Արեք, ինչ ասում ենք, այլապես փողը չենք տա

17/01/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից ստեղծված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը 2005թ. վերջում որոշեց Հայաստանին 236,5 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրել, ՀՀ իշխանություններն այդ որոշումը փորձեցին ներկայացնել որպես բազմաչարչար կոմպլեմենտարիզմի արդարացիության ու տարբեր ոլորտներում մեր պետության արձանագրած առաջընթացի ապացույց:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի եւ ՀՀ միջեւ նախորդ տարվա մարտին կնքված եւ սեպտեմբերին գործողության մեջ մտած համաձայնագրով նախատեսվում է կրճատել գյուղական աղքատությունը: Հայաստանը նախատեսում է դա իրագործել գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին ու ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի միջոցով: Սակայն պարզվեց, որ ընտրություններից առաջ այդքան անհրաժեշտ դրամաշնորհը «կպցնելու» գործում անգամ կոմպլեմենտարիզմն ի զորու չէ երաշխավորել հաջողությունը: Վերոնշյալ որոշումից շատ չանցած արդեն ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը այդ ծրագիրն օգտագործելու է որպես ՀՀ իշխանությունների վրա ճնշման միջոց՝ երկրում ժողովրդավարության, «արդար կառավարման», խոսքի ազատության եւ այլ հարցերում իրական առաջընթաց արձանագրելու համար: 2005-ի դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում կորպորացիայի նախագահ, դեսպան Ջոն Դանիլովիչը քննադատել էր Հայաստանի կառավարությանը: Նա մասնավորապես մտահոգություն էր հայտնել 2005-ի նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած կեղծիքների, ընտրական գործընթացի չարաշահումների, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի եւ մամուլի մատչելիության անհավասարության կապակցությամբ: Ջ. Դանիլովիչը Ռ. Քոչարյանին ուղղված նամակում գրել էր նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ցուցանիշների սանդղակում, որը կոչվում է «արդար կառավարում», Հայաստանը երկու կետով նահանջ է ապրել: Նշվել էր նաեւ, որ կառավարող խորհուրդը տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը, թե «քաղաքական իրավունքների, լրատվամիջոցների մատչելիության եւ քաղաքական ազատությունների ասպարեզում անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել, այլապես ծրագիրը կարող է սառեցվել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարվել»: «Սահմանադրական հանրաքվեի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները մեզ առիթ են տվել հարցնելու՝ արդյո՞ք այդ առաջընթացը կատարվում է: Մենք սպասում ենք ձեր կառավարության քայլերին, որոնք կվկայեն, որ դուք մեծ ցանկություն ունեք բարելավելու ձեր կատարողականը»,- Ռ. Քոչարյանին հասցեագրված նամակում գրել էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն Ջ. Դանիլովիչը: Իսկ կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքս Ռասինը հայտարարել էր, թե արդար կառավարման ոլորտում Հայաստանը որոշ բացթողումներ է ունեցել, եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իմանա. «Այս ծրագրի շարունակականությունը կախված է այն բանից, թե որքանով Հայաստանը կհետեւի այդ չափանիշներին ոչ միայն այսօր, այլեւ ամբողջ ծրագրի ընթացքում»: Ուշագրավ է, որ նախատեսված ֆինանսական միջոցները միանվագ չեն տրամադրվելու Հայաստանին: Վճարային հատկացումները հաստատվում են եռամսյակային կտրվածքով: Նախատեսված 236,5 միլիոն դոլարից մինչ օրս փոխանցվել է ընդամենը 1,39 միլիոն դոլարը՝ այն էլ երկու մասով: Կարճ ասած՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ հասկացնում են՝ ավելի ժողովրդավար դարձեք, թե չէ կարող է փոշմանենք ու փողը չտանք: Իսկ թե կոնկրետ ո՞ր կազմակերպությունների հրապարակած տվյալներն են հիմք ընդունվելու՝ որոշելու համար, թե մեր երկիրը նշված ոլորտներում առաջընթաց արձանագրե՞լ է, թե՞ ոչ, ո՛չ Դանիլովիչը եւ ո՛չ էլ Ռասինը չեն ասել: Սակայն փաստենք, որ նրանց վերոնշյալ հայտարարություններից հետո միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակած զեկույցները Հայաստանի մասով այնքան էլ հուսադրող չեն եւ կորպորացիային հնարավորություն են տալիս ցանկացած պահի դադարեցնել ծրագրի իրագործումը: Նախ հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ արեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային` դադարեցնել օգնության տրամադրումը Հայաստանին՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով: «Freedom House»-ի փորձագետները նշեցին, թե Հայաստանը հետընթաց է գրանցում խոստացած բարեփոխումների իրագործման ոլորտում: Այնուհետեւ «Transparency International» միջազգային կազմակերպությունը հրապարակեց տվյալներ, ըստ որոնց՝ կոռուպցիայի մակարդակով Հայաստանը 2006 թվականին 163 երկրների շարքում շարունակում է մնալ 93-րդ տեղում, իսկ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում կրում է «իմիտացիոն բնույթ»: Իսկ նախօրեին հրապարակած զեկույցում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան մեկ այլ կազմակերպություն՝ «Human Rights Watch»-ը փաստել է, որ Հայաստանում 2006-ին «մամուլի ազատության սպառնալիքները շարունակվել են, ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են եւ աչքի են ընկնում բազմակարծության պակասով»: «Իշխանության վերահսկողության պատճառով Հանրային հեռուստատեսությունը բավարար չափով անկախ չէ` իրադարձությունները անաչառ եւ բազմակողմանի լուսաբանելու համար»,- գրել են զեկույցի հեղինակները: Lրագրողների դեմ իրականացված բռնությունների թվում նշվել են Վանաձորի «Lոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի ու «Չորրորդ իշխանության» լրագրող Գագիկ Շամշյանի դեմ հարձակումները, «Իրավունքի» խմբագրի ծեծն ու «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրի ազատազրկումը: Նշված բոլոր դեպքերում, ըստ փորձագետների, լրագրողները բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով: «Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ստիպեց հարյուրավոր երեւանցիների լքել իրենց տները` դրա դիմաց վճարելով շուկայականից ցածր գին»,- նշել են զեկույցի հեղինակները: Զեկույցում հիշատակվում է նաեւ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի պաշտոնանկությունը: «Այն բանից հետո, երբ առաջին օմբուդսմենի գրասենյակը հանդես եկավ կառավարության աշխատանքը քննադատող զեկույցով, նախագահի եւ Lարիսա Ալավերդյանի հարաբերությունները սրվեցին, եւ 2006-ի հունվարին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց L. Ալավերդյանին: Քայլ, որը կասկածի տակ է առնում Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտավորությունն անկախ օմբուդսմենի ինստիտուտ ունենալու վերաբերյալ»,- փաստել է «Human Rights Watch»-ը: