Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի այն հայտարարությունը, թե դեսպանությունն ակտիվորեն աշխատելու է տարբեր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով նպաստել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կայացմանը, կարգին բարկացրել է «Սյունյաց աշխարհ» հասարակական կազմակերպությանը: Վերջինս հայտարարել է, թե որեւէ երկիր կամ դեսպանատուն իրավունք չունի միջամտել Հայաստանի անկախ Հանրապետության ներքին գործերին:
Իսկապես, այդ սրիկա ամերիկացիներն արդեն համը հանում են: Առանց անհարմար զգալու հայտարարում են, թե նպաստելու են, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին: Այսինքն` ամեն ինչ անելու են, որպեսզի կուսակցությունները քարոզչության հավասար հնարավորություններ ունենան, որպեսզի ընտրողները գնան տեղամասերը եւ մեկական քվեաթերթիկ գցեն քվեատուփերի մեջ, որպեսզի հանձնաժողովները տվյալներն ամփոփելիս ոչ թե վերեւից պատվիրված թվեր նկարեն, այլ հաշվի առնեն ընտրությունների իրական պատկերը, եւ այլն: Խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Այդ սրիկաները տեղյակ չեն, որ երբ մենք թատրոն ունեինք, Ամերիկան դեռ չէր հայտնագործվել, իսկ անգլոսաքսերը ծառից ծառ էին ցատկոտում: Եվ հետո` ախր ձեր ի՞նչ գործն է, թե ինչպիսի ընտրություններով է խորհրդարան ձեւավորելու «հյուսիսային ժողովուրդների մեջ վեհագույնը»: Մեր երկիրն է, կուզենք` ընտրակաշառք կբաժանենք, կուզենք` նախկինում բաժանված ընտրակաշառքը ետ կխլենք: Մանավանդ, որ «Սյունյաց աշխարհն» արձանագրում է` «Հայաստանում ընտրական գործընթացները տարեցտարի ակնհայտ առաջընթաց են ապրում»: Իհարկե ապրում են: Դա հատկապես ցայտուն երեւաց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Նույնիսկ զոհեր չեղան, եղած-չեղածն էլ մի կես միլիոն ձայն էր կեղծվել:
Այստեղ, իհարկե, մի նրբություն կա: Բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում էին Եվրախորհրդի պահանջով, ու Վենետիկի հանձնաժողովն էլ մանրամասն ցուցումներ էր տալիս, թե Հայաստանի անկախ Հանրապետության Սահմանադրության հատկապես որ հոդվածը պետք է փոխել: Եվ պատկերացրեք` ոչ «Սյունյաց աշխարհը», ոչ էլ որեւէ այլ հասարակական կազմակերպություն Եվրախորհրդին չմեղադրեց Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար: Ավելին. երբ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը փառաբանում էր սահմանադրական փոփոխությունները կամ ընդդիմությանը գնահատականներ տալիս, ազգային-հայրենասիրական ուժերի կողմից ձայն-ծպտուն չկար: Որեւէ մեկը նրան չէր ասում` «ախր քո ի՞նչ գործն է, դու ավելի լավ է քո գործով զբաղվես եւ մեր ներքին խնդիրներին չմիջամտես»:
Ամերիկացիներն իսկապես մեր ներքին գործերին միջամտելու իրավունք չունեն: Եվ ընդհանրապես` որեւէ երկիր այդպիսի իրավունք չունի: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ որեւէ մեկն այդ մասին բարձրաձայն չէր խոսում այն ժամանակ, երբ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն էր հաստատվում, եւ Հայաստանն էլ պարտավորվում էր ժողովրդավարության ասպարեզում առաջընթաց արձանագրել, բարեփոխումներ իրականացնել, եւ այլն: Բա ինչո՞ւ նման պայմաններ առաջադրելը չգնահատվեց որպես Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ: Որովհետեւ կանխի՞կ են վճարում: Բայց եթե կանխիկ գումարի դիմաց պարտավորվել ենք նորմալ ընտրություններ անցկացնել, ուրեմն պիտի թույլ տանք նաեւ, որ վճարողները ստուգեն` կատարո՞ւմ ենք մեր պարտավորությունները, թե՞ ոչ: Այլապես սիրուն բան չի ստացվում: Ամերիկացիներից փող ենք վերցնում «ժողովրդավարության ամրապնդման» համար, հետո բողոքում ենք, թե ձեր ի՞նչ գործն է` ժողովրդավա՞ր կլինենք, թե՞ ոչ:
Եվս մի հանգամանք: Գուցե հիշողությունս ինձ դավաճանում է, բայց անկեղծ ասած` չեմ հիշում, թե «Սյունյաց աշխարհը» կամ որեւէ այլ հասարակական կազմակերպություն բողոքած լինի այն առթիվ, որ Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը Ռուսաստանն է որոշում: Մինչդեռ դա կարեւորագույն ռազմավարական խնդիր է: Ընդ որում, Ռուսաստանի միջամտությունը հասել է այնտեղ, որ Հայաստանը հրաժարվում է արդեն իսկ պատրաստ գազամուղով գազ ներմուծել Իրանից, ինչը տնտեսապես շատ ավելի ձեռնտու կլիներ:
Իսկ հիմա խնդրին նայենք այլ տեսանկյունից: Ենթադրենք` իշխանությունները մտադիր են օգտագործել իրենց բոլոր լծակները եւ մայիսին իսկապես փայլուն ընտրություններ անցկացնել: Եվ պատկերացրեք` այդ իրավիճակում ամերիկյան դեսպանատունը հայտարարում է, թե օժանդակելու է ազատ-արդար-թափանցիկ ընտրությունների կայացմանը: Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում որեւէ մեկն ամերիկացիներից չէր դժգոհի. միայն շնորհակալություն կհայտնեին:
Եզրակացությունը միակն է. ընտրությունների ժամանակ օտարերկրացիների հնարավոր ակտիվությունից կարող են դժգոհել միայն նրանք, ովքեր ի սկզբանե վստահ են, որ ընտրություններն անցկացվելու են խայտառակ կեղծիքներով: Եվ անկեղծորեն մտահոգված են, որ օտարերկրացիների արձագանքները կվնասեն Հայաստանի միջազգային հեղինակությանը: Մտահոգությունն, իհարկե, տեղին է, բայց դրա համար պետք է պայքարել ոչ թե օտարերկրացիների ակտիվության դեմ, այլ հանուն նորմալ ընտրությունների կայացման:
Իսկ այդ հարցում միջազգային կառույցների եւ Հայաստանի Հանրապետության շահերը համընկնում են: