Վկայակոչելով Հայաստանի Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանին՝ «ԱՌԿԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Վրաստանը հրաժարվել է Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայից: Լ. Հարությունյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերին Վրաստանը ներկայացրել էր էլեկտրաէներգիա գնելու հայտ, սակայն հետագայում այդ հայտը չի հաստատել: Դրա պատճառը նախարարությանը հայտնի չէ: Այժմ Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա չի արտահանվում: Միաժամանակ Վրաստանը երեկվանից սկսել է գազ ստանալ Ադրբեջանից, որը 90 օրվա ընթացքում 90 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, թե Ադրբեջանը գազը վաճառում է 120 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: «Ասոշիեյթեդ փրեսն» էլ տեղեկացնում է, թե Վրաստանի կարիքները 2007 թվականին կկազմեն 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ: Հիշեցնենք, որ «Գազպրոմը» Վրաստանին մատակարարելու է 1,46 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 235 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Բացի 90-օրյա պայմանավորվածությունից, Վրաստանը լրացուցիչ գազ կստանա Ադրբեջանից, երբ Շահ Դենիզ հանքավայրից ադրբեջանական գազը փետրվարին կսկսի հոսել դեպի Էրզրում: Այդ նոր գազատարով տեղափոխելիք վառելիքից Վրաստանը կստանա տարեկան 250 միլիոն խորանարդ մետր գազ՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 64 դոլարով: Բացի այդ, Թուրքիան իր 3 միլիարդ մասնաբաժնից Վրաստանին է զիջել 800 միլիոն խորանարդ մետրը: