Նրանք չեն դառնա 5-րդ շարասյուն

17/01/2007

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում չի բացառել, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններից հետո ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտ կանցնի: «Երկու պայման կա, որի դեպքում Դաշնակցությունը չի մասնակցի կառավարության ձեւավորմանը. առաջին, եթե Դաշնակցությունը գնահատի եւ պարզ դառնա, որ այդ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվելու միջազգային ատյանների կողմից: Երկրորդ, մենք չենք կարող մաս կազմել կառավարությանը` ունենալով այնքան քանակի պատգամավորներ, որը հնարավորություն չի տա կառավարության մեջ լինելով ազդել որոշումների ընդունման վրա»,- ասել է Ա. Ռուստամյանը: Վերջինիս այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ-ի հնարավորություններն այսօր թույլ են տալիս ազդել այդ որոշումների ընդունման վրա, մինչդեռ հենց մի հարցում դրությունը մի քիչ բարդանում է, ՀՅԴ-ականները շտապում են հայտարարել, թե իրենք տվյալ ոլորտի համար պատասխանատվություն չեն կրում: Ինչեւէ, Ա. Ռուստամյանը նաեւ հավելել է, թե «Եթե երկու քաղաքական ուժ արդեն առանց մեզ էլ կոալիցիա կարող են ձեւավորել, մենք չենք դառնա երրորդը… Այսինքն` մենք չենք պատրաստվում դառնալ 5-րդ շարասյուն որեւէ կառավարության մեջ»: Ըստ Ռուստամյանի, քաղաքական ապագա կոալիցիան պետք է ձեւավորեն Աժ ընտրություններում առաջին-երկրորդ տեղերը զբաղեցնող ուժերը՝ երրորդն ավելորդ է: Հարցին, թե ինքն առաջին-երկրորդ տեղերում տեսնո՞ւմ է ՀՅԴ-ին, Ա. Ռուստամյանն ասել է. «Կարծում եմ, որ Դաշնակցությունը կարող է այդտեղ տեղ ունենալ, ինչո՞ւ ոչ… Նվազագույնն այն է, որ մենք պետք է մեր եղած ցուցանիշը պահպանենք: Առավելագույնը` որքան հնարավոր է»: