Նամակ-նամակ

17/01/2007

Հայաստանում հեռարձակվող ութ ռադիոընկերություններ նամակով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, ՀՌԱՀ նախագահին, տրանսպորտի եւ կապի նախարարին: Նրանք անօրինական են համարել հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարի չափը բարձրացնելու մասին որոշումը եւ խնդրել են նրանց միջամտությունը՝ հարցին օրինական լուծում տալու համար: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 01.11.2006 թ. «Հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը հաստատելու մասին» հրամանով տարեկան եթերավճարը 600.000 դրամից բարձրացվել է 900.000 դրամի: «Արմենպրեսին» ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ նախարարությունում քննարկվել է ռադիոընկերությունների նամակը, որին շուտով կտրվի պատասխան` նման որոշում ընդունելու հիմնավորումներով: Ռադիոընկերությունները հրաժարվում են վճարել սահմանված եթերավճարը մինչեւ այս հարցի կարգավորումը: Նամակում նշվում է նաեւ, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` եթերավճարների չափերը եւ վճարման կարգը պետք է հաստատվեն օրենքով, այլ ոչ թե նախարարի հրամանով: