«ԳԱԱ նախագահության կողմից ծաղկաձորյան քննարկումների բացահայտ բոյկոտը, նույն նախագահության կողմից փաստաթղթի դրույթների վերաբերյալ քննադատական հրապարակային ելույթները եւ ստեղծված փաստաթղթի հաստատման նկատմամբ ՀՀ կառավարության կողմից ներկայիս անորոշ դիրքորոշումը, ինչպես նաեւ այն փաստը, որ գիտության ոլորտի 2007 թ. պետբյուջեի մասը որակապես չի տարբերվում 2006-ի պետբյուջեից, հանգեցնում են այն եզրակացությանը, որ որոշ ուժեր փորձում են վիժեցնել ՀՀ նախագահի՝ գիտության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականի իրականացումը: Այդ ուժերի «ծանր հրետանին» տեղակայված է Բաղրամյան 24 հասցեում` այսինքն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է»,- երեկ լրագրողներին հայտարարել է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանը: Բանն այն է, որ ՀՀ նախագահի հանձնարարականով ստեղծվել է նախարարությունների, բուհերի, ԳԱԱ նախագահության ներկայացուցիչների ընդգրկող միջգերատեսչական հանձնաժողով` մշակելու համար գիտության ոլորտում բարեփոխումների հայեցակարգ: «Ինձ առաջարկեցին, բայց ես հանձնաժողով չգնացի, որովհետեւ առաջին հերթին պետք է բարեփոխվենք այն մարդկանցից, որ այդ հանձնաժողովում են»,- հայտարարել է Հ. Կարապետյանը: ԳԱՏԱՀ-ը եւ հանձնաժողովը սակայն 2006թ. դեկտեմբերի 9-ին Ծաղկաձորում նախաձեռնել են «բաց եւ չսղագրվող» քննարկում, որին ներկա չի եղել «առաջին հայացքից ամենաշահագրգիռ կողմը` ԳԱԱ նախագահությունը»: Իսկ ՀՀ կառավարությունն էլ անցած մեկ ամսում ոչինչ չի արել` պարզ չէ հայեցակարգի ճակատագիրը: Երեկ անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա հայտարարել է, թե ԳԱՏԱՀ-ը երբեք աչքի չի ընկել գիտական ծրագրերով եւ այդ իսկ պատճառով էլ իրավունք չունի մեղադրել ու քննադատել «երկրի ԳԱԱ ղեկավարությանը»: Ռ. Մարտիրոսյանն իրեն ուղղված քննադատությանը հակադարձել է մի կոնկրետ փաստով: ԳԱՏԱՀ տեղեկությունը, թե ԳԱԱ նախագահության պահպանման տարեկան ծախսը 750 հազար դոլար է, չի համապատասխանում իրականությանը: Ռադիկ Մարտիրոսյանը ասել է, թե նախագահության պահպանման համար ինքը պետական բյուջեից ստանում է 600 հազար դոլար, որի կեսն էլ տրամադրում է Ակադեմիայի անդամների պատվովճարներին: Մյուս կեսով գրքեր են հրատարակում եւ հազիվ աշխատավարձեր բաժանում, որոնք ամենացածրն են ԱՊՀ-ում: