Որսացեք ում ուզում եք

16/01/2007

Մոտ ապագայում որոշ որսորդներ կկարողանան անարգել որսալ Կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Նման հնարավորություն, հատուկ փաստաթղթի առկայության դեպքում, տալիս է «Որսի մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը օրինագիծը ներկայացրել էր հասարակական քննարկման: Փաստաթուղթը նախատեսում է պետական տարածքների օգտագործման դիմաց որսորդական տնտեսություններին 10 տարով ազատել համապատասխան վճարումներից: Թույլատրվում է նաեւ այդ տարածքներում շինությունների կառուցում: Այդ արտոնությունները կառավարության ներկայացուցիչների խոսքով, նախատեսված են «Հայաստանում տուրիզմի զարգացման համար»: Ի դեպ, նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով, սակայն պատգամավորները այն դեռ չեն քննարկել: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության ղեկավար Կարեն Ճենտերեճյանի խոսքերով, պահպանվող կենդանիների որսը հատուկ թույլտվության առկայությամբ շատ երկրներում է կիրառվում. «Ես անձամբ դեմ եմ որսին, չնայած որ ժամանակին զբաղվել եմ որսորդությամբ: Այս դեպքում որսը պիտի դիտել իբրեւ տուրիզմի զարգացման միջոցներից մեկը»,- նշել է նա: