Մենք երբեք ոսկի չենք թաքցրել

21/01/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երկուշաբթի օրը տեղեկատվություն հրապարակվեց, թե ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում հայտնաբերել է, որ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) Սոդքի եւ Մեղրաձորի հանքավայրերում թաքցրել է 1,056 կգ ոսկի, 3 տոննա արծաթ եւ 1,44 տոննա թելուր: Հիշեցնենք, որ ԱՈԱՁ-ի դեպքում սա ոսկի թաքցնելու երկրորդ խոշոր դեպքն է (համենայնդեպս, մեզ հայտնի): Դրանից առաջ տեսչությունը հայտնաբերել էր 1,5 տոննա թաքցրած ոսկի: Տեսչության ակտն ԱՈԱՁ-ն վիճարկել էր դատական ատյաններում, եւ դատական այդ վիճաբանությունը դեռեւս ավարտված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրին, որ ԱՈԱՁ-ն այս երկրորդ ակտն էլ է դատարանում բողոքարկել: Իսկ ԱՈԱՁ հնդիկ նախագահ Բ. Կ. Շարման մեզ հետ զրույցի ժամանակ կտրուկ հերքեց, թե գործարանը երբեւիցե ոսկի է թաքցրել: Այս եւ «Արարատի ոսկու գործարանի» հետ կապված այլ հարցերի շուրջ մենք զրուցեցինք պարոն Շարմայի հետ, ում համոզմամբ` իրենք ամեն ինչ անում են արդար աշխատելու եւ շրջակա միջավայրը չվնասելու համար, սակայն Հայաստանի բնապահպանները խանգարում են եւ իրենց վրա ինչ-որ անհիմն ակտեր են գրում: Հիշեցնենք նաեւ, որ ԱՈԱՁ-ի ղեկավարներն անցյալ տարի ՀՀ կառավարությանը ծրագիր էին ներկայացրել, որպեսզի Սոդքի հանքավայրին մոտ, Սեւանա լճի ավազանում վերամշակման նոր գործարան կառուցեն: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկի՞ պատճառով, թե՞ սեփական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունն այդ առաջարկը չընդունեց: Բանն այն է, որ ոսկու վերամշակման համար օգտագործվող ցիանը շատ վտանգավոր է շրջակա միջավայրի աղտոտման համար եւ սպառնում էր ոչնչացնել Սեւանա լճի էկոհամակարգը:

– Դուք հրաժարվեցի՞ք Սեւանա լճի ավազանում գործարան կառուցելու մտադրությունից եւ արդեն ուզում եք Արարատո՞ւմ կառուցել:

– Չնայած մենք գործարան կառուցելու նախագծում փորձեցինք պահպանել անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման համար անհրաժեշտ չափանիշները, այնուամենայնիվ, Սեւանա Լճի մասին ՀՀ օրենքի պատճառով մեր առաջարկը կառավարությունում չանցավ: Այսպիսով, մենք որոշեցինք վերանորոգել Արարատի մեր ներկայիս վերամշակման գործարանը, ցիանի վնասազերծման համակարգը, նաեւ ավելացնել լրացուցիչ ավտոկլավային ալկալացման տեխնոլոգիա: Մենք կվերանայենք հանքերի շուրջը 20կմ շառավղով ընկած տարածքների մեր լեռնահատկացման եւ հետախուզման ռեսուրսները` ընդլայնելու համար ռեսուրսային բազան: Վերանայման ու հետախուզման աշխատանքներն ավարտին հասցնելուց եւ ռեսուրսային բազան մեծացնելուց հետո մենք Սեւանա լճի ջրհավաք ավազաններից դուրս նոր վերամշակման գործարան կառուցելու համար ուրիշ տեղանք կընտրենք, որպեսզի իրագործենք ներդրման եւ հետախուզման հաջորդ փուլը:

– Ինչո՞ւ եք ուզում անպայման նոր գործարան կառուցել, երբ արդեն արդիականացնում եք Արարատի գործարանը:

– Որովհետեւ հանքաքարն Արարատ տեղափոխելու համար բավականին մեծ ծախսեր են պահանջվում: Իսկ մինչ այդ մեր հնարավորությունները մեծացնելու ամենաարագ ձեւը վերանորոգման աշխատանքներ տանելն է ու Արարատում լրացուցիչ համակարգեր ավելացնելը: Մենք շարունակ խնդրում ենք ՀՀ կառավարությանը՝ բարելավել երկաթուղու ենթակառուցվածքները եւ ռացիոնալացնել փոխադրավճարը: Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը բարյացակամորեն կվերաբերվի մեր այդ խնդրանքին:

– Մեկ գրամ ոսկու մեջ որքա՞ն են կազում տեղափոխման ծախսերը, եւ ընդհանրապես վերամշակելուց հետո որքա՞ն է կազմում ինքնարժեքը:

– Մեր կողմից արդյունահանված ոսկուն համարժեք 1 ունցիայի (31,1 գրամ) փոխադրման արժեքը կազմում է 55-60 ԱՄՆ դոլար, իսկ վերամշակելուց հետո ինքնարժեքը հասնում է մինչեւ 500 դոլարի:

– Որքա՞ն հանքաքար է հիմա վերամշակվում Արարատի գործարանում:

– Ներկայումս գործարանի արդյունավետ վերամշակման հնարավորությունն ամսական 35.000-40.000 տոննա է: Մենք երբեք չենք կանգնեցրել մեր վերամշակման հին գործարանի աշխատանքները, սակայն այժմ ի վիճակի ենք վերամշակել միայն ոչ հրակայուն հանքաքարերը եւ պոչանքները: Մինչդեռ Սոդքում հատված հանքաքարերը հրակայուն են, որոնք չեն կարող վերամշակման ենթարկվել ցիանի վնասազերծման համակարգում: Մեր վերամշակման գործարանի հնարավորությունը մեծացնելու համար մենք վերանորոգում եւ կատարելագործում ենք մեր ներկայիս գործարանը, իսկ հրակայուն հանքաքարերը վերամշակելու համար մենք ավելացնելու ենք նոր ավտոկլավային ալկալացման տեխնոլոգիա, որը փորձարկվել է համաշխարհային հանքարդյունաբերության մեջ:

– Իսկ հին գործարանն արդիականացնելուց հետո որքա՞ն եք ավելացնելու վերամշակման ծավալները:

– Տարեկան վերամշակելու ենք 1 մլն տոննա հանքաքար, այսինքն՝ երկու անգամ ավելի, քան ներկայիս ծավալներն են: Բացի այդ, նոր տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի խորքից հանքաքար հանել: Մենք արդիականացնելու ենք ոչ միայն գործարանը, այլ նաեւ հանքում աշխատող տեխնիկան: Բերելու ենք ավելի հզոր տեխնիկա:

– Արդիականացնելուց հետո հնարավո՞ր է` ձեզ մոտ աշխատատեղերի կրճատում լինի, չէ՞ որ շատ հաճախ նոր տեխնիկան գալիս է փոխարինելու մարդկային աշխատուժին:

– Ո՛չ, կրճատումներ չեն լինելու:

– Իսկ այդ արդիականացման արդյունքում կնվազի՞ ցիանի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Արարատի գործարանի հետ կապված բնապահպաններն անընդհատ ահազանգում են, թե ցիանի արտանետման չափը նորմայից ավելի է:

– Էդպիսի բան չկա: Նախ՝ ուզում ենք ասել, որ ԱՈԱՁ-ի կողմից ոչ մի օրինազանցություն տեղի չի ունենում, մենք հետեւում ենք միջազգային չափանիշներին: Մենք չենք վնասում շրջակա միջավայրի ոչ մի ջրային ռեսուրս: Մեր վերամշակումը հիմնված է ջրի փակ շրջապտույտի վրա՝ առանց դուրս թողնելու այն: Եվ հետո՝ ցիանը մի քանի օր արեւի տակ մնալուց լրիվ չեզոքանում եւ կորցնում է իր վնասակար ազդեցությունը: Մենք պարտավորված ենք ենթարկվել ՀՀ օրենսդրությանը, կարգ ու կանոնին` շրջակա միջավայրի պահպանման կանոնները ներառյալ: Բնապահպանության նախարարությունը որոշ առաջարկներ է արել հետագա բարելավումների վերաբերյալ, եւ մենք իրագործել ենք նույնությամբ:

– Այդ դեպքում մեր բնապահպաններն ու հասարակական կազմակերպություններն իզո՞ւր են աղմկում, թե ցիանի ազդեցությունից տուժում է շրջակա միջավայրը:

– Չեմ կարող ասել:

– Մեր տեղեկություններով` «Ավշարի» գործարանը մի քանի տարի առաջ սպիրտ էր արտահանում Իսրայել: Բայց այնտեղ սպիրտը լաբորատոր փորձաքննություն անցկացնելուց հետո պարզել են, որ թունավոր նյութեր է պարունակում: Դրանից հետո այդ երկիրը հրաժարվել է ընդունել հայկական սպիրտը: Տեղեկություններ կան, որ սպիրտում հայտնաբերված թունավոր նյութերը հետեւանքն են Արարատի ոսկու գործարանի արտանետած թունավոր նյութերի, որոնք մթերված խաղողի միջոցով են անցել:


– Չգիտեմ: Չի կարող պատահել: (Այս տեղեկատվությունը մենք փորձեցինք ճշտել նաեւ գործարանից, սակայն մեզ չպատասխանեցին. -Ա.Ա.):

– Ասում են՝ Զամբիայում փակվել է «Vedanta Resources»-ի պղինձ արդյունահանող գործարանը, որովհետեւ նա վտանգ է ներկայացրել տեղի գետերից մեկի համար:

– Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ներկա պահի դրությամբ Զամբիայի գործարանը նորմալ գործում է եւ չի փակվել:

– Բնապահպանության պետական տեսչությունն արդեն երկրորդ անգամ ձեզ մոտ թաքցրած ոսկու պաշարներ է հայտնաբերում, եւ այդ պատճառով ԱՈԱՁ-ն Բնապահպանության նախարարության հետ դատական պրոցեսների մեջ է: Ի՞նչ վերջաբան ունեցավ ձեր «հակամարտությունը»:

– Մենք երբեւէ ոսկի չենք թաքցրել եւ ժխտում ենք նման անհիմն հայտարարությունը: Գործն ընթացքի մեջ է հայկական դատարանում, եւ մենք սպասում ենք վճռին:

– Անցյալ տարի «Vedanta Resources» ընկերության նախագահ Անիլ Ագարվալը եկել էր Հայաստան եւ հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

– ՀՀ մեծարգո նախագահի հետ հանդիպման ժամանակ պրն Ագարվալն առաջադրեց կատարել մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում եւ ԱՈԱՁ-ի համար ընդլայնման ծրագիր: Առաջարկված ներդրումն ու ընդլայնման ծրագիրը կընդգրկի հետախուզման, հանքագործության սարքավորումներ եւ հանքահորի օպտիմիզացման, վերանորոգման, ավտոկլավային ալկալացման տեխնոլոգիայի ավելացման, ինֆրաստրուկտուրայի եւ օժանդակ սարքերի բարելավման աշխատանքներ:

Մենք արդեն որոշել ենք պատվերների չափը եւ մոտ 30 մլն ԱՄՆ դոլար կանխավճար ենք տվել, նաեւ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ծախսեր են արվել իրավաբանական խորհրդատվության եւ նախապատրաստական աշխատանքների համար: Արդեն ստացել ենք հանքագործության սարքավորումների առաջին բաժինը:

– ԱՈԱՁ-ի սեփականատերը մտածո՞ւմ է արդյոք գործարանը վաճառելու մասին, եթե, իհարկե, հարմար առաջարկ լինի:

– Ո՛չ անցյալում եւ ո՛չ էլ ներկայում նման առաջակ չի եղել: Մենք ունենք երկարաժամկետ նկատառումներ Հայաստանի հետ կապված, եւ Վեդանտայի կողմից այս բիզնեսի ձեռքբերումն արդեն իսկ երկարաժամկետ շահագրգռվածության գրավական է` կապված այս երկրի հետ: