Ընկույզի բուժիչ հատկությունները

17/01/2007

Բաղադրությունը: Ջուր` 4,5-5%, ճարպեր` 51-62%, ազոտային նյութեր` 8,6-19%, էքստրակտային ազոտազուրկ նյութեր` 11-20%, բջջաթաղանթ` 2,7-10%, մոխրացող մնացորդ` 1,5-2,5%: A եւ B վիտամիններ քիչ կան, իսկ ոչ հասուն պտուղներում կա 1000-3000մգ վիտամին C:

Կիրառությունը: Հիպոկրատը եւ Դիսկորիդը պտղի շուրջը գտնվող կանաչ կեղեւի եփուկը տալիս էին խմելու` ճիճուների դեմ: Հալենը եւ Պլենկը, երիտասարդ, կանաչ ընկույզների հյութը մեղրի հետ կիրառել են բերանային խոցերի բուժման համար: Բոիլն ընկույզի յուղը կիրառել է քարերի դեմ: Գուֆֆելանդը մի քանի կաթիլ յուղ էր կաթեցնում աչքերի մեջ ծաղկային հիվանդությունից, կարմրուկից տեսողությունը պահպանելու համար: Յուղը բարերար ազդեցություն է թողնում նաեւ վերքերի, խոցերի բուժման ժամանակ:

Տուրնեֆորտը ծառի կեղեւը գինու մեջ որոշ ժամանակ պահելուց հետո տալիս էր ճիճուների դեմ: Բացի դրանից, տերեւների ջրային թուրմը, գինու թուրմն օգտագործել են կոկորդային հեղձուկի, խոցերի լվացման համար: Այն խմելու դեպքում դեղնախտի դեմ է: Ջրային թուրմով լոգանքները բուժում են մաշկային թոքախտը:

Բացի դրանից, ընկուզենու տերեւներն օժտված են տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը լավացնող, թարախային վերքերը բուժող, բորբոքային պրոցեսները ճնշող հատկություններով: Կարելի է նույն նպատակների համար օգտագործել նաեւ սպիրտային լուծույթը: Գերադասելի է տերեւներն ու երիտասարդ ընկույզներն այդ նպատակով հավաքել գարնանը: Չորացած տերեւներից պատրաստում են նաեւ քսուք` ձեթի եւ մոմի հետ միասին, որը նույնպես օժտված է տերեւներին հատուկ բուժիչ հատկություններով:

Ներկայացնենք կիրառական դեղատոմսերից մի քանիսը.

1. 1 ճաշի գդալ չոր տերեւները 2 ժամ պահել նոր եռացրած 1 բաժակ ջրի մեջ (ամանի բերանը փակել) եւ քամել: Երեխաներին տալ օրական 3 անգամ 1 թեյի գդալով` դեղնախտի, ռախիտի եւ վերը նշված այլ հիվանդությունների դեպքում: Այդ թուրմով կարելի է նաեւ ողողել կոկորդը, բերանը` բորբոքային պրոցեսների դեպքում:

2. 3 թեյի գդալ չոր տերեւներն ավելացնել եռացող ջրին եւ վերցնել կրակից: Խմել թեյի ձեւով` օրական 2-3 անգամ:

3. 200-300 գ չոր տերեւները եփել 1 լ ջրի մեջ եւ այն օգտագործել լվացումների, լոգանքի համար:

Կանաչ պտղակեղեւի միջուկով բերանը ողողելն ամրացնում է ատամները: Ընկուզենու ստվերում քնելը նիհարեցնում է: Եթե մարդը ծոմ պահի եւ ծամի միայն ընկույզ, դա կօգնի նյարդային սպազմին, կվերացնի ցնցումները: Կանաչ պտուղներից քամած հյութը, եթե եփվի խաղողի հյութի հետ մինչեւ թանձրանալը եւ դրանով ողողումներ արվեն, կնպաստի կոկորդի ուռուցքի բուժմանը, կամրացնի շարժվող ատամները: Հասուն պտղակեղեւի ալյուրը ընդունելուց կբուժվի միզակապությունը: Կանաչ պտղակեղեւով կարելի է սեւ գույնով ներկել մազերը: Եթե պտղակեղեւի հյութը մեղրի հետ կաթեցվի աչքի մեջ` կանհետանա փառը: Պտղակեղեւի հյութն օգտակար է նաեւ դիֆթերիայի, մրսածության, կույր աղիի բորբոքման դեպքում:

Ընկույզը սպիտակուցներով բավականին հարուստ միրգ է եւ կարող է մեծ հաջողությամբ փոխարինել մսին:

Վանյեն տերեւներից ստացված էքստրակտը կիրառել է ռախիտի, դեղնախտի, թոքախտի բուժման համար, իսկ Ամիրդովլաթ Ամասիացին նշում էր, որ եթե ընկույզի չոր կեղեւը վառվի եւ ցանվի խոցի վրա, այն արագ կլավանա: Ընկույզը հազեցնում է: Իսկ եթե այն ուտեն թզի հետ միասին` թունավորման դեմ է: Ստամոքսի ցավերի դեպքում կարելի է ընկույզը ծեծել, դնել պորտի վրա եւ կապել: Կանաչ պտղակեղեւն արգելակում է հղիությունը:

Կեղեւի մոխիրը գինու եւ ձիթապտղի յուղի հետ տրորելուց հետո կարելի է քսել գլխին, այն արագացնում է մազերի աճը եւ կանխում է ճաղատացումը: