Կիրականանա՞ գործարքը

17/01/2007

«Արտգործնախարարությունը զենքի արտահանման թույլտվություն չի տալիս՝ դա Սերբիայի կառավարության գործն է,- «Վեչերնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Դրաժկովիչը եւ հավելել,- Մենք միայն քաղաքական կարծիք ենք տրամադրում, եւ այդ կարծիքը չի փոխվել»: «Մենք երկար ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի արգելք է սահմանել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, եւ, որ կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 8153 պարտադրող բանաձեւը, որը բոլոր երկրներից պահանջում է ձեռնպահ մնալ Հայաստանին կամ Ադրբեջանին որեւէ զենքի կամ զինամթերքի մատակարարումից»,- ասել է Սերբիայի արտգործնախարարը: Ըստ որոշ տեղեկությունների, սերբերը մտադիր են Հայաստանին 2,6 միլիոն դոլարի զենք վաճառել 2007 թվականի առաջին ամիսներին: Սերբական Կրագուեւաց քաղաքում գտնվող «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Հայաստանին հրազեն է վաճառվում, հիմնականում` ավտոմատներ: Նախատեսվում է հունվարի վերջին առաքել առաջին խմբաքանակը, իսկ մարտին` ամբողջությամբ ավարտել մատակարարումը: Սերբիայի արտգործնախարարը հիշատակել է նաեւ ԱՄՆ-ի կառավարության որոշումը՝ դադարեցնել գործակցությունը զենքի վաճառքի արգելքը խախտող երկրների հետ, եւ հավելել. «Քանի որ Կրագուեւացի զինագործները տարեկան ավելի քան 20 միլիոն դոլար են վաստակում Միացյալ Նահանգներ զենքի արտահանումից, մեծ է Հայաստանի հետ 2 միլիոնանոց գործարքի պատճառով 22 միլիոն դոլար կորցնելու վտանգը»: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ գործարքը Սերբիայում բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պայմանագիրը ստորագրվել էր անցած ամռանը, բայց աշնանը Սերբիայի կառավարությունը արգելափակել էր դրա իրականացումը: Դեկտեմբերի սկզբին «Զաստավա» ընկերության ղեկավարները քննադատել են Սերբիայի կառավարությանը` Հայաստանի հետ համաձայնեցված գործարքն արգելափակելու համար: «Զաստավայի» 2600 աշխատողներ գործադուլ են հայտարարել` կառավարությունից պահանջելով թույլատրել Հայաստանի հետ նախատեսված գործարքի իրականացումը կամ տալ ֆինանսական փոխհատուցում: Կառավարությունը կտրականապես հրաժարվում է կատարել նրանց պահանջները: Դրաժկովիչն ընդգծել է, որ ինքը ի սկզբանե եղել է այն կարծիքին, թե «պետությունը պետք է փոխհատուցեր զենք արտադրողներին»: Միաժամանակ, նա նշել է, որ կառավարության հավանության դեպքում Հայաստանին զենքի վաճառքը կարող է կայանալ: «Եթե կառավարությունը դա որոշի նախագահ Տաջիչի վարած, իմ կարծիքով, անպատասխանատու եւ գաղտնի դիվանագիտությունից հետո, ապա մեր պետությունը պարտավորված կլինի զեկուցել զենքի արտահանման մասին ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին եւ բացատրել նրանց, թե ինչո՞ւ են զենքի վաճառքի արգելքը եւ ՄԱԿ-ի պարտադրող բանաձեւը խախտվել»: