«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսի 26-ին` պարտադիր զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Դատարանը որոշել է մինչեւ դատավարության ավարտը նրան պահել ազատազրկման պայմաններում: Դատավարությանը զուգահեռ Ա. Բաբաջանյանը դիմել էր Պաշտպանության նախարարությանը, որպեսզի իր նկատմամբ էլ կիրառվի ՀՀ այն օրենքը, որի համաձայն` 1993-ից մինչեւ 2005թ. զինծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք զորակոչից խուսափելու համար համապատասխան վճարի դիմաց ազատվում են քրեական հետապնդումից: Ա. Բաբաջանյանը վճարել է նաեւ այդ գումարը: Բայց ՊՆ հանձնաժողովը նրա դիմումը մինչ օրս թողել է անպատասխան: Հավանաբար սպասել է մինչեւ վերաքննիչ դատարանը կայացնի իր վճիռը: Իսկ երեկ առանց փաստաբանների ներկայության Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց շարունակել դատավարությունը, չնայած այն բանին, որ Ա. Բաբաջանյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Զարուհի Փոստանջյանը դատը հետաձգելու միջնորդություն էին ներկայացրել: Նրանք դատարանին խնդրել էին հետաձգել դատավարությունը, մինչեւ ՊՆ հանձնաժողովը քննության կառնի Ա. Բաբաջանյանի դիմումը եւ որոշում կկայացնի: Սակայն դատավոր Արշակ Խաչատրյանը ոչ միայն մերժեց միջնորդությունը, այլեւ դատավարությունը սկսեց եւ ավարտեց առանց փաստաբանների: Իսկ դա նաեւ նշանակում է, որ վերաքննիչ դատարանը Ա. Բաբաջանյանին զրկեց դատավարությանը պաշտպան ունենալու հնարավորությունից: Զրկեց նաեւ Վերաքննիչում վերջին ճառն ասելու հնարավորությունից: Ա. Բաբաջանյանը չցանկացավ իր ճառն ասել առանց փաստաբանների: Նա նույնիսկ հրաժարվեց իր պաշտպաններից եւ ժամանակ խնդրեց նոր պաշտպաններ գտնելու համար: Սակայն դատավոր Արշակ Խաչատրյանը նրան չտվեց այդ հնարավորությունը: Վճիռը կայացնելու համար դատարանից պահանջվեց ավելի քան 1,5 ժամ: Այդքան երկար խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց վճիռը մեղմացնել ընդամենը կես տարով եւ Ա. Բաբաջանյանին 4 տարվա փոխարեն ազատազրկեց 3,5 տարով: Մինչդեռ այս ընթացքում նման մեղադրանքով 2 տարուց ավելի ազատազրկում չի սահմանվել: Վերաքննիչի այդ վճիռն ուժի մեջ է մտել կայացման պահից: Ա. Բաբաջանյանը վճիռը հավանաբար կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Ավելացնենք նաեւ, որ դատական օրենքների բարեփոխված տարբերակով հնարավոր է, որ Վճռաբեկ դատարանը բողոքը քննության չառնի: Հիմա Վճռաբեկ դատարանն է որոշում, թե ո՞ր բողոքը քննի, ո՞րը` ոչ: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Աղամալ Հարությունյանը (Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուն) «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին սպանելու համար արժանացավ ընդամենը 1 տարի պայմանական ազատազրկման: