ՀՀ ԿԲ-ի ու Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովը 2006թ. արդյունքներով ներքին պարտքի լավագույն գործակալ է ճանաչել «Հայէկոնոմբանկը» (ՀԷԲ): Բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի խոսքերով, հանձնաժողովը հիմք է ընդունում տարվա ընթացքում գործակալների կողմից պարտատոմսերի առաջնային եւ երկրորդային շուկաներում իրականացրած գործարքների ծավալները:
2006թ. ՀԷԲ-ի գործարքների ծավալն առաջնային շուկայում եղել է 11 մլրդ 117 մլն 459 հազար դրամ (ԿԲ թողարկած արժեթղթերի հետ միասին), իսկ երկրորդային շուկայում` 20 մլրդ 92 մլն 379 հազար դրամ: Ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական պարտատոմսերի վաճառքի աճուրդին պարտավոր են մասնակցել բոլոր գործակալները` առեւտրային բանկերը` թողարկվող ծավալի առնվազն 1%-ի չափով: Դա գործակալների պարտականությունն է: Իսկ երբ կառավարությունը ցանկանում է ետ գնել իր պարտատոմսերն, ապա այդ գործընթացին կարող են մասնակցել միայն գործակալները: Դա էլ վերջիններիս հիմնական առավելությունն է:
Դեռ մի քանի տարի առաջ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շատ բարձր էր, նույնիսկ տարեկան 60%-ի էր հասնում, այն դեպքում, երբ այսօր մոտ 7% է: «Այդ տարիներին շրջանառության մեջ փողն այդքան շատ չէր: Բացի այդ, առաջարկն ու պահանջարկն են թելադրում պարտատոմսերի տոկոսադրույքները: Եթե այսօր բանկերը պարտատոմսեր գնելու համար համապատասխան միջոցներ չունենան, ապա տոկոսադրույքը կբարձրանա: Այսօր տոկոսադրույքը որոշվում է փակ աճուրդի միջոցով: Բանկերը աճուրդին ներկայացնում են իրենց կողմից կանխատեսելի տոկոսադրույքը եւ պարտատոմսերի ծավալը: Եթե ճիշտ են կանխատեսում, ապա գնում են պարտատոմսերը»,- ասում է Դ. Սուքիասյանը:
Իսկ բանկերին ինչո՞ւ են պետք պետության պարտատոմսերը: ՀԷԲ վարչության նախագահի հավաստմամբ, դրանք բանկերի համար եկամտաբեր են, քանզի իրացվելիության կարգավորման գործիք են հանդիսանում: Պատկերացնենք, բանկը ներգրավել է ցպահանջ միջոցներ, որոնք պետք է ինչ-որ տեղ տեղաբաշխի` եկամուտ ստանալու համար: «Քանի որ մեզ մոտ մեծ գումարներ են գալիս, ապա մենք չենք կարող դրանք ամբողջությամբ ժամկետային վարկերի մեջ տեղաբաշխել, դրա համար մենք մի մասը ներդնում ենք պետական արժեթղթերի մեջ, որպեսզի ցանկացած պահի կարողանանք դրանք վաճառել: Իրացվելիության առումով, դրամարկղում եղած եւ պարտատոմսերում ներդրած փողը մեզ համար նույնն է: Իսկ եթե նայենք ռիսկայնության տեսանկյունից, ապա պետական պարտատոմսերը 10% ռիսկային կշիռ ունեն»,- մեկնաբանում է Դ. Սուքիասյանը: Ի դեպ, նա հավաստիացնում է, որ իրենք տարբերություն չեն դնում պետական եւ ԿԲ-ի թողարկած պարտատոմսերի միջեւ, քանզի շուկայում դրանք նույն իրացվելիությունն ունեն: ԿԲ-ն իր պարտատոմսերը սկսեց թողարկել 2005թ. հունիսից: Դրանք դրամավարկային քաղաքականության գործիք են, որով ԿԲ-ն կարգավորում է դրամական բազան ու զանգվածը:
ՀԷԲ-ի օրինակով Դ. Սուքիասյանը պարզաբանեց նաեւ այն փաստը, որ տարիներ շարունակ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքն ավելի բարձր էր, քան դոլարով ավանդներինը (այսօր դրանք գրեթե հավասարվում են): «Տարիներ առաջ պարտատոմսերի եկամտաբերությունը բավական բարձր էր: Եվ նույնիսկ եթե ժամկետային ավանդ էինք ներգրավում դրամով, ապա կարողանում էին դրանք տեղաբաշխել պետական պարտատոմսերում: Դոլարով ավանդներով չենք կարող պարտատոմսեր գնել (որոշ մասով կարող ենք` բանկի արտարժութային դիրքի հաշվին): Դրանք (դոլարային ավանդները. -Կ. Թ.) պետք է տեղաբաշխվեն կամ վարկերում, կամ էլ մեր թղթակցային հաշիվներում, որոնց եկամտաբերությունն ավելի ցածր է»,- ասում է ՀԷԲ-ի գործադիր տնօրենը: Սակայն դրամային եւ դոլարային ավանդների «գների» այժմյան չնչին տարբերությունը Դ. Սուքիասյանն այլեւս պարտատոմսերի գործոնով չի բացատրում, քանզի հիմա իրենց բանկի ներգրաված «ցպահանջ միջոցները բավարարում են պարտատոմսեր գնելու համար, իսկ ժամկետային ավանդներն ամբողջությամբ տեղաբաշխվում են վարկերի մեջ»:
Պետական պարտոմսերի շուկայում ՀԷԲ վարչության նախագահը բացասական է համարում այն, որ թողարկվող պարտատոմսերի մոտ 80-90%-ը ֆինանսական կառույցների ձեռքին է, եւ շատ փոքր մասն է, որ տնօրինվում է այլ անձանց կողմից: «Պետության համար դա լավ չէ, քանզի ավելի լավ կլիներ, որ շուկան աշխուժանար»,- ասում է Դ. Սուքիասյանը:
Կորպորատիվ պարտատոմսեր
2005թ. դեկտեմբերի 14-ին ՀԷԲ-ը Հայաստանում առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսեր թողարկեց, որոնց շրջանառությունից բանկի գործադիր տնօրենը դժգոհ չէ: «Անցյալ տարի մենք մարեցինք 2005թ. մեր թողարկած մեկ տարվա պարտատոմսերը: 200 մլն դրամ ծավալն էր, մինչեւ 600 մլն դրամի շրջանառություն ունեցավ: Այսինքն, այդ ընթացքում հաճախորդները գնում եւ վաճառում էին մեր պարտատոմսերը: Երկրորդային շուկան բավական ակտիվ էր»,- ասում է Դ. Սուքիասյանը: Իսկ ինչո՞ւ բանկն անցյալ տարի էլ պարտատոմսեր չթողարկեց: «Որովհետեւ մեր առջեւ բավական խնդիրներ կային: Հիմնականում դրանք կապված էին բորսա-դեպոզիտարիա-բանկ կապի հետ: Խնդրեցինք, որ անցյալ տարի դեպոզիտարիան էլ միանա մեր «Լոտուս» համակարգին, որպեսզի թղթատարությունը էլեկտրոնային եղանակով կատարվի: Առաջ նույնիսկ հաճախորդը գալիս էր մեր մարկետ-մեյքերի` «Տոնտոն-Ինվեստ» կազմակերպության մոտ, հետո` դեպոզիտարիա, հետո` բանկ: Մենք փորձում ենք մեր աշխատակարգերում փոփոխություններ մտցնել: Խնդրել ենք, որ բորսան եւ դեպոզիտարիան էլ այդ աշխատանքները կատարեն, ու համոզված եմ, որ կկատարեն, քանզի դա միակ տարբերակն է, որ կարողանանք շուկա ձեւավորել»,- պատասխանեց Դ. Սուքիասյանը: Նրա խոսքերով, եթե աշխատանքների բարելավում չկատարվի, ապա հաճախորդը նույն տոկոսներով ավանդ կներդնի բանկում, իսկ պարտատոմսն իր իմաստը կկորցնի: «Պարտատոմսը յուրաքանչյուր պահի իրացվելի է (ավանդը իրացվելի չէ, քանի որ ժամկետից շուտ վերցնելու դեպքում տոկոսներ ես կորցնում): Բայց եթե գիտես, որ դա լինելու է փաստաթղթային քաշքշուկի միջոցով, պարտատոմս չես գնի, կնախընտրես մեկ-երկու ամսով ավանդ ներդնել: Կարծում եմ, այս տարի մենք կթողարկենք ավելի մեծ գումարով եւ ավելի երկար մարման ժամկետով կորպորատիվ պարտատոմսեր: Հնարավոր է` մինչեւ 3 տարի ժամկետով, 6-8% տոկոսադրույքով»,- նշում է ՀԷԲ վարչության նախագահը: Նա գտնում է, որ այս տարի կորպորատիվ պարտատոմսեր թողարկող կազմակերպությունների թիվը կաճի (անցյալ տարի պարտատոմսեր թողարկեց նաեւ «Կասկադ բանկը»):
Դ. Սուքիասյանի կարծիքով, անհրաժեշտ է աշխուժացնել կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկան: Օրինակ, Հիփոթեքային շուկայի մասնակիցների միությունը նոր նախագծեր ունի եւ դիմում է համապատասխան մարմիններին, որպեսզի օրենսդրական այնպիսի փոփոխություններ լինեն, որոնք բանկերին թույլ կտան հիփոթեքային պարտատոմսեր թողարկել: «Կարելի է նաեւ թողարկել, օրինակ, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պարտատոմսեր եւ այլն: Այսօր շուկայում դրանց պահանջարկը կա, քանզի կան ազատ ֆինանսական ռեսուրսներ»,- առաջարկում է ՀԷԲ գործադիր տնօրենը: