Քաղաքական ուժերը բանակցում են

17/01/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ընդամենը հինգ ամիս հետո Հայաստանում կայանալու են խորհրդարանական հերթական ընտրությունները: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ` քաղաքական ուժերի միջեւ ակտիվանում են առաջիկա ընտրություններին զանազան միավորումներով ու դաշինքներով հանդես գալու շուրջ բանակցությունները:

Արդեն հայտնի է, որ միասնաբար հանդես գալու ինչ-որ տարբերակ են մտմտում Արշակ Սադոյանն ու Մանուկ Գասպարյանը: Ուշագրավ է, որ այնպիսի մարդիկ են խոսում միմյանց հետ միավորվելու հավանականության մասին, ովքեր ոչ վաղ անցյալում միմյանց մեղադրում էին աշխարհի գրեթե բոլոր հանցագործությունների համար, ու բացի դա էլ, բազմիցս «քաշել են» նրանց, ում հետ պատրաստվում են բանակցել կամ արդեն բանակցում են:

Օրերս «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հաստատել է այն տեղեկությունները, թե իր ղեկավարած կուսակցությունը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Հայաստանի ժողովրդական կուսակցության» հետ՝ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալու համար: Թեեւ ՀԺԿ-ում կարծեք թե այս հեռանկարով այնքան էլ շահագրգռված չեն: Չի բացառվում նաեւ ՀՀՇ-«Հանրապետություն» համագործակցությունը: Բացի այդ էլ, ընդդիմության շարքերում արդեն կան բազմաթիվ միավորներ՝ «հակակրիմինալ շարժում», «քաղաքացիական անհնազանդության շարժում», Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վազգեն Մանուկյանի նախաձեռնած շարժումը եւ այլն, որոնցից կարող են նախընտրական բազմաթիվ դաշինքներ ծնվել: Համառորեն չեն դադարում լուրերն այն մասին, որ առաջիկա ընտրություններին մեկ դաշինքի կազմում են մասնակցելու ՕԵԿ-ը, ՍԻՄ-ն ու Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունը: «Դաշինքում» այս տեղեկությունները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Մեզ հետ զրույցում երեկ «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը նշեց, թե կուսակցության համագումարում որոշվել է, որ «Դաշինքը» պետք է առանձին մասնակցի ընտրություններին: «Դաշինքներ, որպես այդպիսին, մենք չենք տեսնում: Դա ուղղակի տակտիկան է,- նշեց Ա. Թեւանյանն ու հավելեց,- Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք ոչ միայն ձեր նշած ուժերի (ՕԵԿ-ի ու ՍԻՄ-ի.-Ռ.Թ.), այլեւ ընդդիմադիր դաշտի բավականին լայն սպեկտրի հետ տարբեր քննարկումների եւ կոնսուլտացիաների մեջ ենք՝ ընդհանուր հարցերի շուրջ, այսինքն՝ ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ չտալու, լրագրողների իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերի կապակցությամբ: Չգիտեմ, թե որտեղից եք այդ տեղեկությունները վերցրել, որովհետեւ մենք նման պաշտոնական բան չենք հայտարարել»: Սակայն «Դաշինքում» դաշինքի հավանականությունը չեն բացառում: «Կուսակցությունը համագումարում որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել առանձին: Նոր համագումար չի եղել, եւ մինչ նոր համագումարը մենք առաջնորդվում ենք համագումարի ընդունած որոշումով»,- տեղեկացրեց պրն Թեւանյանը՝ հավելելով, որ նոր համագումարը կլինի այս տարի՝ ընտրություններից առաջ: Իսկ այդ համագումարի ժամանակ, Ա. Թեւանյանի հավաստմամբ՝ հնարավոր է, որ «ինչ-որ բան փոխվի տակտիկայի մեջ»: «Երբ համագումարում կլինեն քննարկումներ, այդ ժամանակ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի տակտիկայի մեջ: Երբ համագումարը տեղի ունենա, այն ժամանակ կարելի է խոսել, որ ինչ-որ բան փոփոխվել է: Այս պահի դրությամբ որեւէ բան մեր ծրագրում չի փոխվել, այսինքն՝ մենք գնալու ենք առանձին»,- նշեց «Դաշինքի» քաղխորհրդի անդամը: Վերջինիս խոսքերով՝ իրենք համագործակցության եւ կոնսուլտացիաների ընդհանուր եզրեր տեսնում են ոչ միայն ՍԻՄ-ի կամ ՕԵԿ-ի հետ, այլ նաեւ ընդդիմադիր ողջ դաշտի: Սակայն ըստ նրա, համագործակցությունն ունի սերտ լինելու որոշակի մակարդակներ: «Ինչ խոսք՝ ՍԻՄ-ի հետ մենք համագործակցում ենք, եւ այդ համագործակցությունը նոր չէ: Բայց դաշինքային հարաբերություններ այս պահին որեւէ մեկի հետ չունենք»,- եզրափակեց Ա. Թեւանյանը:

Սահմանադրական արգելքներ

Ի դեպ, նկատենք, որ ԱԺ առաջիկա ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու մասնակցելու առումով «Դաշինքի» ղեկավար Սամվել Բաբայանը կարող է խնդիրներ ունենալ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածում ասվում է, որ պատգամավոր կարող են ընտրվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին հինգ տարում մշտապես բնակվել են Հայաստանում: Հենց այս դրույթն է, որը կարող է խոչընդոտել Ս. Բաբայանին պատգամավորի թեկնածու գրանցելու համար: Նմանատիպ խոչընդոտներ կարող են լինել նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին ՀՀ նախագահի թեկնածու գրանցելու հարցում: Վ. Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը շատ է ուզում շարունակել իր լուման ներդնել ՀՀ զարգացման գործում: Այս համատեքստում նա երբեւէ չի բացառել նաեւ, որ հնարավոր է, որ այդ լուման ներդնի որպես ՀՀ նախագահ, ասելով, թե չի մտածել այդ մասին, նախագահի առաջիկա ընտրությանը դեռ բավականին ժամանակ կա, պետք է կենտրոնանալ ԱԺ ընտրությունների վրա եւ այլն: Սակայն պարզվում է, որ Վ. Օսկանյանը պարզապես իրավունք չունի որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցել 2008-ին սպասվող ընտրություններին: Բանն այն է, որ, ինչպես երեկ մեզ հետ զրույցում հաստատեց արտգործնախարարի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Վ. Օսկանյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել 1998 թվականի ապրիլին: Իսկ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահ կարող է ընտրվել «վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող» եւ նաեւ այլ պայմանների բավարարող յուրաքանչյուր ոք: 2008-ին լրանում է Վ. Օսկանյանի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու տասը տարին, սակայն բանն այն է, որ դա տեղի է ունենալու ապրիլ ամսին, իսկ նախագահի հերթական ընտրությունները մեր երկրում կայանալու են փետրվարին: Այսինքն՝ Վ. Օսկանյանին «պակասում է» ընդամենը մոտ երկու ամիս: Բայց քանի որ մեզանում նման «մանրուքներն» էական դեր չեն խաղում, չի բացառվում, որ Վ. Օսկանյանը մեծ ցանկության դեպքում կարող է եւ առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ: