Հարց՝ ինչո՞վ են իրար նման չինացիներն ու պետավտոտեսչության աշխատակիցները (գաիշնիկները)։ Պատասխան՝ երկուսն էլ սնվում են փայտիկների օգնությամբ։
Որքան էլ զարմանալի լինի, իրենք՝ ՊԱՏ աշխատակիցներն էլ վատ չեն զգում այս հանելուկը միմյանց տալուց եւ ծիծաղելուց։ Սակայն, ըստ երեւույթին, շուտով այս հանելուկը, ինչպես նաեւ «գաիշնիկների» մասին մյուս անեկդոտները կդառնան ժամանակավրեպ եւ կմոռացվեն։ Չէ, «գաիշնիկները» չեն մոռացվի, նրանք միշտ կլինեն։ Պարզապես կփոխվի նրանց «իմիջը»՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին բովանդակության տեսանկյունից։
ՊԱՏ համակարգում սպասվող փոփոխությունների մասին լուրերն անցյալ տարվա վերջին տարածվեցին կայծակնային արագությամբ։ Նախ նշենք, որ ՊԱՏ՝ որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի։ Հարազատ դարձած ԳԱԻ-ի փոխարեն մենք այժմ ունենք Ճանապարհային ոստիկանություն՝ ՃՈ՝ ՀՀ Ոստիկանության կառուցվածքում։ ՃՈ պետ գնդապետ Իշխան Իշխանյանը վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ եւ որոշ պարզաբանումներ տվեց։ Սակայն դեռ ամեն ինչ չէ, որ պարզ է, քանի որ համապատասխան օրենքների եւ օրենսդրական փոփոխությունների զգալի մասը դեռ ընդունված չէ։ Մի քանի բառով խոսենք այն փոփոխությունների մասին, որոնք քիչ թե շատ պարզ են։ Նախ, պարեկությունը կատարվելու է շրջիկ եղանակով։ Այսինքն` կանգնած ԳԱԻ մեքենաներ չեն լինի, որոնց տեսնելիս վարորդն ակամայից նյարդայնանում է։ Մեքենաները պետք է կանգնեցնեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Կարեւոր փոփոխություններից է վարորդական վկայականների տրամադրման կարգի հեշտացումը։ Փոփոխություններ են սպասվում նաեւ տեխզննման անցկացման կարգում։ Տեխզննում կիրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները։
Հետաքրքիր է նաեւ ցանկալի համարները («գոլդ» կամ «ծիծակ») աճուրդային եղանակով տրամադրելու նոր կարգը։ Վարորդներին հուզող ամենակարեւոր հարցերից մեկը՝ արձանագրությունների (ակտերի) հարցը դեռ պարզ չէ։ Քննարկման են դրված մի քանի տարբերակներ՝ խախտման դեպքում տուգանքը վճարել տեղո՞ւմ, թե՞ այլ եղանակով։ Այն խոսակցությունները, որ տեսուչը որոշակի մասնաբաժին է ունենալու այդ տուգանքից, «Հայլուրով» անուղղակիորեն հաստատեց Ի. Իշխանյանը՝ նշելով, որ դրա արդյունքում տեսուչների օրինական աշխատավարձը կհավասարվի այն եկամուտներին, որը նրանք հիմա վաստակում են անօրինական եղանակով՝ կաշառքների տեսքով։ Այսինքն, տեսուչին շահագրգռում են, որպեսզի նա «ակտ» գրի։ Պարեկություն կատարող կարգախմբերը պետք է զինված լինեն տեսախցիկներով, որը կֆիքսի նրանց գործունեությունը։ Բացի այդ, պետք է ներդրվի, այսպես կոչված, GPS համակարգը։ Դրանք հատուկ սարքեր են, որոնք տեղադրվելու են ծառայություն իրականացնող ոստիկանական ավտոմեքենաներում։ Դա ոչ միայն կարգախմբերի եւ օպերատիվ ղեկավարման կենտրոնի միջեւ կապ հաստատելու համար է, այլ տեսուչը ցանկացած պահի կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ կոնկրետ մեքենաների վերաբերյալ, իսկ օպերատիվ ղեկավարման կենտրոնը մշտական վերահսկողության տակ կպահի ճանապարհային ծառայություն իրականացնող կարգախմբերի հանդեպ: Այս բոլոր միջոցների արդյունավետությունը կերեւա դրանց իրականացումից հետո, որոնք սահմանված են ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության ՊԱՏ նյութատեխնիկական միջոցների վերազինման, Ճանապարհային երթեւեկության անվտանգության հսկողության ապահովման եւ Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշերի հատկացման կենտրոնների տեխնիկական հագեցվածության ծրագրերով։ Դրանք հաստատվել են ՀՀ Կառավարության 2006թ. հուլիսի 27-ի N 1070-Ա որոշմամբ։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2007-2009թթ.։ Ինչպես նշված է ծրագրում, այս ոլորտում ներկայումս շահագործվող տեխնիկայի կեսից ավելին սպառել է սահմանված ռեսուրսները, ֆիզիկապես ու բարոյապես մաշվել։ Եվ ահա որոշվել է վերազինել։ Իսկ թե ի՞նչ տեխնիկայով է համալրվելու Ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական բազան, կարող եք տեսնել laws.am կայքում տեղադրված որոշման եւ հավելվածի մեջ։ Մենք ձեզ կներկայացնենք առավել հետաքրքիր թվերը։ Եվ այսպես, ճանապարհային երթեւեկության անվտանգության հսկողության համար տեխնիկական ապահովման համար ձեռք կբերվեն 400 պարեկային թեթեւ մարդատար ավտոմոբիլներ՝ 5.575 միլիարդ դրամ, 50 պարեկային մոտոցիկլետներ՝ 420 միլիոն դրամ, 16 էվակուատոր 336 միլիոն դրամ։
Իսկ այս ողջ շքախմբին վերեւից կհսկի ուղղաթիռը, որը նախատեսվում է ձեռք բերել 210 միլիոն դրամով։ Բավական պատկառելի գումար՝ 5.7 միլիարդ դրամ, ծախսվելու է կապի միջոցների վրա։ Դրանց մեջ մտնում են ռադիոկապը, տեսախցիկները (խաչմերուկներում եւ մեքենաների մեջ), տրանսպորտային միջոցներում տեղադրվելիք համակարգիչները, ալկոհոլի պարունակությունը ստուգող սարքերը եւ այլն։ Միայն ավելացնենք, որ «եւ այլնի» մեջ մտնում են նաեւ բջջային հեռախոսները, վատ չի։ Համակարգչային տվյալների շտեմարանի ստեղծման (ծրագրային փաթեթ, համակարգչային տեխնիկա) համար ծախսվելու է 319.2 միլիոն դրամ։
Վերը նշված GPS համակարգի վրա կծախսվի 210 միլիոն։ Զգալի գումարներ են հատկացվելու նաեւ տրանսպորտային միջոցների համարանիշերի հատկացման եւ կենտրոնների շենքերի կառուցման վրա։ 15 տարածքային կենտրոնները, ավտոդրոմը եւ դիագնոստիկ կայանը կարժենան 6 միլիարդ դրամ։ 806 միլիոն դրամ կծախսվի 75 միավոր տրանսպորտային միջոցների վրա (մոտոցիկլետներ, բեռնատարներ, կցորդներ եւ այլն)։ Եվ այս ամենին գումարած՝ շատ ու շատ մանր-մունր բաներ՝ թվային ֆոտոխցիկներ, պրինտերներ, չիպեր (վարորդական իրավունքների պատրաստման համար)։
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 22.9 միլիարդ դրամ, որը հավասարապես բաշխվել է 3 տարվա՝ 2007, 2008 եւ 2009թթ. վրա։ Ամեն տարի՝ մոտ 7.6 միլիարդ։ Հիմա հաջորդ հարցը՝ որտեղի՞ց այդ գումարները։ Հաշվարկը կատարվել է 1 դոլարը 420 դրամ փոխարժեքով, այսինքն՝ ծրագրի արժեքը կազմում է մոտ 54 միլիոն դոլար։ Ինչպես նշված է ծրագրում, ՀՀ գործող օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում ակնկալվում է ստանալ 18.1 միլիարդ դրամ եկամուտ 2007-2009թթ. ընթացքում (հաշվարկն արել են ոստիկանները)։ Այս գումարի մեջ մտնում են նաեւ, այսպես կոչված, արտաբյուջետային միջոցները՝ մոտ 10 միլիարդ դրամ։ Սակայն այս 10 միլիարդից նախատեսվում է հավելավճարներ վճարել ոստիկաններին։ Նշված չէ՝ որքա՞ն մասն է ուղղվելու հավելավճարներին, սակայն մի բան պարզ է՝ այդ 10 միլիարդը ոչ մի դրամով չի թեթեւացնելու 22.9 միլիարդի ընդհանուր ծախսը։
Թեեւ նշվեց 18.1 միլիարդ եկամուտի մասին, պետական բյուջեից 3 տարվա ընթացքում ծրագրին հատկացվելու է 4.1 միլիարդ։ Մնացած մասը՝ 18.8 միլիարդը, ակնկալվում է ստանալ Համաշխարհային բանկից։ Ասում են՝ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում այս կառույցի հետ։ Կարծես արդարացի է՝ ՀԲ-ն իր զեկույցներում այդքան քննադատում է կոռուպցիան, ուրեմն թող բարի լինի փող տա, որ վերացնենք։
Ի մի բերելով` կարելի է ասել, որ ծրագրի հաջողության մասին հնարավոր կլինի խոսել 2010 թվականից ոչ շուտ։ Իհարկե, բոլորն էլ ակնկալում են ճանապարհային ոստիկանին մի քանի տարի հետո պատկերացնել ոչ թե որպես ծառի հետեւում թաքնված իր 1000 դրամին սպասող ու գոլդ համարներով «ֆիրմա» ավտոներից վախեցող մի մարդ, այլ լրիվ հակառակը։ Դժվար թե, ամերիկյան ֆիլմերի նման, ոստիկանը մեքենան կանգնեցնի եւ օգնի մի որեւէ խեղճ տատիկի՝ ծառից իջեցնելով նրա կատվին, սակայն նրանից ոչ ոք դա չի էլ սպասում։ Ընդամենն ուզում են՝ տեղի-անտեղի չկանգնեցնեն ու բոլորին հավասար աչքով նայեն։