Պարտքով ապրող ազատ տնտեսություն

21/01/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

՚Heritage Foundation՚ հիմնադրամն ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրների Տնտեսական ազատականության ինդեքսը։ Լրատվամիջոցներն արդեն հասցրել են տեղեկացնել, որ այս տարի Հայաստանը գրավում է 32-րդ տեղը։ Լա՞վ է դա, թե՞ վատ, ի՞նչ է արտացոլում, ինչպե՞ս է ազդում երկրի տնտեսության վրա։ Երեկ այս հարցերի շուրջ «Ուրբաթ» ակումբում իրենց տեսակետներն էին ներկայացնում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը։

Խոսրով Հարությունյանի կարծիքով, տնտեսական ազատության ինդեքսը՝ արժանահավատության տեսանկյունից, խոցելի համարել չի կարելի։ Այսինքն, գնահատականները շատ հեռու չեն մեր իրականությունից։ Թաթուլ Մանասերյանը հակառակ կարծիքի է, այն պարզ պատճառով, որ գնահատման համար հիմք հանդիսացող տվյալները տրամադրվում են կառավարությունից կամ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից։ Իսկ այդ աղբյուրները սխալ տեղեկություններ են տալիս ոչ միայն դրսի կազմակերպություններին, այլ նաեւ հենց ներսի բարձրագույն իշխանություններին, այդ թվում եւ` Ռոբերտ Քոչարյանին։

Թ. Մանասերյանը 13.5 % ՀՆԱ-ի աճը գերադասում է անվանել ոչ թե տնտեսական աճ, այլ վերականգնողական աճ։ Այդ դեպքում, այսպիսի տեմպերն էլ, ըստ պրն Մանասերյանի, չեն կարող ոգեւորիչ լինել։ «Ետպատերազմյան Գերմանիան, օրինակ, արձանագրում էր տարեկան միջինը 35% աճ»,- տեղեկացրեց Թ. Մանասերյանը՝ միեւնույն ժամանակ կասկածի տակ դնելով մեր աճի մասին վկայող պաշտոնական տվյալները, քանի որ «պարտքով ապրող երկիրը չի կարող այսպիսի աճ ունենալ»։

Խ. Հարությունյանը չառարկեց, որ զեկույցն իդեալական չէ եւ չի էլ կարող լինել։ Եթե ցուցակում ավելի բարձր տեղ ենք գրավում, քան, օրինակ, Հարավային Կորեան կամ Ֆրանսիան, դա չի նշանակում, որ ունենք այդ երկրների նման հզոր տնտեսություն։ Ըստ նախկին վարչապետի, այդ ինդեքսում մեր գրաված 32-րդ տեղը ցույց է տալիս, որ Հայաստանում կատարվել են լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ, Հայաստանը դուրս է եկել անցումային շրջանից, մտել է զարգացման նոր հարթություն։ Խ. Հարությունյանն այստեղ կարեւորեց երկրորդ սերնդի բարեփոխումների դերը։

Բանախոսների տեսակետները տարբերվում էին նաեւ այլ հարցերի շուրջ։ Օրինակ, Թ. Մանասերյանի կարծիքով, մեր իշխանությունները պատկերացում չունեն մեր երկրի ապագայի մասին։ «Եթե կառավարության կազմում ինչ-որ մեկը պատկերացում ունի, թե ուր է գնում մեր երկիրը, ես պատրաստ եմ ներողություն խնդրել»,- ասաց պատգամավորը։ «Բարեբախտաբար, ես տնտեսագիտության դոկտոր չեմ եւ կարող եմ մի քիչ այլ տեսանկյունից նայել,- նշեց Խ. Հարությունյանը,- Ես շատ տխուր կլինեմ եւ սպառնալիք կտեսնեմ, եթե իմանամ, որ այդպիսի մարդիկ չկան»,- ասաց նախկին վարչապետը։ Թ. Մանասերյանը մի քանի անգամ ընդհատելով՝ փորձեց Խ. Հարությունյանից ստանալ գոնե մեկ մարդու անուն, սակայն պրն Հարությունյանը տեղի չտվեց եւ շարունակեց իր խոսքը։

Իսկ իր ընդդիմախոսի այն դիտարկմանը, թե ո՛չ վարչապետը, ո՛չ ֆինանսների եւ ո՛չ էլ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները տնտեսագիտությունից բան չեն հասկանում, Խ. Հարությունը առարկեց՝ այդ նույն մարդիկ 1999-2000թթ.-ից ի վեր լուրջ հաջողությունների են հասել՝ բյուջետային աշխատողների պարտքերը մարվել են, բյուջեն կատարվում է եւ այլն։

Թ. Մանասերյանը, սակայն, մնաց իր այն կարծիքին, որ վերեւներին եւ հենց հանրությանը հասնող ինֆորմացիան չի կարող լիարժեք լինել, քանի որ արտադրական ռեսուրսների վերջին հաշվարկը տեղի է ունեցել 1989թ.։ Նրա կարծիքով, փոփոխություններ չեն կարող լինել, որովհետեւ մարդիկ նույնն են մնացել։ Այս վիճակի պատճառը Թ. Մանասերյանը համարում է սխալ կադրային քաղաքականությունը, երբ նախարար են նշանակվում տվյալ ոլորտի հետ կապ չունեցող անձինք։ Պատգամավորը չբացառեց, որ կան նաեւ շատ բանիմաց մասնագետներ, որոնք, սակայն, այդ բանիմացությունն ի չարս են օգտագործում՝ օրինակ, ԿԲ նախագահը։ Խ. Հարությունյանը մասամբ համաձայն էր լուրջ մասնագետների բացակայության հետ, սակայն, ըստ նրա, այդ բացը բնորոշ է ավելի շուտ կուսակցություններին, քան կառավարությանը։

Քանի որ քննարկումը շեղվեց իր բուն նյութից՝ գHeritage Foundationգ-ի զեկույցից, մենք փորձենք մի երկու բառով ներկայացնել այդ զեկույցը։ գHeritage Foundationգ-ն՝ ամերիկյան գThe Wall Street Journalգ-ի հետ համատեղ ամեն տարի իրականացնում է երկրների տնտեսական ազատականության գնահատական՝ հիմնվելով 10 չափանիշների վրա՝ գործարար ազատություն, հարկեր, սեփականության պաշտպանվածություն եւ այլն։ Արդեն նշվեց, որ Հայաստանը 161 երկրների շարքում գրավում է 32-րդ տեղը՝ առաջ անցնելով անգամ շատ եվրոպական երկրներից։ Լրատվամիջոցներից շատերն անպայման հարկ էին համարում նշել, որ Վրաստանը գրավում է 35-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 107-րդ տեղը։ Նշենք, որ անցյալ տարի Հայաստանը 27-րդ տեղում էր։ Իհարկե, նահանջը փորձ է արվում բացատրել այն հանգամանքով, որ ցուցակին ավելացել են մի քանի երկրներ, սակայն իրականում շատ ավելի կարեւոր է ոչ թե այդ դիրքի փոփոխությունը, այլ մեր գնահատականը։ Նախկինում գնահատման հիմք հանդիսացող 10 չափանիշները գնահատվում էին ըստ բալերի՝ 1-5 բալ։ Այս տարի գHeritageգ-ի մասնագետները փոխել են մեթոդաբանությունը եւ գնահատումը կատարում են տոկոսներով։ 100%-ն ամենաազատական տնտեսությունն է։ Այս տարի Հայաստանը ստացել է 69.4%՝ տեղ գտնելով «չափավոր ազատ» (moderately free) տնտեսություն ունեցող երկրների շարքում։ գHeritageգ-ի մասնագետներն անցյալ տարիների ցուցանիշները համապատասխանեցրել են այս ձեւաչափին։ Եվ ստացվել է, որ անցյալ տարվա համեմատ Հայաստանը 5.2 տոկոսային կետով անկում է ապրել։ Անցյալ տարի մեր տնտեսությունն ազատ էր 74.6%-ով։

գHeritage Foundatonգ-ի պաշտոնական կայքից վերցված տվյալների հիման վրա կարող ենք տեսնել, թե որ չափանիշների հաշվին ենք ետընթաց արձանագրել։ Դրանք չորսն են՝ ներդրումային ազատությունը, ֆինանսական ազատությունը, սեփականության պաշտպանվածությունը եւ կոռուպցիան։

Ներդրումային ազատությունն այս տարվա ինդեքսում 60% է, մինչդեռ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է 90%։ Որպես օտարերկրյա ներդրումների հիմնական խոչընդոտ` հիշատակվում է կոռուպցիան, բյուրոկրատիան եւ այն, որ գործարար օրենսդրությունը թույլ է գործում։

Ֆինանսական ազատությունը անցյալ տարվա 90%-ի փոխարեն այս տարի 70% է։

Սեփականության պաշտպանվածությունն անցյալ տարի գնահատվել էր 50%, որը համարվում է ցածր ցուցանիշ։ Այս տարի մենք ավելի ենք ետ գնացել՝ հավասարվելով Ադրբեջանին՝ 30%։ «Դատական համակարգը գտնվում է գործադիրի ազդեցության տակ, թերզարգացած է եւ կոռումպացված»,- նշված է զեկույցում։ Խոսք է գնում նաեւ 2005թ. Սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք պետք է մեծացնեին դատական համակարգի անկախությունը, սակայն նշվում է, որ դրանց արդյունքները գործնական կյանքում դեռ չեն երեւում։

Եվ վերջին չափանիշը՝ «Ազատություն կոռուպցիայից»։ Անցյալ տարի ցուցանիշը եղել է 31%, իսկ այս տարի՝ 29%։ Այսինքն, կոռուպցիան 2 տոկոսով մեծացել է։ Որպես պարզաբանում, զեկույցի մեջ ընդամենը գրված է. «Կոռուպցիան ընկալվում է որպես լայնորեն տարածված։ Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 158 երկրների ցուցակում գրավում է 88-րդ տեղը»։ Իսկ թե ինչ գնահատականներ է տվել Transparency International-ը, այդ մասին բազմիցս խոսվել է։

Ահա այս տեղերում մենք ետ ենք գնացել, սակայն դրանց մասին հեռուստատեսությամբ դժվար թե լսեք։

Եթե այս 4 չափանիշների գծով մենք պահպանեինք գոնե անցյալ տարվա գնահատականները, ապա պարզ մաթեմատիկայի օգնությամբ կարող ենք հաշվել, որ մեր միջինացված գնահատականը կկազմեր 76.6%։ Այսինքն, ցուցակում կգրավեինք 16-րդ տեղը, Իսլանդիայից հետո, որը ստացել է 77.1%։

Թե դա ինչ կտար Հայաստանին, չենք կարող ասել։ Իշխանությունները կստանային գլուխ գովելու եւս մեկ առիթ, մանավանդ ընտրությունների նախաշեմին։ Իհարկե, այս տեսակի զեկույցներում Հայաստանի գրաված բարձր տեղը կարող է նպաստել օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Սակայն այստեղ դժվար է չհամաձայնել Թ. Մանասերյանի հետ, որ օտարերկրյա ներդրումները հիմնականում քաղաքականացված են, քանի որ օտարերկրացու համար Հայաստանից շատ ավելի հրապուրիչ երկրներ կան. «Նախեւառաջ պետք է վստահություն լինի ներքին ներդրողի մոտ»։ Իսկ ներքին ներդրողները կոռուպցիայի եւ անպաշտպանվածության մակարդակը զգում են ոչ թե թվերի, այլ սեփական զգայարանների միջոցով։