Երեկ նախագահ Քոչարյանը ՀՀ հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե 2007 թ. բյուջեն ենթադրում է լարված աշխատանք, եւ հարկային եկամուտների մեծ աճը հնարավոր է ապահովել միայն նպատակաուղղված եւ «մի քիչ էլ` կոշտ» աշխատանքի շնորհիվ: Նախագահն ավելացրել է նաեւ, թե այդ կառույցների ղեկավարները քաղաքական գործիչներ չեն եւ ընտրությունների հետ որեւէ կապ չպետք է ունենան, այլ պետք է ընդամենը բյուջեի եկամտային մասն ապահովեն:
Նկատենք միայն, որ 2007 թ. բյուջեն, ուզենք թե չուզենք, որոշ իմաստով «նախընտրական» բյուջե է եւ առանց «մի քիչ կոշտ» քայլերի հազիվ թե հնարավոր լինի կատարել: Ենթադրաբար, այդ կոշտ քայլերը պիտի ուղղված լինեն տնտեսությունը ստվերից դուրս բերելուն: Բայց մյուս կողմից էլ, գաղտնիք չէ, որ նախընտրական ծախսերը հոգում է առավելապես հենց նույն ստվերային բիզնեսը: Այլ կերպ ասած, հարկայինն ու մաքսայինը գուցե իսկապես ընտրությունների հետ գործ չունեն, բայց փոխարենը` ընտրությունների հետ գործ ունեն նրանք, ում նկատմամբ ենթադրվում է «կոշտ քայլեր» ձեռնարկել: Այլ հարց է, որ ստվերային բիզնեսը չի կարող միաժամանակ եւ՛ «նախընտրական» բյուջեի եկամտային մաս ապահովել, եւ՛ նախընտրական ստվերային ծախսերը հոգալ: Այնպես որ` «կոշտ քայլերն» ամենայն հավանականությամբ այս անգամ եւս կջարդվեն փոքր ու միջին բիզնեսի գլխին: