Ադրբեջանական «Trend» գործակալությունը տարածել է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որում ասվում է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի իրականացումը «տարածաշրջանում անշեղ զարգացման, կայունության եւ բարեկեցության հող կստեղծի»: Հայտարարությունում նաեւ նշված է, թե նոր երկաթուղին կծառայի տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի զարգացմանը՝ ուղղված եվրասիական տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում անշեղ զարգացմանը եւ անվտանգությանը, տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում համագործակցության ընդլայնմանը: «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հերթական հաջող քայլը հանդիսացող տվյալ նախագծի իրականացումը կնպաստի Ադրբեջանի տարածքով Վրաստանի եւ Թուրքիայի ապրանքների տարանցման աճին, Կասպիական տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ ուղղակի տրանսպորտային կապերի ստեղծմանը, Եվրամիության «Նոր հարեւանության» քաղաքականության շրջանակներում համագործակցության զարգացմանը, տարածաշրջանի պետությունների անկախության եւ ինքնիշխանության ամրապնդմանը, Ադրբեջանի եւ տարածաշրջանի երկրների արտաքին տնտեսական կապերի արդյունավետության բարձրացմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: