Ասում է՝ ասել են՝ աղետ է

21/01/2007

Ադրբեջանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության առաջին քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ի գնահատող առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում հրդեհները գնահատել է «բնապահպանական աղետ»: Ըստ Խ. Իբրահիմի, «փաստաթղթում ճանաչվում է Ադրբեջանի հրդեհված տարածքներում կենսաբազմազանությանը, էկոհամակարգին, հողին հասցված վնասը, այն, որ հրդեհների հետեւանքով ստեղծվել են բնակչության նորմալ կենսագործունեությանը չհամապատասխանող պայմաններ»: Նշելով, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ անցյալ տարի ընդունած բանաձեւում անհրաժեշտ է համարվում հրդեհված տարածքներում բնապահպանական գործողությունների իրականացումը՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, Իբրահիմը հայտարարել է. «Հաշվի առնելով, որ այդ տարածքն օկուպացված է հայկական զինված ուժերի կողմից, անհրաժեշտ է, որպեսզի հայկական կազմավորումները հեռանան հրդեհված տարածքներից՝ անվտանգ բնապահպանական գործողության անցկացման համար պայմաններ ստեղծելու նպատակով»: