Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, այսպես կոչված, «հնարավորությունների պատուհանն» ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում դեռ փակված չեն համարում: Համենայնդեպս, թերեւս միայն նման եզրակացության կարելի է հանգել՝ ընթերցելով ամերիկյան որոշ հեղինակավոր պարբերականներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հասցեին շռայլորեն տրվող, մեղմ ասած, գովասանական գնահատականները: Օրինակ, «Վաշինգտոն թայմս» թերթը տարեսկզբի իր համարներից մեկում բառացիորեն գրում է հետեւյալը. «Պարոնայք Քոչարյանը եւ Ալիեւը իսկական հերոսներ են: Նրանք միանշանակորեն ԱՄՆ-ին աջակցող իրենց կատարած քայլերով ուրվագծում են իրենց երկրների դիվանագիտական ապագա նախասիրությունները եւ նախընտրությունները: Այս քաղաքական գործիչները չնայած իրենց երկրներում ենթարկվում են կոշտ քննադատության իրենց տակտիկական մեթոդների համար, սակայն երկուսն էլ իսկական պետական առաջնորդներ են, որոնք խաղաղ ընտրություններ են կարողանում անցկացնել»: Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ «երկու երկրներում էլ գործում են օրենսդրական, դատական եւ բազմակուսակցական այնպիսի համակարգեր, ինչի մասին նախկինում հնարավոր չէր նույնիսկ երազել»: Բացի այդ, պարզվում է, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը դինամիկ զարգացող շուկայական տնտեսություններով երկրներ են, որտեղ ընդամենը 15 տարվա ընթացքում ձեւավորվել է կենսունակ ժողովրդավարական համակարգ», եւ ընդհանրապես, ըստ «Վաշինգտոն թայմսի» վերլուծաբանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն «ազատության ջատագովներ են» եւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ կոշտ պայքար մղող ԱՄՆ-ը «ըստ արժանավույն է գնահատել Հարավային Կովկասի երկրների դերը»: Եվ վերջապես թերթի կարծիքով` «Միացյալ Նահանգներին այժմ ինչպես երբեք անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել այն խիզախ ժողովուրդներին, որոնք վճռականորեն հանդես են գալիս Արեւմուտքի կողմից», առավել եւս, որ ըստ «Վաշինգտոն թայմսի»՝ «հայերը ու ադրբեջանցիները համատեղ ուժերով փորձում են տարածաշրջանում կայունության` ծաղկող ժողովրդավարության գոտի ձեւավորել»:
Ի դեպ նաեւ նշենք, որ «Հույսի լույսը Կովկասում» անվանումը կրող այս շատ լավատեսական հոդվածի հեղինակը Վրաստանի պառլամենտի նախկին պատգամավոր Ց. Բակուրիան է: