Սեւ օրերի փողերը

07/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անդրանիկ Մարգարյանի կառավարության երկարակեցությունն այլեւս քաղաքական վերլուծությունների հրապուրիչ թեմա չէ։ Իսկ ՀՀ կառավարությունների գործունեությունները, որպես կանոն, տնտեսական վերլուծությունների չեն արժանանում։ Մինչեւ այժմ միակ բացառությունը Հրանտ Բագրատյանի կառավարությունն էր։ Այն, որ մյուս վարչապետները (ներառյալ` Ռոբերտ Քոչարյանը) տնտեսական վերլուծության չեն արժանացել, տնտեսագետների մեղքը չէ։ ՀՀ նախորդ 8 վարչապետները կամ շատ կարճ ժամանակ են պաշտոնավարել, կամ տնտեսական ինքնատիպ (վերլուծության արժանի) ծրագիր չեն ունեցել։

Տնտեսական այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, կարծում եմ, արժանի է լուրջ ուսումնասիրության։ Խոսքն ամենեւին էլ տնտեսական անտեսանելի ու աննյութական աճի մասին չէ։ Տնտեսագետների համար նաեւ պակաս հետաքրքիր են այն թեմաները, որոնք ուշադրության են արժանանում մամուլում։ Օրինակ, հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք սովորաբար կատարվում են ամեն տարվա սկզբում։ Մամուլի համար այս տարի հետաքրքիր է «պարզեցված հարկի» փոփոխությունների թեման։ Պարզեցված հարկը, որ մի քանի տարի է կիրառվում է Հայաստանում` ընդգրկում էր ամբողջ տնտեսությունը։ Բացառություն արված էր միայն ակցիզավորման ենթակա արտադրության համար։ Այս տարվանից ավելացել են այն ոլորտները, որոնք չեն կարող ընդգրկվել պարզեցված հարկ մուծողների ցանկում։ Այդ ցանկը հիմա վերջնականապես ճշգրտվում է Հարկային տեսչության կողմից։ Այն տնտեսավարողներին, ովքեր պիտի գործեին այս հարկատեսակի ոլորտում, հատուկ դիմում գրելու ժամանակ էր տրված` մինչեւ հունվարի 25-ը։

Հարկային տեսչության պետերին կարելի է հասկանալ։ Նրանք հենց տարվա շեմին են գլխի ընկել, որ խոշոր ու միջին շատ գործարարներ թղթի վրա մանրացնում են իրենց բիզնեսը եւ տեղափոխում «պարզեցված» հարկման տակ։ Գլխի ընկնելուց հետո սկսել են պայքարել։ Ճիշտ է, մինչ այսօր մոռացել են, որ պարզեցված հարկի կիրառման նոր օրենքը պարզաբանումների կարիք ունի։ Պաշտոնական պարզաբանումներ մինչ այսօր հրապարակված չեն։ Եվ արդյունքում օրենքի փոփոխություններից տուժում է մանր բիզնեսը։ Իսկ սա մեր տնտեսական ղեկավարությանը չի հուզում։ Նրանք նշում են, որ պարզեցված հարկը հարկային մուտքերի ծավալում կազմում է 5-6%։ Այն, որ այդ համեստ ծավալն ապահովում են մանր բիզնեսի ոլորտի բազմահազար տնտեսավարողներ, նրանց չի անհանգստացնում։ Հայաստանում վարվող հարկային քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն չունի։ Հայրենի կառավարությունն անմնացորդ նվիրվել է հարկահավաքության գործին։ Եվ սա կառավարությանը հաջողվում է։ Քաղաքական պատճառները մի կողմ թողնելով` կարելի է պնդել, որ սա է Անդրանիկ Մարգարյանի կառավարության երկարակեցության տնտեսական հիմնական գրավականը։ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքին ծանոթացողները կարող են արձանագրել տարօրինակ փաստեր։ ՀՀ կառավարությունն անցած տարի 60 մլրդ դրամի չափով դեպոզիտ ունի ԿԲ-ում։ 2004-ի բյուջեի կատարողականը դեռեւս հրապարակված չէ։ Բայց ակնհայտ է մի բան. կառավարությանը հաջողվել է 60 մլրդ գումար հավաքել եւ չծախսել։ Նախորդ ոչ մի կառավարություն նման քայլի չի գնացել։ Չծախսած գումարից 35 մլրդ-ի մի մասը` 3,75%, մյուս մասը` 4,75% ավանդ է ձեւակերպված։ Կարելի է առայժմ ենթադրել, որ կառավարությանը հաջողվել է կատարել (գուցե նաեւ` գերակատարել) բյուջեն եկամուտների մասով եւ թերակատարել ծախսերի մասով։ Երեւի դրա արդյունքում կարող էր նման մեծ ծավալի գումար տնտեսվել։ Այս դեպքում, միեւնույն է, անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չի ծախսում այդ գումարը։ 2005-ի համար աշխատավարձերի լուրջ բարդացում կատարվեց 2 ոլորտում` պաշտպանության եւ հանրակրթության։ Հայ իրականության մեջ սա աննախադեպ երեւույթ է։ Նախորդ բոլոր կառավարությունները ամիսներ (անգամ` տարիներ) շարունակ բյուջետային պարտքեր էին կուտակում։ Իսկ այսօր մենք փորձելու ենք հասկանալ գործող կառավարության ունեցած (աշխատած, հավաքած) գումարը չծախսելու պատճառը։

Պետությունն ինքն է պաշտոնապես ընդունում բնակչության աղքատության ահռելի ծավալները։ Արդեն երկու տասնամյակ է, պետական միջոցներով ակտիվ բնակարանաշինություն չի իրագործվում։ Ի վերջո, շոշափելի ծավալներով չեն աճում կենսաթոշակներն ու նպաստները։ Տրամաբանական կարող էր համարվել այն բացատրությունը, որ 2005-ի բյուջեով կառավարությունը մեծ պարտավորություններ է վերցրել իր վրա եւ մտավախություն ունի, որ չի կարողանա կատարել այն։ Բայց սա քիչ հավանական է։ Նախ` 2005-ն ընտրական տարի չէ։ Հետեւաբար, կառավարությանը կներվի թերակատարումը։ Երկրորդ` կառավարությունն այս տարի էլ է շարունակում կատարել հարկերի հավաքագրման «պլանը»։ 2005-ի հունվարին բյուջետային մուտքերը կազմել են 20 մլրդ 317 մլն դրամ։ Մի քանի տարի առաջ հունվարի չափաբաժինը 2-3 անգամ պակաս էր։ Փետրվար ամսի առաջին 6 օրվա ընթացքում մուտքերը կազմել են 5,5 մլրդ դրամ։ Փորձագետները բացառում են, որ նման արդյունք հնարավոր է ապահովել հարկային վարչարարության արդյունավետությամբ։ Մանր ու միջին բիզնեսը նախորդ տարիների նման չի բողոքում ուժային մեթոդներով անցկացվող կանխավճարներից։

Այս ամենն, իհարկե, կարելի է դրական գնահատել։ Բայց զգուշավոր փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ կառավարությունն առայսօր հարկ հավաքում է ճիշտ այնքան, որքան պլանավորում է։ Հետեւաբար, ըստ նրանց, մեր պետության մեջ հարկային մեծ ռեզերվ կա։ Եվ դա չի վերաբերում հարկային մուտքերի 60% ապահովող խոշոր բիզնեսի 350 ձեռնարկություններին։ Ի վերջո, հենց որեւէ խոշոր գործարար նախորդ մուծածից մի քիչ ավելի է հարկ մուծում, PR ակցիաներով հոգում է, որ ողջ հասարակությունն իմանա այդ մասին։ Խորհրդային ժամանակներում «ո՞վ է ազնիվ կոմունիստը» հարցին մի պատասխան կար` «նա, ով կուսանդամավճար է մուծում ստացած կաշառքից»։ Կատակով կարելի է ասել, որ բարձրաստիճան չինովնիկներն են սկսել կաշառքից հարկ մուծել։ Տնտեսության վիճակից ու տվյալներից պարզ չէ, թե որտեղից են հավաքվում հարկերը եւ ովքեր են մուծում դրանք։ Փոխարենը` պարզ է մի բան` բյուջեի եկամտային մասը կատարվում է։ Հարկերը հավաքվում են` ճիշտ նախատեսված չափերով։ Կառավարությունը նույնիսկ հետ գցած գումար ունի։ Փոխարենը ծրագիր չունի, թե ինչի վրա կարելի է ծախսել այդ փոխերը։ Կամ էլ պահում է ինչ-որ անհասկանալի սեւ օրվա համար։