Տաքսու վարորդները՝ գինարբուքից հետո

21/01/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Աղջիկ ջան, դու մի շաբաթ լավ խմի, որ ինձ հասկանաս: Պախմելի մեջ գտնվող մարդուն լուրջ հարցեր տալ չի կարելի: Հիմա, որ գնում քաղաքական գործիչներից ինֆորմացիա եք կորզում, չե՞ք հասկանում, որ 13 օր խմած մարդուն լուրջ հարցեր տալն էթիկայի սահմաններում չի: Թողե՛ք, թող մարդիկ ուշքի գան ուտել-խմելուց»,- կատակում է վարորդ Ալբերտն ու իր ասածի վրա քահ-քահ ծիծաղում:

«Գեղամյանը պախմելից դուրս չի եկել»

Երեւանյան տաքսու վարորդներից շատերի տրամադրությունը խումհարային է, ինչի պատճառով նրանցից մեծ ջանքեր են պահանջվում ինչ-որ թեմայի շուրջ կենտրոնանալու համար: «Գինարբուքից հետո մարդիկ հոռետես են դառնում»,- կատակեց նրանցից մեկն` առաջարկելով պատասխանատու թեմաների շուրջ առայժմ հարցեր չտալ: Մենք որոշեցինք ոչ թե կոնկրետ թեմայի շուրջ խոսել, այլ, պարզապես լսել նրանց: Օրինակ՝ Ալբերտի կարծիքով՝ ԱՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն ամանորյա ծանր «պախմելից» դուրս չի եկել, դրա համար էլ «գլխից դուրս» հայտարարություններ է անում: «Նույն վիճակում են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, որովհետեւ նրանց լռությունը խորհրդավոր է: Հենց որ Գեղամյանի գլխին խփեն՝ իմացի, որ Սերժն ու Գագոն արթնացել են: Շատ ուտել-խմելուց հետո մարդու զգայարանները բթանում են, կամ շատ բուռն է արձագանքում, կամ էլ ընդհանրապես ռեակցիա չի տալիս: Ես ո՜նց եմ հոգնել էս մեր քաղաքական գործիչների տուֆտա հայտարարություններից: Սկզբում մարդուն շոկի մեջ են գցում իրենց ասածով, իսկ հետո նենց են մտնում սրա-նրա հետեւը, որ սիրտդ խառնում ա: Ուզում են սուր հայտարարություններով ժողովրդի ազդակները վերակենդանացնեն, հեղինակություն ձեռք բերեն, «կռուտոյ» երեւան, բայց հավատա, որ էնքան լկտիություն ու անբարոյականություն տեսանք, որ արդեն ամենաստոր արարքին էլ անտարբեր ենք վերաբերվում: Ուզո՞ւմ ես քեզ մի հատ պարզ ճշմարտություն ասեմ. Սադամ Հուսեյնին որ տենց հրապարակային կախաղան հանեցին՝ մի կողմից` ցավ ապրեցի, բայց մյուս կողմից էլ` սիրտս հովացավ: Հիմա մեր ղեկավարների անցյալը թող ուսումնասիրեն, թող ջրի երես հանեն, թե ի՞նչ սպանություններ են եղել, ինչքա՞ն մարդկանց կյանք են խլել, ինչքա՞ն մարդու բարոյական ու նյութական վնաս են պատճառել: Կտեսնեք, որ Սադամի պես արժանի են կախաղանի: Բայց դու շատ անսիրտ աղջիկ դուրս եկար, հա… Որ ասում եմ` պախմելի մեջ ենք՝ մի խոսացրու… Սենց ժամանակ մարդ չի կարում ագրեսիվությունը զսպի ու ասում ա էն, ինչը չէր համարձակվի ասել ուրիշ ժամանակ: Արի ես քեզ լավ բան պատմեմ: Լավն էն ա, որ ես մինչեւ ամսի 13-ը չեմ աշխատել: Նայում էի մեր փողոցների սառույցներին ու փառք էի տալիս Աստծուն, որ չեմ քշում: Մեղքս գալիս էին վարորդները, նենց վախենալով էին քշում, կարծես լիժա քշելիս լինեին»,- ասում է Ալբերտն ու նույն դանդաղկոտությամբ ու զգուշությամբ շարունակում ինքն էլ մեքենայով «լիժա» քշել:

1941 թվից եկած ձմեռ պապիկների ու ձյունանուշների մասին

Վարորդ Սուրենն Ամանորին թոռների մոտ խայտառակ է եղել, որովհետեւ, ինչպես ինքն է ասում՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշն իրեն «պադվադիտ» են արել: Հանրապետության հրապարակում Սուրենը երկար փնտրել ու չի գտել կարգին հագուկապով Ձմեռ պապ ու Ձյունանուշ: Ներկաներն էլ Սուրենի գրպանները մի լավ դատարկել են իրենց ծառայությունների համար: «Բայց դու տեսա՞ր մեր Հանրապետության հրապարակում ծառայություններ մատուցող ձմեռ պապիներին ու ձյունանուշիկներին: Թոռներիս բերել էի, որ մի քիչ ուրախանան: Ա՛յ մարդ, էդքան քրջոտ շոր որտեղի՞ց են գտնում: Ոնց որ 41 թվի ձմեռ պապիներ լինեին: Էսքան եվրո-եվրո են անում, բայց ձմեռ պապիները ոնց որ ստալինյան թվից եկած լինեին: Մի հատ էլ որ բարեւ են տալիս՝ փող են ուզում: Ձմեռ պապի գաղափարը ստեղծվել ա տալու, նվիրելու, ոչ թե ուզելու նպատակով: Թոռս նայեց-նայեց, ասեց՝ պապի՛կ, Ձմեռ պապիկի մորուքը պոկվել ա, թեւից քաշեցի, տարա էն կողմ, ասում եմ՝ ընկեր ջան, մորուքդ դզի: Ետ եկավ, երեխուն ասում ա՝ օ՜, թոռնիկս, Ձմեռ պապը Լապլանդիայից եկավ Հայաստան ու ձեզ մոտ սկսում է հալչել: Էլի թեւից քաշեցի, ասում եմ՝ ընկեր ջան, մեր մոտ սառնամանիք ա, մի քիչ համոզիչ բան ասա, թե չէ թոռս հետո ինձնից ատչոտ ա ուզելու: Այ տենց բաներ… սկի մի հատ տեքստ չեն կարում ասեն, ուզում են Ձմեռ պապի համբավ հանեն: Ոնց որ արխիվից հանած ձմեռ պապիներ ու ձյունանուշներ լինեին: Մուրացկանների պես փող են ուզում, չես հասկանում` դուրս են եկել տռա՞ս, թե՞ երեխեքին ուրախացնելու»,- ասում է Ալբերտն ու քաղաքային իշխանություններին առաջարկում, որ հաջորդ Ամանորին ձմեռ պապիկներին ու ձյունանուշներին լիցենզավորեն, հակառակ դեպքում` նրանց բարի համբավն արատավորվում է:

«Լկստված կատուներին կարոտում էի»

Վարորդ Ռուբենն այնքան հետաքրքիր զրուցակից է, որ կարող ես ժամերով լսել նրան: Նեղսրտում է երեւանյան երթեւեկության անկանոն վիճակից ու վստահեցնում, թե չի հավատում այս ոլորտի բարեփոխումներին: «Ի՞նչ բարեփոխում, ախր էդ ինչքա՞ն տեխնիկա պիտի տեղադրեն, որ բոլոր փողոցները վերահսկեն: 15-րդ թաղամասի փողոցներում նույնիսկ սվետաֆոր չկա, էլ ուր մնաց` թե տեխնիկա դնեն, որ վարորդներին հսկեն: Օրենքը չի գործում Հայաստանում: Օրինակ, եթե ես խախտում եմ անում՝ համաձայնում եմ, որ արել եմ, բայց երբ չեմ անում, ու պնդում են, որ խախտել եմ՝ այ էդ ժամանակ ես շատ եմ ներվայնանում: Մեզ մոտ ազնվությունը շատ է պակասում: Մեծահարուստները գալիս մեքենայով վրայովդ անցնում են, իսկ պետավտոտեսուչը չտեսնելու է տալիս»,- վստահեցնում է Ռուբենը, ով 8 տարի ապրելով Հունաստանում՝ անցյալ տարի է վերադարձել հայրենիք: Հունաստանում անձնական 2 մեքենաներով տաքսի ծառայություն է մատուցել եւ բավականին մեծ եկամուտ է ունեցել: Խանութ է բացել եւ սեփական բիզնեսը ծավալել: «Հունաստանում տաքսի քշելուց հետո երեւանյան փողոցներն ահավոր են: Շենքերի վրա համարներ չկան, փողոցների անունները չես գտնում, համարակալում չկա: Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ ու կարող եմ ձեզ վստահեցնել, որ վարորդի աշխատանքն անշնորհակալ գործ է: Որպես մանկավարժ` ես հիանում եմ էս նոր սերունդով, շատ լավ երեխեք են մեծանում, չափազանց խելացի են: Ես իրենց հետ շատ եմ շփվում եւ, իրոք որ շատ գեղեցիկ ու ինտելեկտուալ սերունդ է մեծանում, շատ հավասարակշռված երիտասարդներ կան: Առաջ գնացող, զարգացող սերունդ է: Մենք վերջերս արտասահմանցի ամուսիններ էինք հյուրընկալել: Էնքան հիացած էին մեր երիտասարդությունով, էնքան գովեցին, որ չեք պատկերացնում: Օրինակ՝ Հունաստանում աշխատելիս ես հաճախ առավոտյան ժամը 9-ից կանգնում էի դպրոցների մոտակայքում: Վա՜յ, դուք պիտի տեսնեիք, թե ինչ էր կատարվում նրանց դպրոցներում: Դասամիջոցների ժամանակ 3-4-րդ դասարանի երեխեքը գարեջուր էին առնում ու խմում: Մեկի ձեռքին` սիգարետ, մյուսինը` գարեջուր, իսկ հագուստի մասին խոսքեր չեմ գտնում, որ նկարագրեմ: Աղջիկ երեխեքը դասամիջոցի ժամանակ դուրս էին գալիս ծխելու, խմելու, ահավոր էր: Եթե հանկարծ ուսուցիչներից մեկն էլ մի բան ասի, նկատողություն անի՝ դպրոցականն իրավունք ունի դատի տալու: Նրանց ազատությունն անտանելի է»,- վկայում է Ռուբենն ու ընկնում հիշողությունների գիրկը: Ասում է, որ ընտանիքի հետ մեկնել է Հունաստան, բայց պարբերաբար փախել-եկել է Հայաստան: «Կարոտը ինձ սպանում էր: Մենք էստեղ բարձրահարկ շենքում ենք ապրում: Ուրեմն 2 հատ փողոցային, լկստված կատուներ կային, որ միշտ պադյեզդում տեսնում-ջղայնանում էի, դրանց փըշտ էի անում, որ փախնեն: Հունաստանում դաժե էդ կատուներին էի կարոտել, որ եկա` կարոտից բռնել սիրում էի: Էստեղ կյանքը շատ դժվար է, բայց ես չեմ կարող ուրիշ տեղ ապրել, իմ Հայաստանում ես ազատ եմ, լավ եմ ինձ զգում: Հունաստանում շատ գումար էինք աշխատում, պատկերացրեք, որ տան վարձը 400 եվրո էր, իսկ խանութը վարձակալում էինք ամսական 500 եվրոյով ու ահագին գումար էլ մնում էր ապրելու համար, բայց դե տեղդ չես գտնում, ուրախ չես օտարության մեջ: Երբ եկա՝ Երեւանը շատ էր փոխվել, լիքը օբյեկտներ էին կառուցվել: Հետո, երբ զրույցների ժամանակ պարզեցի, որ մեծ թվով օբյեկտներ 1 մարդու են պատկանում, շատ զարմացա, որովհետեւ քաղաքը պետք է բոլորի համար ծառայի, ոչ թե մի քանի հոգու: Գիտե՞ք, հետո մեր մեծահարուստների վարքագիծն է ինձ շատ զարմացնում: Օրինակ՝ Հունաստանում հարուստ մարդիկ հագնվում են շատ հասարակ, վարում են միջին կարգի մեքենաներ ու աշխատում են ցույց չտալ, որ իրենք հարուստներ են: Մի անգամ մենք հրավիրված էինք գիշերային խրախճանքի, էնտեղ նման բաներ շատ են կազմակերպվում: Մեզ հետ նստած էր մի շատ սովորական մարդ, որը մեզնից ոչնչով չէր տարբերվում: Մեզ հետ գրամով վիսկի էր խմում ու պահվածքն էլ մյուսների պահվածքից չէր տարբերվում: Հետո մենք իմացանք, որ այդ մարդը Հունաստանի հարուստներից մեկն է, ով լիքը ավտոմեքենաներ, ձիարշավարան ու ահագին օբյեկտներ ուներ: Մենք ապշել էինք, որովհետեւ էնքան համեստ էր, ասենք՝ մեր հարուստների պես կարող էր չէ՞ վիսկին շշով դիմացը դնել, ոչ թե գրամով պատվիրել: Եթե Հայաստանում նման մարդկանցով շրջապատված երեկոյի մասնակցեի, վստահ եմ, որ վերջում անպայման տուրուդմբոց կսարքեին: Բայց դե՛, մեկ է, իմ հողն ու ջուրը շատ եմ սիրում»,- ասում է վարորդ Ռուբենն, ով ինձ՝ որպես ուղեւորի` անկեղծ զարմացնում է` հրաժարվելով վերցնել «թեյավճարը»: «Ետ վերցրե՛ք, խնդրում եմ, ես իմ վաստակած գումարն եմ սիրում, ինձ ավելի գումար պետք չէ: Մյուս անգամ, որ մեքենա պատվիրեք ու ինձ ուղարկեն, հանկարծ նորից նման բան չանեք»,- ասում է նա ու բարեհամբույր հրաժեշտ տալիս: Վարորդ Արմենը սիրում է Ամանորն անցկացնել հեռուստացույցի առջեւ: «Ես միշտ էլ նախընտրել եմ տանը մնալ ու տոնական հաղորդումներ նայել: Էս տարի շատ հիասթափված եմ, որովհետեւ ոչ մի հաղորդում դուրս չեկավ: Մեռա պուլտը ջարդելով՝ էս ալիքից էն ալիք փոխելով: Շատ աննպատակ ու ոչ տոնական հաղորդումներ էին: Ճիշտն ասած, ոչ մի գաղափար չկար էդ հաղորդումներում, աշխատած ծրագրեր չէին: Առաջ շատ լուրջ էին վերաբերվում տոնական հաղորդումներին, ու նայելիս ոնց որ էդ ուրախ տրամադրությունը տեղափոխվեր քո ընտանիք: Հիմա նայում ես՝ ոչ խնդալու ա, ոչ ուրախանալու ա, ոնց որ հիմարացնեն, իբր աշխատել են մեր համար: Իսկ ընդհանրապես Նոր տարին նորմալ անցավ, բայց ահավոր չեմ սիրում դրան հաջորդող օրերը, ծանր են լինում: Մանավանդ, որ ստիպված ես լինում նույն էդ ծանր տրամադրությամբ մարդկանց հետ աշխատել,- ասում է Արմենը՝ հորդորելով,- Շատ չէ, մի 5-10 օրից մարդիկ «շողուլի» կգան»: