Հունվարի 8-ին Փարիզ-Երեւան չվերթը կատարող «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռը թռիչքն իրականացրել է մոտ 12 ժամ ուշացումով: Երեւան եկող ուղեւորները եկել են Փարիզի օդանավակայան եւ տեղեկացել, որ իրենց թռիչքն ուշանալու է: Բայց թե որքա՞ն ժամանակով, ուղեւորներին չեն տեղեկացրել: Եթե ուղեւորներին ավելի վաղ տեղեկացնեին, մարդիկ, որոնք գործեր ունեին պլանավորած, միգուցե նույնիսկ հասցնեին «Այր Ֆրանս»-ի տոմս ձեռք բերել եւ ժամանակին տեղ հասնել: Ուղեւորներին չեն տեղեկացրել նաեւ այն մասին, թե ինչո՞ւ է հետաձգվում թռիչքը: Միայն ասել են՝ սպասեք: Փարիզի «Դը Գոլ» օդանավակայանում թռիչքի սպասող ուղեւորներից մի քանիսը սպասասրահի պատուհանից հանկարծ նկատել են, որ հայկական ինքնաթիռի անիվներից մեկն իջել է: Հետո նրանք «Արմավիայի» աշխատակազմից տեղեկացել են, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռի անիվը շարքից դուրս է եկել: Այդ անիվը հնարավոր չի եղել վերանորոգել, եւ Փարիզ-Երեւան թռիչքը հետաձգվել է այնքան ժամանակ, մինչեւ որ Բելգիայից ավտոմեքենայով նոր անիվ են բերել, եւ ինքնաթիռն իր չվերթն իրականացրել է կեսգիշերին մոտ: Նախկինում ինքնաթիռներում պահուստային անիվներ էին պահում, կամ էլ ընկերությունները օդանավակայաններում պահուստային մասեր էին ունենում: Սակայն «Արմավիան» հազիվ է «ծերը ծերին» հասցնում, ուր մնաց թե պահուստի մասին մտածի: Եթե ինքնաթիռում լրացուցիչ անիվ լիներ, ապա թռիչքը 12 ժամի փոխարեն կհետաձգվեր 2-3 ժամ: Իրեն հարգող ընկերությունը միշտ պետք է պատրաստ լինի նման տհաճ անակնկալների, իսկ նման դեպքերում էլ պետք է իր ուղեւորներին տեղեկացներ թռիչքի ուշացման պատճառը եւ տեւողությունը, ինչը «Արմավիան» չի արել: Պատասխանատվության նման պայմաններում, պարզ է, որ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող: Իհարկե, ուղեւորներին մեկական բուտերբրոդ եւ ջուր տրամադրվեց ընկերության կողմից: Բայց, միեւնույն է, այդքան ժամերի ընթացքում ուղեւորներն օդանավակայանում սնվելու կամ այլ կարիքների համար չնախատեսված ծախսեր են կատարում, որի համար «մեղավոր» ընկերությունը, տվյալ դեպքում` «Արմավիան» պետք է փոխհատուցեր: Սակայն նման քաղաքակիրթ սպասարկումը հայրենի ավիաընկերությանը հատուկ չէ, մանավանդ, որ այս ընկերության կազմակերպած թռիչքները շատ հաճախ են ուշացումով կամ այլ խնդիրներով տեղի ունենում: Ավելի ճիշտ՝ մեկ-մեկ են ժամանակին տեղի ունենում: Եվ ոչ մի դեպքում ընկերությունը վնասի փոխհատուցում չի կատարում: Նմանատիպ իրավիճակի մեջ հաճախ են ընկնում նաեւ «Արմավիայից» օգտվող Մոսկվայից Երեւան եկող ուղեւորները: Չվերթերի ուշացման տեխնիկական խնդիրներից բացի, ամենատհաճն այն է, որ այդ ընկերության ներկայացուցիչները չեն բարեհաճում անգամ մարդկանց տեղյակ պահել «իրենց գլխի գալիքի» մասին: Իսկ չտեղեկացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ ողջ ճշմարտությունն իմանալով՝ հետ չվերադարձնեն իրենց տոմսերը: