Հետազոտական «Jane’s» կենտրոնը երեկ հրապարակել է մի կանխատեսում, համաձայն որի` 2007 թվականին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումն, ամենայն հավանականությամբ, կխորանա: «Այս տարի, հավանաբար, լուրջ փոփոխություն կկատարվի Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մեջ, քանի որ Ադրբեջանի էներգետիկ պաշարները եւ Վրաստանի շարունակվող ձգտումը դեպի Արեւմուտք նրանց ավելի ու ավելի անկախ են դարձնում Մոսկվայից: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն հավանականությամբ, կխորանա: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի անջատողական հակամարտությունների վրա՝ լարվածությունը կշարունակվի, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում` կսաստկանա տարվա ընթացքում»,- կանխատեսում են հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, վերլուծականում նաեւ ասված է, որ «Ադրբեջանի աճող անհրաժեշտությունը Եվրոպայի համար՝ որպես Բաքու-Ջեյհան նավթատարով եւ Բաքու-Էրզրում գազատարով էներգիայի մատակարար եւ անվտանգության հարցերում, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցելու Բաքվի մեծացող ցանկությունը կարող են 2007 թվականին հանգեցնել ավելի մեծ միջազգային ներգրավվածության ԼՂ հարցում, ինչը կարող է վճռորոշ լինել տարվա ընթացքում լարվածությունը զսպելու համար»: «Բոլոր դեպքերում, եթե Արեւմուտքի ուշադրությունն առավելություն ստեղծի Ադրբեջանի համար, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ի պատասխան կսերտացնի կապերը Ռուսաստանի հետ: Արդյունքում` երկու կողմերն ավելի խոր կխրամատավորվեն երկու ընդդիմադիր ճամբարներում՝ առանձին եւ մրցակցող միջազգային աջակիցներով»,- գտնում են հետազոտական կենտրոնի փորձագետները: «Այս ամենը տարածաշրջանը կկանգնեցնի վճռորոշ երկընտրանքի առջեւ, երբ զարգացման եւ կարգավորման մեծ ներուժին կդիմակայի մեծագույն վտանգը եւ հնարավոր բախումը: Բոլոր դեպքերում, ամենայն հավանականությամբ, դրսի ուժին է պատկանելու վճռորոշ խոսքը՝ ո՞ր ուղղությամբ է շարժվելու Հարավային Կովկասը 2007 թվականին: Տարածաշրջանը բախտի քմահաճույքին թողնելը դժվար թե համապատասխանի որեւէ մեկի շահերին»,- եզրակացրել են «Jane’s»-ի մասնագետները: