Swissair-ն ունեցել է $13,7 մլրդ պարտք

21/01/2007

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսվել Է Swissair ազգային ավիաընկերության նախկին ղեկավարների նկատմամբ դատավարությունը Շվեյցարիայի պատմության մեջ խոշորագույն սնանկացման գործով: Ըստ RSR ռադիոկայանի` երեքշաբթի առավոտյան Բյուլախ քաղաքի (Ցյուրիխի կանտոն) օկրուգային դատարանի առջեւ են կանգնել Swissair-ի այն 19 նախկին գլխավոր կառավարիչներից, տնօրենների խորհրդի անդամներից եւ խորհրդատուներից առաջինները, որոնք մեղադրվում են ընկերության վատ կառավարման մեջ, ինչն էլ 2001թ. հանգեցրել է դրա սնանկացմանը: Swissair-ի նախկին ղեկավարներին ներկայացվել են մեղադրանքներ յոթ կետով, մասնավորապես, 2001թ. SAirGroup-ի սխալ վերակառուցավորման համար, որը սոսկ ավելացրել Է ընկերության պարտքը 1,1 միլիարդ շվեյցարական ֆրանկով: Սնանկացման պահին Swissair-ի պարտքը կազմել Է 17 մլրդ շվեյցարական ֆրանկ (13,7 մլրդ դոլար), իսկ աշխատատեղից զրկվել Է ընկերության հինգ հազար աշխատակից:

Առաջինը դատարանի առաջ կանգնել Է 74-ամյա Գերհարդ Ֆիշերը, որը 2000-2001թթ. մտնում Էր SAirGroup-ի՝ Swissair-ի հիմնադիր ընկերության վարչական խորհրդի մեջ: Դատական նիստը շարունակվել Է մեկուկես ժամ: Ֆիշերն իրեն հայտարարել Է անմեղ եւ հրաժարվել Է պատասխանել դատավորների հարցերին: Նրա խոսքով, Swissair-ը կգոյատեւեր, եթե ԱՄՆ-ում չլինեին 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհները:

Դատարանի առջեւ նաեւ կկանգնեն Շվեյցարիայում ամենահայտնի գործարարներից մեկը՝ Credit Suisse բանկի նախկին գլխավոր տնօրեն Լուկաս Մյուլեմանը, SAirGroup-ի նախկին ղեկավար Մարիո Կորտին, նրա նախորդ Ֆիլիպ Բրուգիսերը, որը հեռացվել Էր 2001 թվականի հունվարին, եւ շատ ուրիշներ: Դատական պրոցեսը կտեւի մինչեւ մարտի 9-ը: