Չունեցողից ի՞նչ ուզեն

21/01/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ու եթե սովորաբար իշխանությունների ցածր վարկանիշին ընտրությունների ժամանակ օգնության են հասնում վարչական ռեսուրսներն ու թվանկարչության ոլորտի մասնագետները, ինչի արդյունքում էլ ընտրություններում միշտ հաղթում են իշխանությունները, ապա ընդդիմությանն առաջին հայացքից օգնող չկա. առաջին հայացքից, որովհետեւ վերջերս ընդդիմությանն առաջիկա ընտրություններում աջակցելու նախաձեռնությամբ հանդես եկավ… իշխանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իշխանական ուժերը պետք է մտածեն ընդդիմության համար խորհրդարանում տեղ ապահովելու մասին, թե չէ առանց ընդդիմության խորհրդարանն ո՞ւմ է պետք: Վերջիվերջո, Եվրախորհրդի անդամ երկիր ենք, գոնե ձեւի համար մի երկու ընդդիմադիր պատգամավոր խորհրդարանում պետք է ունենանք, չէ՞: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է իշխանությունն օգնելու ընդդիմությանը, որպեսզի վերջինիս ներկայացուցիչները հայտնվեն նաեւ ապագա խորհրդարանի կազմում: Այս հարցի պատասխանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողներն ակնկալում էին ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից: Պարզվեց, որ Գ. Սահակյանի վերոնշյալ հայտարարությունը պետք է հումորով ընդունել: «Կարծում եմ, որ դուք պետք է ծանոթ լինեք Գալուստ Սահակյանի հումորին, եւ նա թերեւս պարզապես հումորով է ասել այդ մասին»,- հայտարարեց Գ. Մելիքյանը: Վերջինիս խոսքերով՝ իշխանության օգնությունը կլինի ազատ եւ արդար ընտրություն ապահովելը, բայց, ինչպես իշխանության ուժի յուրաքանչյուր ներկայացուցիչ, Գ. Մելիքյանը նաեւ ասել է, թե ընտրությունների ազատության ու արդարության համար պատասխանատու են բոլորը՝ ներառյալ ընդդիմությունը: ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, ով եւս երեկ նույն ակումբի հյուրն էր, համաձայն էր Գ. Մելիքյանի վերոնշյալ պարզաբանման հետ, այն իմաստով, որ, իրոք, «պետք չէ լուրջ ընդունել Գ. Սահակյանի ասածները»:

Երեկ Գ. Մելիքյանը ստիպված եղավ անդրադառնալ նաեւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի՝ նախօրեին արված այն հայտարարությանը, թե ՄԱԿ-ը պատրաստ է իր մեծամասնությունից իշխանության բաժին տալ ՀՀԿ-ին, «Բարգավաճ Հայաստանին» եւ ՀՅԴ-ին: «Տուր մարդկանց այնքան, ինչքան իրենք են ուզում»,- ասել էր Գ. Արսենյանը: Ի՞նչ եւ ինչքա՞ն է ուզելու ՀՀԿ-ն ՄԱԿ-ից: Այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը երեկ հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք չունեցողից ոչինչ չենք ուզում»: Ինչեւէ, երկու բանախոսներն էլ հայտարարեցին, թե իրենց կուսակցություններն առաջիկա ընտրություններին մասնակցելու են առանց դաշինքների, թեեւ Հ. Մարգարյանը չբացառեց, որ մինչեւ ընտրություններ կարող է եւ իրենց այդ որոշումը փոխվի: ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, թե իրենց կուսակցության անդամների թիվն արդեն գերազանցում է 50 հազարը, իսկ ՕԵԿ ներկայացուցիչն էլ պնդում էր, թե երբ մայիսին ՕԵԿ-ից մի 10-15 հոգի դուրս եկան, դրանից հետո ՕԵԿ-ի շարքերը համալրվեցին եւս մի 50 հազարով ու դարձան 85 հազար: Ինչպես եւ սպասվում էր, ՕԵԿ ներկայացուցիչն անխնա քննադատում էր կառավարությանն ու այդ կառավարության իրականացրած սեփականաշնորհումը, ինչին ի պատասխան` Գ. Մելիքյանը ներկաներին առաջարկեց ստուգել ու համոզվել, որ 2001-2004 թվականներին այդ սեփականաշնորհման բոլոր հաշվետվություններին ԱԺ ՕԵԿ խմբակցությունը «կողմ» է քվեարկել: Հ. Մարգարյանը նաեւ պնդում էր, թե վերջին ինն ամիսներին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը զրկված է հեռուստաեթերից: Սակայն պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ինն ամիս առաջ նա դեռ ԱԺ նախագահ էր ու այդ ժամանակ հաստատ եթերի հետ պրոբլեմներ չուներ: Լրագրողները նկատեցին, որ թեեւ ՕԵԿ-ն անընդհատ հայտարարում է, թե հրապարակային քաղաքական ուժ է, սակայն դրա ղեկավարն այնքան էլ հրապարակային գործունեությամբ չի զբաղվում, համենայնդեպս, միայն լսում ենք, որ այցելեց այս կամ այն երկիր: Թե ինչո՞ւ այցելեց, ի՞նչ է փնտրում դրսում…: Այս հարցերի պատասխաններն այդքան հրապարակային գործունեությամբ զբաղվող ՕԵԿ-ը դեռ չի տվել: Երբ ԱԼՄ-ի ներկայացուցիչը հիշեցրեց, որ վերջերս Տիգրան Կարապետյանն Ա. Բաղդասարյանին հրավիրել է մեկժամյա ուղիղ եթերի, իսկ նա չի գնացել, ՕԵԿ ներկայացուցիչ Հ. Մարգարյանը նշեց, թե պարզապես այդ օրը հարմար չէր Ա. Բաղդասարյանին, եւ Տ. Կարապետյանն էլ այդ մասին տեղեկացվել է: Իսկ երբ «Հայելի» ակումբը պատրաստակամություն հայտնեց ցանկացած օր, Արթուր Բաղդասարյանի մատնանշած ցանկացած անձնավորության հետ Ա. Բաղդասարյանին հրավիրել «Հայելի» ակումբ բանավեճի, Հ. Մարգարյանն ասաց, թե առաջարկը կփոխանցի Ա. Բաղդասարյանին, ու եթե վերջինս էլ իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկում ազատ ժամանակ գտնի, անպայման հրավերին դրական կարձագանքի: