Եթե հիշում եք, անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում Ռուսաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազումից մարդիկ էին ցրտահարվում ու մահանում։
Ավելին՝ սաստիկ ցրտի պատճառով խաթարվել էր որոշ հիմնարկությունների բնականոն աշխատանքը եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մենք հնարավորություն ունեինք ամեն օր ռուսաստանյան օպերատիվ լրատվամիջոցներից տեղեկանալու, թե համապատասխան մարմինները ցրտահարության ինչ դեպքեր են արձանագրել: Հայաստանում, մասնավորապես` մայրաքաղաքում, արդեն քանի օր է, ինչ մասնավոր զրույցներում լսում ենք, որ ցրտահարությունից մարդիկ են մահանում: Մինչդեռ որեւէ օղակից հստակ տեղեկատվություն ձեռք բերելը, պարզվում է, անհնար է: Երեկոյան ժամերին փողոցներում ապրող անօթեւան մարդիկ այգիների, շքամուտքերի եւ գետնանցումների մոտ առկա աղբանոցների աղբը այրելով փորձում են ինչ-որ կերպ պաշտպանվել ցրտից: Հաշվի առնելով ներկայիս անխնա ցուրտ եղանակը` հատկապես անտուն մարդկանց ցրտահարության դեպքերն անխուսափելի են: Հետեւաբար, մենք փորձեցինք համապատասխան մարմիններից տեղեկություն ստանալ, թե եղե՞լ են արդյոք ցրտահարության եւ մահացության դեպքեր: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նման դեպքերը գրանցելն իրենց իրավասության մեջ չի մտնում, եւ իրենք որեւէ տեղեկատվության չեն տիրապետում: Նա խորհուրդ տվեց դիմել ՀՀ Ոստիկանություն եւ ՀՀ Առողջապահության նախարարություն: ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից էլ գրեթե նույն պատասխանը ստացանք, պարզապես նաեւ հորդորեցին դիմել Շտապօգնության ծառայություն: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սայադ Շիրինյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունն արձանագրում է միայն դիակի հայտնաբերումը, իսկ թե ի՞նչ հանգամանքներում է մարդը մահացել` հաստատում է Դատաբժշկական փորձաքննության կենտրոնը: Այնպես որ` ասել, թե դիակի զննությունը ցույց է տվել, որ մարդը ցրտահարությունից է մահացել` իրենք չեն կարող: Հարցին, թե Ոստիկանությունն այս օրերին փորձո՞ւմ է արդյոք անօթեւան մարդկանց հայտնաբերել եւ տեղավորել վերականգնողական կենտրոններում կամ անօթեւանների համար նախատեսված վայրերում, նա պատասխանեց. «Այո՛, Ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով, բայց ո՞ւր են, փողոցներում դուք տեսնո՞ւմ եք նման մարդկանց»: Ինչեւէ, մենք փորձեցինք որոշ տեղեկություն ստանալ նաեւ Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանի հավաստմամբ՝ հունվարի 1-ին, 2-ին եւ 3-ին արձանագրվել է ցրտահարության 3 կանչ: Երեք հոգուց երկուսը եղել են անօթեւան մարդիկ, ովքեր տեղափոխվել են «Ճառագայթային եւ այրվածքային բժշկության հիվանդանոց» ՓԲԸ: Երրորդ հիվանդը ավտոտնակում մեքենայի վրա աշխատանք կատարելիս է ցրտահարվել, ընդ որում, ցրտահարվել են նրա ոտքերի մատները: Ա. Պետրոսյանի տվյալներով` վերջին օրերին շատացել են «Շմոլ» գազից թունավորումները: Թվով 8 կանչի արդյունքում գրանցվել է 11 հոգու թունավորում, իսկ տուժածներից 2-ը մահացել են: Հունվարի 29-ին Նորագավիթում ռումբի պայթյունի պատճառով տուժել են 3 մարդ, որոնցից 1-ը մահացել է: Ի դեպ, գաստրիտով հիվանդների կանչերը շատացել են տոնական օրերին: Հունվարի 2-ին գրանցվել է նաեւ սնկի թունավորման 1 դեպք: Ա. Պետրոսյանի տվյալներով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել են պայթուցիկներից, սալյուտներից տուժած մարդկանց կանչերը: «Արմենիա» բժշկական կենտրոնի Սուր թունավորումների բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանից տեղեկացանք, որ դեկտեմբերի 29-ից մինչ այսօր գրանցվել է թունավորման 23 դեպք: Նրա խոսքերով` թունավորման պատճառները եղել են թե՛ ալկոհոլային խմիչքներից, թե՛ սննդից: «Եղել են եւ՛ ուտող-խմողներ, եւ՛ անօթեւաններ»,- վստահեցրեց նա` հստակ չպատասխանելով, թե թունավորվածներից քանիսն են եղել անտուն մարդիկ: Հիշեցնենք, որ ցուրտ եղանակի պատճառով փողոցներում ապրող մարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում, որպեսզի պաշտպանվեն ցրտից: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում նույն բաժանմունքի արդեն նախկին վարիչ պրն Գաբրիելյանը մեզ հետ հարցազրույցում նշում էր, որ «բոմժերն» ալկոհոլային խմիչքները չարաշահելով ցրտահարվում եւ հաճախ մահանում են: Հարբած վիճակում չեն զգում՝ ինչպես են սառչում: