Ռուսները դժգոհ են «ԱրմենՏելի» վիճակից

17/01/2007

Մեր տեղեկություններով` «ԱրմենՏելի» նոր սեփականատեր «ՎիմպելԿոմի» ղեկավարները դժգոհ են ընկերության ներկայիս տեխնիկական հագեցվածության մակարդակից եւ սարքավորումների որակից: Չնայած նոր սեփականատերերը դեռ պաշտոնապես կարծիք չեն հնչեցրել, գուցեեւ ընդհանրապես չհնչեցնեն՝ ելնելով գործարար էթիկայից կամ ձեռք բերած պայմանավորվածությունից, այնուամենայնիվ, մասնավոր զրույցների ընթացքում ռուս կառավարիչները նշում են, որ այս տարիների ընթացքում «ԱրմենՏելն» աշխատել է հին, ոչ ժամանակակից սարքավորումներով, որոնք բացարձակապես չեն համապատասխանում հեռահաղորդակցության արդիական չափանիշներին: Ռուսները նույնիսկ ասում են, թե «Արմենտելի» նյութատեխնիկական վիճակն ավելի վատ է, քան իրենք պատկերացնում էին, երբ գնում էին ընկերությունը: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելում» ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը դեկտեմբերին «168 Ժամին» տված հարցազրույցում նույնպես նշել էր ընկերության տեխնիկական վատ հագեցվածության մասին: Այն մասին, որ «ԱրմենՏելի» նախկին սեփականատեր հունական OTE ընկերությունը Հայաստանում կատարում էր ֆինանսական չարաշահումներ, չափազանց ուռճացված էր ներկայացնում կատարած ներդրումները եւ Հունաստանից ներկրում ու մեր կապի համակարգում տեղադրում էր ոչ ժամանակակից սարքավորումներ, որոնց հզորությունը բավարար չէր որակյալ կապ ապահովելու համար: Դրա վկայությունն է նաեւ այն հանգամանքը, որ «ԱրմենՏելի» կապի համակարգում հաճախակի են խաթարումները, իսկ տոնական օրերին անհնար է դառնում բջջային կապով զանգելը: Այս տարի ամանորյա տոներին նույնպես անհնար էր «ԱրմենՏելի» բջջային կապից զանգահարելը կամ հաղորդակցություն ուղարկելը: Դեկտեմբերի 31-ին ուղարկած հաղորդագրությունները տեղ էին հասնում միայն հունվարի 4-ին կամ 5-ին: Արդեն 10 տարի է, ինչ «ԱրմենՏելը» բջջային ծառայություն է մատուցում, բայց տարրական այս պայմանները դեռ չի ապահովել: Երեկ կեսօրին ժամը 12:30-ից հետո նույնպես որոշ ժամանակով խաթարվել էր ընկերության բջջային կապը եւ հնարավոր չէր զանգահարել: «ԱրմենՏելի» լրատվական ծառայությունից մեկնաբանեցին, որ «օպտիկամանրաթելային մալուխի հետ պրոբլեմ կար»: