ԿԲ-ի «քնքուշ» ձեռագիրը

17/01/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀՀ ԿԲ-ն հունվարի 11-ին հրապարակել է 2007թ. դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ դեկտեմբերի 30-ի ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը: Երկրի գլխավոր ֆինանսական կառույցի ղեկավարությունն, իր սովորության համաձայն, շարունակում է հավատալ հեքիաթային կյանքին: Լավատեսությունը լավ բան է, բայց դառն իրականությունն ընդունելը, ինչպես հայտնի է, օժանդակում է յուրաքանչյուր քաղաքականությանը:

Ըստ ԿԲ-ի, 2006թ. դեկտեմբերին 2005թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճի 5,2%-անոց մակարդակ` նպատակային 5%-ի պարագայում: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ընթացքում գնաճի նպատակային 3%-ը վերանայվեց եւ շատ հեշտությամբ դարձավ 5%, որովհետեւ ԿԲ-ն ի զորու չեղավ պահպանել նախօրոք ամրագրված ցուցանիշը: Այս փաստը քննադատության արժանացավ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Վերջինս իր զեկույցում նշել էր, որ ԿԲ-ն պետք է խուսափի գնաճի նպատակադրված մակարդակը հաճախակի վերանայելուց: Ըստ ԿԲ կանխատեսումների, 2007թ. դեկտեմբերին 2006թ. դեկտեմբերի նկատմամբ գները կաճեն շուրջ 4,1%-ով: Եթե տնտեսական զարգացումների ԿԲ-ի քաղաքականության սցենարը շարունակվի նախորդ տարվա նման, ապա կարելի է ենթադրել, որ այս տարվա գնաճը կկազմի նվազագույնը 6%:

Անցյալ տարվա գնաճի ցուցանիշի վրա, ըստ ԿԲ-ի, ամենամեծ բացասական ազդեցությունը թողել է տնտեսության արտաքին հատվածը, հետո` իրական հատվածն ու աշխատանքի շուկան, իսկ հարկաբյուջետային հատվածը զսպել է գների աճը: Այսինքն, ԿԲ-ն ուզում է ասել, թե գների աճի ուղղակի կամ անուղղակի մեղավորներն արտասահմանցիները, տեղական գործարարներն ու բնակչությունն են, իսկ իշխանությունները գործ են անում ու պայքարում նրանց արածների դեմ: Օրինակ, ԿԲ-ն նշում է այն, որ դոլարի նկատմամբ եվրոյի արժեւորումը թանկացրել է եվրոգոտուց ներմուծվող ապրանքների դոլարային գները: Մյուս կողմից, չնայած կանխատեսվածից ցածր նավթամթերքների միջազգային գների մակարդակին, այնուամենայնիվ, 2006թ. չորրորդ եռամսյակում, 2005թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ, վերջինս աճել է 7,1%-ով, որը նույնպես նպաստել է Հայաստանում գների աճին: Ըստ ԿԲ-ի, ընդհանուր առմամբ ներմուծվող ապրանքների դոլարային գները 2006թ. չորրորդ եռամսյակում 2005-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 16,5%-ով, իսկ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 17,3%-ով` «ներմուծվող ապրանքների գները պահպանելով գրեթե նույն մակարդակի վրա»: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ ԿԲ-ի նշած «գրեթե» բառի ետեւում թաքնված է այն անտրամաբանական փաստը, որ իրականում Հայաստանում աճել են նաեւ ներմուծվող ապրանքների գները, այն դեպքում, երբ նման տեմպերով դրամի արժեւորումը հակառակ երեւույթին պետք է հանգեցներ:

Ինչպես նշեցինք, ԿԲ-ն գների աճը բացատրում է նաեւ տնտեսության իրական հատվածի զարգացումներով: ԿԲ խորհուրդը հավատում է, որ 2006թ. վերջին 3 ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 13,9%-ով` հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտների հաշվին: Դրա արդյունքում, ըստ ԿԲ-ի, էապես ավելացել են բնակչության եկամուտները, աշխատուժի նկատմամբ պահանջարկն աճել է, ավելացել են միջին աշխատավարձերը. այս ամենը նպաստել է գների աճին: ԿԲ-ն, իհարկե, չի մոռացել իշխանությունների սիրած փաստարկը` մասնավոր տրանսֆերտների մեծ ծավալները (2006թ. հունվար-նոյեմբեր ամիսներին աճը կազմել է 32,2%), որոնք գնաճային ճնշումներ են առաջացնում սպառողական շուկայում, բայց «մասնակիորեն մեղմվում են անվանական փոխարժեքի շարունակվող արժեւորմամբ»: Նկատենք, որ ԿԲ-ն, «շառից-փորձանքից» հեռու մնալու համար օգտվում է հայերեն լեզվի ճկունությունից եւ շատ է օգտագործում այնպիսի նուրբ եւ անորոշ բառեր, ինչպիսիք են` «գրեթե», «փոքր-ինչ», «մասնակիորեն» եւ այլն:

Հետաքրքիր են նաեւ ԿԲ-ի կանխատեսումները 2007-ի համար: Թեեւ ԿԲ նախագահը բազմիցս նշել է, որ աշխարհում ոչ ոք չի կարող փոխարժեք կանխատեսել, այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը դա անում է: Դեռ ավելին, կանխատեսում է դոլարի եւ եվրոյի հարաբերակցությունը: Ըստ ԿԲ-ի, 2007թ. ընթացքում կշարունակվի «եվրոյի սահուն արժեքավորումը եւ տարեվերջին կձեւավորվի 1,35 դոլար մեկ եվրոյի դիմաց փոխարժեք»: Անդրադառնալով ՀՀ արտաքին միջավայրի կանխատեսումներին` ԿԲ-ն ենթադրում է նաեւ, որ նավթի գինը կհասնի 1 բարելի դիմաց 80 դոլարի` այժմյան 61 դոլարի փոխարեն:

2007թ. ընթացքում ՀՀ տնտեսությանը ԿԲ-ն թերահավատորեն է վերաբերվում: Ըստ ԿԲ-ի կանխատեսումների, տնտեսական աճի տեմպերն այս տարի կնվազեն, հիմնականում` կապիտալ շինարարության ոլորտում: ԿԲ-ի գնահատմամբ, գյուղատնտեսության եւ ծառայությունների աճի տեմպերը կպահպանվեն, իսկ արդյունաբերության ճյուղում ակնկալվում է աճի տեմպի «որոշ չափով» ավելացում: Թեեւ արտահանողները շարունակում են դժգոհել դրամի արժեւորումից եւ նրանից, որ չեն կարող միջազգային շուկաներում մրցակցությանը դիմանալ, ԿԲ-ն կանխատեսում է, որ արտահանումը տարվա ընթացքում կաճի: Ի դեպ, այդ աճն, ըստ ԿԲ-ի, ապահովվելու է արդյունաբերության ճյուղի վերականգնմամբ եւ «ադամանդագործության ենթաճյուղում կառուցվածքային խնդիրների լուծմամբ»:

ԿԲ-ն կանխատեսում է ամեն ինչ, նույնիսկ այն, որ 2007թ. ընթացքում ՀՀ ուղարկվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը «փոքր-ինչ» կնվազեն: ԿԲ խորհուրդը չի հրապարակում, թե ինչ է ընկած այս կանխատեսման հիմքում. միգուցե ԿԲ ղեկավարությունն արտասահմանում ապրող ու աշխատող հայերից ինֆորմացիա՞ է ստանում: