«Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների օգտագործման իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկի վերադարձման առանձնահատկություններ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1505 որոշման համաձայն` Երեւան քաղաքի իրացման տարածքների բնակիչներին անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից սկսած վերադարձվում են պահված 10 % եկամտահարկերը: Որպեսզի ամեն ինչ ավելի պարզորոշ հնչի, ընթերցողներին հիշեցնենք, որ կառուցապատման ծրագրերը սկսվել են 2001 թվին: Այդ ժամանակ քաղաքացիներից 10 տոկոս եկամտահարկ չի պահվել: «Պետական կարիքներ» հկ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանի ասելով, կառավարությունը 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1169 որոշմամբ լրացումներ է կատարել իր որոշումների մեջ եւ 7-րդ կետով սահմանել, որ անշարժ գույքի եւ հողամասերի հատուցման գինը ներառում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանվող հարկերը: Այսինքն, 2001 թվից մինչեւ 2002թ. օգոստոսը նշված գործընթացում եկամտահարկ չի պահվել: «Երբ որ 2006թ. ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանում քննարկվում էին կառավարության որոշումները, որի հիման վրա ընդունվեցին այդ կառուցապատման բոլոր աշխատանքները, Սահմանադրական դատարանը որոշեց, որ այդ ամենը հակասահմանադրական է: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայցադիմումի մեջ խոսք չէր գնում 10 տոկոսի մասին, բայց կառավարությունը, ի դեմս Գագիկ Հարությունյանի, քայլ արեց վերադարձնելու այդ 10 տոկոսները, որպեսզի ժողովրդի բերանը փակեն, որպեսզի ցույց տան, թե իրենք ինչքան լավն են: Այդ որոշումը նշանակում էր Նոր տարվանից առաջ շան ոսկոր գցել ժողովրդի առաջ»,- հավաստիացնում է Ս. Բաղդասարյանը: ԶԼՄ-ներով երկրի բարձրաստիճան ղեկավարներն արդեն հայտարարել են վերադարձվող եկամտահարկի ընդհանուր գումարը, որը կազմում է 1 մլրդ 200 հազար դրամ: «Այն ժամանակ կար այսպիսի տարբերակ, մարդկանց տները քանդում էին, տալիս էին բնակարան, բնականաբար, այդ դեպքում չէր պահվում եկամտահարկ: Կառավարության որոշման համաձայն` «ԳրիԱր» կազմակերպությունը սեփականատեր-բնակիչների հետ պետք է անմիջական պայմանավորվածություններ ձեռք բերեր, սակայն, դեռ 2002 թվից ստեղծվել էր կառուցապատման ԾԻԳ կազմակերպությունը, որը 2003 թվից դարձավ ոչ պետական առեւտրային կազմակերպություն եւ հիմնական միջնորդ այդ գործընթացում: «ԳրիԱր» կազմակերպությունը պետք է մարդկանց գումարներ վճարեր, սակայն ԾԻԳ-ը մտնելով դատարան, եւ խրախուսանքը կտրեց, եւ 10 տոկոսները պահել տվեց»,- ասում է Ս. Բաղդասարյանը: Նրա կարծիքով, կառավարության այդ որոշումը ավելի շատ նման է կիսատ որոշման: «Որպես քաղաքացի եւ «Պետական կարիքների» հասարակական կազմակերպության նախագահ հայտարարում եմ, որ դա ձեռառնոցի է: 2002 թվին քաղաքացուց գանձվում էր միջինը 7-8 հազար դոլար եկամտահարկ: Նույնիսկ եղել են բնակիչներ, որոնցից գանձվել է 22 հազար դոլար: 2004թ. քաղաքացին կարող էր 24 հազար դոլարով Դավիթաշենում 3 սենյականոց բնակարան գնել: Եթե այսօր նրան վերադարձնում եմ այդ 24 հազարը, ապա նույն Դավիթաշենում նա 1 սենյականոց բնակարան էլ չի կարող գնել, քանի որ երեք տարի հետո անշարժ գույքը թանկացել է 5 անգամ»,- ընդգծում է Ս. Բաղդասարյանը: Նրա պնդմամբ, այն ժամանակ Հարկային պետական ծառայության պետ Ե. Զախարյանի պայծառ մտքի շնորհիվ էր, որ 10 տոկոս եկամտահարկը մտցվեց, եւ ժողովրդից այն գանձվեց: «Հիմա այն վերադարձնում են, իսկ ինչո՞ւ քաղաքապետարանը չի հրապարակում կամ իր կայքում չի տեղադրում այն մարդկանց ցուցակները, ովքեր պետք է ստանան այդ 10 տոկոսները: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետեւ 2004 թվին Լալայանց փողոցի 26 բակում ընդհանուր հողատարածքը, երբ որ բաժանում էին բնակիչների վրա, կիսեցին ոչ թե 9, այլ 10 անձի վրա` 10 տարի առաջ մահացած մեռել մտցնելով: Եվ այդ գանձված փողը ԾԻԳ-ը կերավ: Նույնը տեղի ունեցավ 2005 թ.-ին` Պուշկինի փողոցի տարածքում, երբ 500 քմ հողամասը պետք է բաժանվեր 4 հոգու, բաժանեցին 5 հոգու միջեւ: Նաեւ մենք ունենք փաստեր, որ կան մարդիկ, որ այդտեղ չեն ապրել, բայց ստացել են մեծ գումարներ, եւ հիմա էլ նրանք եկամտահարկ են ստանում: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ այդ ցուցակները հատուկ չեն հրապարակվում` փող «ուտելու» պատրվակով: Ո՞վ է ումից վախենում, որ չեն գործում բաց հրապարակային»,- հարցադրում է անում Սեդրակ Բաղդասարյանը, որն անձամբ ստացել է 2300 դոլար: «Երբ որ գնացի «Արդշինինվեստ» բանկից ստանալու իմ գումարը, նրանք նայեցին ցուցակներն ու ասացին, որ իմ անուն-ազգանունը չկա այնտեղ: Սակայն բաժնի վարիչի ցուցումով իմ տվյալները հայտնաբերեցին մյուս` «ԳրիԱր»-ի ցուցակում: Այլ մարդիկ էլ են եղել, որոնց անունները չեն եղել ԾԻԳ-ի կողմից կազմված ցուցակներում, այլ նշված են եղել «ԳրիԱր»-ի, «Գլենդել Հիլս»-ի ցուցակներում»,- ասում է Ս. Բաղդասարյանը: Ելնելով այս հանգամանքներից, Ս. Բաղդասարյանը հակված է ենթադրել, որ այդ փոխանցումներն անում է հենց «ԳրիԱր»-ը: Նրա պնդումների համաձայն, եթե «ԳրիԱր»-ն է վերադարձնում, ուրեմն ժամանակին գանձված եկամտահարկը չի մուտքագրվել պետբյուջե: Նրա ասելով, Քաղաքապետարանը պնդում է նաեւ, որ 1600 պայմանագիր է կնքվել, եւ բողոքներ չեն եղել: «1600 պայմանագրի դեպքում 10 տոկոսը կկազմեր ահռելի գումար` 7-8 մլն դոլար, իսկ իրականում վերադարձվել է 3 մլն դոլար»,- ասում է Ս. Բաղդասարյանը եւ հավելում, որ երբ տիկնոջ հետ գնացել է ստանալու իր պատկանելիք գումարը, նրանից իբրեւ համասեփականատերի պահանջել են լիազորագիր: Դա` այն դեպքում, երբ իր ազգանվան դիմաց է նշված եղել համապատասխան գումարը: Հակառակ դեպքում «Արդշինինվեստում» հրաժարվել են հատկացնել փողը: Լիազորագիրը լրացրել են նոտարի մոտ, որը երկու տող գրելու համար պահանջել է 5700 դրամ գումար: «Պետության կողմից գողացված իմ փողի համար ես ինչո՞ւ պետք է 5700 դրամ վճարեի: Բավական չէ, գումարը մուծեցի, ու երբ որ պահանջեցի անդորրագիր, նոտարի աշխատողը մոլորվեց եւ չտվեց այն: Այդ նոտարական գրասենյակը գտնվում է Տերյան փողոցի վրա: Բուզանդի 23 բակի բնակիչ Մուրադյանից նույնպես իր գումարը ստանալու համար պահանջել են 7 հոգու կողմից գրված լիազորագիր: Սա` այն պարագայում, երբ լիազորագիրը գրվում է առավելապես 2 անձի կողմից: Մուրադյանը վճարել է 20 հազար դրամ: Սա եւս մի հնարավորություն էր փող ուտելու: Այս նոտարական պատմությունն իրենից ներկայացնում է փակ շրջանակ, քանի որ Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի անկյունում գտնվող նոտարական գրասենյակի երկու նոտարներից մեկն Արդարադատության նախարարի տեղակալ Մալխասյանի կինն է, որը մինչ այդ իրականացրել է Հյուսիսային պողոտայի բնակիչների բոլոր նոտարական աշխատանքները»,- նկատում է Ս. Բաղդասարյանը: Անդրադառնալով չարաբաստիկ 10 տոկոսներին, նա նշում է, որ պետությունը 2-3-4 տարի անօրինական ձեւով մարդկանց գումարները պահելով իր մոտ, նրանց զրկել է օգուտներ ստանալու հնարավորությունից, քանի որ սեփականատերերը կարող էին իրենց գումարները պահել բանկերում` ստանալով շահույթներ: «Պետական կարիքների զոհեր» հկ-ն դիմել է նաեւ Կենտրոնական բանկին` տարեկան կորցրած շահույթների մասին ինֆորմացիա տրամադրելու խնդրանքով: ԿԲ-ի տրամադրած տվյալների համաձայն, բնակիչների կորցրած շահույթները տարեկան կազմում են 18 տոկոս: «Կառավարությունը պարտավոր է վերադարձնել այդ 18 տոկոսները: Հակառակ դեպքում մենք դրա դիմաց դատական գործ կբացենք: Սա ոչ ավանդներն է, որ մեղքը բարդեն Խորհրդային Միության վրա, ոչ աշխատատեղեր են, որ չեն ստեղծում, այլ ժողովրդի սեփականության դիմաց «վՈչսօՎ ՏոՐՈջՏՎ» գողացված փողերն են»,- պնդում է նա: Ս. Բաղդասարյանն իր տրամադրության տակ ուներ նաեւ մի հազվագյուտ ցուցակ, որտեղ ընդգրկված էին Հյուսիսային պողոտայի 272 սեփականատերերի 10 տոկոս գումարներին վերաբերող պայմանագրերի պատճենները, ըստ որի` բնակիչներին հատկացված գումարը կազմում է 1մլն 85 հազար դոլար, ինչը, նրա կարծիքով, մեկ անգամ եւս հակասում է Քաղաքապետարանի ներկայացրած 1600 պայմանագրերի հավաստիությունը: «Մարդ կա, որին փողոց են նետել` ունեցվածքը գնահատելով ընդամենը 6000 դոլար, ու նրանից էլ են 10 տոկոս պահել, ու այդ գումարը տվել են փուլառփուլ»,- հիշատակում է Սեդրակ Բաղդասարյանը: Նշված փոքր գումարները վերաբերում են ոչ սեփականատերերին, այլ, այսպես կոչվող, տարածքը օգտագործողներին: Ի դեպ, նրանց 10 տոկոսները փոխանցվել է «Հայէկոնոմբանկի» կողմից, 2007թ. հունվարից սկսած եւ հիմա ընթացքի մեջ են: «Ի տարբերություն սեփականատերերի, նրանցից ոչ մի գումար չի պահվել, քանի որ նրանց տրամադրվել են ԱրՔա քարտեր»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը: Վերադարձվելիք 10 տոկոս եկամտահարկի վերաբերյալ Ս. Բաղդասարյանը մի կարեւոր դիտարկում էլ արեց: Ըստ նրա, կառավարության թիվ 1505 որոշման անհեթեթությունն այն է, որ բացի այն, որ ոչ մի տեղ չի նշվում սեփականատերերի անունները, գոյություն ունի մի կարեւոր հանգամանք էլ. մամուլում հրապարակվել էր, որ այդ գումարները տրվել են կառավարության պահուստային ֆոնդից, ինչը, նրա կարծիքով, անձեռնմխելի գումար է, եւ դրան դիմում են միայն արտակարգ իրավիճակների դեպքում: «Ի՞նչ իրավունքով կառավարությունը պահուստային ֆոնդի փողը, որը կարող էր օգտագործել նպաստների բարձրացման կամ մանկատան երեխաների վիճակը բարելավելու նպատակով, օգտագործել է այլ նպատակներով»,- հայտարարում է Ս. Բաղդասարյանը: