումը հնարավորություն կտա ջուրը հասցնել մինչեւ Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղի տարածք: Կառուցման արդյունքում կոռոգվի ավելի քան 5000 հա հողատարածք:

Ներկայումս հանրապետության տարածքում կա 3000 հա պայմանական ոռոգովի հողատարածք, իսկ ոռոգման համակարգի ընդհանուր ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի ոռոգել շուրջ 26 հազար հա հողատարածք:

Նոր օբյեկտներ 2007 թվին չեն կառուցվելու, այլ շարունակվելու է սկսված օբյեկտների շինարարությունը, ինչպես նաեւ նոր նախագծերի մշակումը: