Կիպրահայ Բենոն Սեւանին, ով գլխավորել է ՄԱԿ-ի «Նավթ` պարենի դիմաց» ծրագիրն Իրաքում, կաշառակերության մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ում: Ամերիկացի դատախազները պնդում են, որ 69-ամյա Սեւանը, որն այժմ բնակվում է իր ծննդավայր Կիպրոսում, 160 հազար դոլար կաշառք է վերցրել 64-միլիարդանոց ծրագիրն իրականացնելիս: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, մեղադրանք է ներկայացվել նաեւ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի փեսա Էֆրաիմ Նադլերին: Դատախազները պնդում են, որ նա Իրաքի կառավարության անունից 160 հազար դոլար կաշառքը փոխանցել է Սեւանին: «Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ երկու կասկածյալներին ձերբակալելու թույլտվություն է տրվել եւ այժմ նրանք փնտրվում են Ինտերպոլի կողմից: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սեւանին սպառնում է 50 տարվա, իսկ Նադլերին՝ 112 տարվա ազատազրկում: