Ոչ թե դաշինք, այլ միաձուլում

21/01/2007

Օրերս «Դաշինք» կուսակցության հետ գործնականում սերտ համագործակցող ՍԻՄ կուսակցության պաշտոնաթերթը մի ուշագրավ տեղեկություն էր հրապարակել:

Թերթի տեղեկությունների համաձայն` «մի շարք կուսակցություններ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ, ըստ որի` իրենք չեն մասնակցելու ընտրություններին եւ կոչ են անելու կուսակիցներին` իրենց ձայնը տալ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությանը»: Հետաքրքիր է, որ այդ վարկածն անմիջապես նույն հոդվածում հաստատեց նաեւ «Դաշինք»-ի քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը, որը, պարզվում է, հնարավոր է համարում, «որ այն կուսակցությունները, որոնք ընդունում են իրենց կուսակցության ծրագրային մոտեցումները եւ քաղաքական համակարգի բարեփոխման մոդելը»` միավորվեն նրանց հետ: Ընդ որում, հերթական անգամ առանձնակի շեշտվում է, որ խոսքը բնավ էլ դաշինքային հարաբերությունների մասին չէ, այլ` փաստացի միաձուլման: Նկատի ունենալով տեղեկատվություն տարածող, հարցադրում անողի եւ լուրն ըստ էությամբ հաստատողի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, դժվար չէ գալ եզրակացության, որ տվյալ դեպքում ակնհայտորեն գործ ունենք միտումնավոր տեղեկատվական արտահոսքի հետ, որի հեղինակները շատ կոնկրետ քաղաքական խնդիր էին լուծում: Այլեւս գաղտնիք չէ, որ վերջին տարվա ընթացքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք»-ը որդեգրելով հիմնականում ոչ հրապարակային` «ստվերում» գործելու մարտավարությունը, ձգտում էր իր շուրջ կամ իր վերահսկողության տակ գործող տարաբնույթ քաղաքական ֆորմատների ձեւավորմանը: Թե որքանով են այդ բավական հավակնոտ ծրագրերը կյանքի կոչվել՝ ինչպես ասում են՝ «ճաշակի հարց է», բայց նաեւ փաստ է այն, որ Սամվել Բաբայանի «ձեռքին» մեծ «ախորժակով» նայող «գաճաճ» կուսակցությունների առաջնորդներից ոմանք դեռեւս անորոշ կարգավիճակում են` առայժմ որեւէ ցուցակի անցողիկ տեղում «տեղավորված» չեն: Օրինակ, երկար ժամանակ համարվում էր, որ գրեթե որոշված է ՕԵԿ-ի եւ ՍԻՄ-ի մեկ նախընտրական դաշինքով հանդես գալու հարցը, սակայն դեռեւս անցյալ տարվա աշնանը նրանց «ճամբարներից» սկսեցին տեղեկություններ հասնել, որ այս հնարավոր դաշինքն էլ կարող է չկայանալ, քանի որ դրան ընդդիմանում էր հենց ՕԵԿ-ի, այսպես կոչված, «հին էլիտան»: Այս պարագայում գուցե անսպասելի, բայց հետաքրքրական է այն լուծումը, որ գտնվեց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի համար: Ըստ լուրերի՝ նա «սառեցնելու է» իր հարազատ կուսակցության անդամությունը եւ «տեղավորվելու է» «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում: Բայց էլ ավելի հետաքրքրական է, որ այս լուրի հրապարակումից ընդամենը երկու-երեք օր հետո կազմակերպվեց մեր կողմից արդեն հիշատակված լրատվական արտահոսքը եւ «Դաշինք» կուսակցության ղեկավարներից մեկի կողմից այդ լուրի ճշմարիտ լինելու փաստացի հաստատումը: Դրանով իսկ, փաստորեն, ակնարկվում է, որ Վազգեն Մանուկյանը միակ «սառեցված» կուսակցականը չի լինելու, ու կլինեն նաեւ այլ կուսակցությունների առաջնորդներ, որոնք այս կամ այն կերպ նույնպես «անհատական» ծրագրով ներգրավված կլինեն Սամվել Բաբայանի կողմից վերահսկվող կուսակցությունների համամասնական ցուցակներում: Այս պայմաններում ի՞նչ է մնում իրենց առաջնորդներին ուրիշի համամասնական ցուցակ գործուղած կուսակցություններին, եթե ոչ` ինչպես ասվում է, «թուլանալ եւ հաճույք ստանալ». տվյալ դեպքում նրանց մնում է միայն հայտարարել, որ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց կոչ են անում ընտրողներին ձայն տալ «Դաշինք» կուսակցությանը: Դատելով վերջին օրերի մամուլում եղած տեղեկություններից՝ գործընթացն արդեն սկսված է: Եվ չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանի եւ ԱԺՄ-ի «հույժ պրագմատիկ» քայլը կկրկնեն նաեւ Արամ Գ. Սարգսյանը եւ ՀԴԿ-ն, Հայկ Բաբուխանյանը եւ ՍԻՄ-ը, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն` իր «Ժառանգություն» կուսակցությունով: Թեպետ չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես անհատ քաղաքական գործիչ կարող է ընդգրկվել նաեւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակում:

Ա. Գ.