Բուշը կրկին առաջադրեց Հոգլանդին

17/01/2007

Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը դարձյալ առաջադրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Ռ. Հոգլանդի թեկնածությունն արդեն մի անգամ չի ընդունվել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Սենատոր Ռոբերտ Մենենդեսը կասեցրեց Ռ. Հոգլանդի հաստատումը, իսկ նախորդ ամիս էլ Սենատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռեյդի հետ համատեղ նամակ հղեց ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին՝ խնդրելով հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը: Նախորդ գումարման Կոնգրեսի լիազորությունների ավարտին Սենատը վերադարձրեց Հոգլանդի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահին: Վերջինս էլ նորից առաջադրել է Ռ. Հոգլանդի թեկնածությունը արդեն ներկայիս՝ 110-րդ գումարման Կոնգրեսի Վերին պալատի հաստատմանը: