Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի այս տարվա հիմնական անելիքները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, Ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարությունը: Ռ. Քոչարյանն ասել է, որ տարեսկզբին հարկային եւ մաքսային կառույցների հետ արդեն ավանդական դարձած այս հանդիպումը շատ պարզ նպատակ ունի: «Առաջինը` ձեզ տոնական տրամադրություններից եւ սեղաններից բերել աշխատանքային վիճակի, եւ հիշեցնել, որ այս տարվա բյուջեն լարված աշխատանք է ենթադրում, շատ մեծ հարկային եկամուտների աճ է նախատեսված եւ այդ աճը հնարավոր է ապահովել նպատակաուղղված եւ մի քիչ էլ` կոշտ աշխատանքի շնորհիվ: Պետք է հասկանալ` պատրա՞ստ եք դուք արդյոք վարչարարության կատարելագործման եւ խստացման ճանապարհով կատարել այս տարվա առաջադրանքները»,- ասել է Ռ. Քոչարյանը: Ըստ նրա, հիմնական պահանջը լինելու է, թե ՀՆԱ-ի համեմատությամբ ինչ կարգի հարկային մուտքեր են ապահովվում: «Գործարարների հետ հանդիպմանը ես նշեցի, որ ցուցանիշները տարեցտարի լավանում են, բայց երբ համեմատում ենք մեր վիճակը այլ երկրների` Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի հետ, ապա դուք վատ եք աշխատում: Այս տարվանից գնահատելու ենք ձեր աշխատանքը հենց այդ համեմատության մեջ»,- ընդգծել է Ռ. Քոչարյանը:
Նա նաեւ նշել է, որ Նախագահի Վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հարկային եւ մաքսային կառույցներում չկա բավարար եռանդ վիճակը կտրականապես փոխելու համար: «Չեմ կարծում, թե ճիշտ է անընդհատ վերահսկողության ծառայության կողմից կատարվող ուսումնասիրությունների շնորհիվ հիշեցնել ձեզ, որ այս կամ այն ոլորտում ունենք մեծ ծավալի ստվերային տնտեսություն, եւ ձեր պարտքն է դրա դեմ պայքարել: Ես ծառայությունների ներսում բավարար չափի եռանդ դեռ չեմ տեսնում ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով: Կա բարելավում, բայց այն բավարար համարել այսօրվա իրավիճակում մենք չենք կարող: Այս տարի ավելի մեծ պահանջ է լինելու իմ եւ կառավարության կողմից ձեր աշխատանքների որակի նկատմամբ»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նրա խոսքերով, վերջին երկու-երեք տարիների ընթացքում հարկային-մաքսային ծառայություններում ակտիվ բարեփոխումներ են իրականացվել վարչարարությունը կատարելագործելու համար: «Կատարված աշխատանքն այսօր արդեն հնարավորություն է տալիս որակապես այլ արդյունքներ ունենալ: Մենք պետք է շարունակենք բարեփոխումները, կա լուրջ ծրագիր, որը միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ միասին է կազմվել, եւ ձեր ընթացիկ աշխատանքն ու այս բարեփոխումները պետք է զուգահեռ ընթանան»,- ասել է ՀՀ նախագահը: Վերջում նա հարկային եւ մաքսային մարմիններից պահանջել է աշխատանքի որակական փոփոխություն եւ նշել է, որ նրանց գործունեությունն ու առաջադրված խնդիրների լուծումը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում: