Արտահանման ապագան

16/01/2007

Այսօր փոխարժեքն արժեւորվում է: Եվ այդ արժեւորումը տեւում է արդեն 4 տարի: Չխոսելով արժեւորման պատճառների մասին, քանի որ արդեն շատ է քննարկվել այդ թեման, կփորձենք այս հոդվածում անդրադառնալ նրա հետեւանքներին՝ դիտարկելով այն արտահանողների տեսանկյունից:

Ոչ մի երկրում կասկածի տակ չի դրվում, որ փոխարժեքի արժեւորումը կրճատում է արտահանման ծավալները եւ ավելացնում ներմուծմանը, քանի որ արտահանողները ստիպված ավելացնում են իրենց արտահանման դոլարային գները՝ աշխատելով պահպանել շահութաբերության մակարդակը, իսկ ներմուծողները (ազատ մրցակցային շուկայի պայմաններում) նվազեցնում են ներմուծվող ապրանքների դրամային գները՝ ավելացնելով ներմուծման ծավալները:

Բայց այս ամենը միանշանակ տեղի ունի միայն պարզեցված մոտեցման դեպքում: Ընդհանուր առմամբ Հայաստանից արտահանվող ապրանքները կարելի է բաժանել 3 խմբի.

1. Համասեռ, որոնք միջազգային շուկաներում ունեն կատարյալ փոխարինիչներ, քանի որ այդ ապրանքները որակական հատկություններով չեն տարբերվում եւ, հետեւաբար, այս ապրանքների շուկաներն ազատ մրցակցային են:

2. Դիֆերենցված, որոնք միջազգային շուկայում ունեն մասնակի փոխարինիչներ, քանի որ այդ ապրանքները նման ապրանքներ են, սակայն տարբերվում են իրենց որակական հատկանիշներով, եւ, հետեւաբար, այս ապրանքների շուկաները մենաշնորհային մրցակցային են (այս խմբի հետ կարելի է նույնացնել նաեւ ներմուծման հետ մրցակցող ապրանքները եւ բոլոր հետագա դատողությունները կարելի է վերագրել նաեւ նրանց):

3. Բացի այս երկուսից, առանձնահատուկ ուշադրության են արժանի այն ապրանքները, որոնք ներմուծվում են վերամշակման եւ արտահանման համար, որն իրականում հանդիսանում է ոչ թե արտահանում, այլ եկամուտ աշխատուժի դիմաց, այսինքն` միայն աշխատավարձ:

Այժմ դիտարկենք այս երեք դեպքերը եւ փորձենք հասկանալ, թե փոխարժեքի արժեւորումն ինչպես է ազդել արտահանողների վրա, եւ ինչպիսի ռազմավարությունը ճիշտ կլինի նման պայմաններում:

1. Համասեռ ապրանքներ արտահանողների համար արտաքին աշխարհի գները համարվում են տրված, եւ առանձին արտադրողը չի կարող ազդել նրանց վրա: Այդպիսի ապրանքներ են Հայաստանում արտադրվող պղինձը, մոլիբդենը, ոսկին, ցեմենտը, կաուչուկը, սեւ մետաղները եւ այլն: Նման ապրանքների արտադրողները հնարավորություն չունեն փոխելու իրենց ապրանքների գներն արտաքին աշխարհում, քանի որ դրանք սահմանվում են բորսաներում կամ ընդհանուր շուկաներում նույն ապրանքներն արտադրող մրցակիցների կողմից: Համասեռ ապրանք արտադրողները փոխարժեքի արժեւորման դեպքում հնարավորություն չունեն բարձրացնելու իրենց ապրանքների գները եւ արժեւորման ամբողջ չափով կրճատվում է նրանց դրամային շահույթը:

Հայաստանի դեպքում, քանի որ փոխարժեքի արժեւորման հիմքում հիմնականում ընկած են համաշխարհային գործընթացներ՝ դոլարի արժեզրկում տարբեր արժույթների եւ իրական ապրանքների նկատմամբ, ապա այդ ապրանքների գները միջազգային շուկաներում էապես ավելանում են, եւ մեր արտահանողները վնասներ չեն կրում եւ նույնիսկ կարող են ստանալ գերշահույթներ, եթե այդ ապրանքների գները միջազգային շուկաներում ավելի արագ աճեն, քան դրամի արժեւորումն է:

Աղյուսակ 1. Միջազգային ապրանքահումքային բորսաներում գնանշվող որոշ ապրանքատեսակների գները (International Financial Statistics, IMF, Sep-06):

Այսպիսով, ինչպես երեւում է Աղյուսակ 1-ից, համասեռ ապրանք արտադրողներն ընդհանուր առմամբ նույնիսկ ստանում են գերշահույթներ փոխարժեքի եւ գների փոփոխությունների համադրումից: Օրինակ՝ մոլիբդենի արտահանումը («Երկաթամիահալվածք» (գերակշիռ մասը ֆերոմոլիբդենն է), «Մոլիբդենի հանքաքար եւ խտանյութ», ինչպես նաեւ «Մոլիբդեն, արտադրանք, թափոն եւ ջարդոն» ապրանքախմբերի գումարը) Հայաստանից 2002 թ.-ին կազմել է ընդամենը 12.9 մլն ԱՄՆ դոլար, ապա 2005թ. այն կազմել է 283.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների համար՝ 182.6 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ասվում է, տարբերություններն ակնհայտ են:

2. Փոքր-ինչ ավելի բարդ է դիֆերենցված ապրանքների դեպքը: Այստեղ արտահանողները կարող են փոփոխել իրենց ապրանքների գները, քանի որ նրանց մրցակից ապրանքները հանդիսանում են ոչ կատարյալ փոխարինիչներ: Հայաստանում նմանատիպ ապրանքներ են պատրաստի սնունդը (պանիր, մրգեր, պահածոներ, կոնյակ, սիգարետ), մանածագործական արտադրանքը (գորգեր, տրիկոտաժե արտադրանք), ոսկերչական իրերը, մեքենաները եւ սարքավորումները: Սակայն արտահանվող ապրանքի գների փոփոխությունն ազդում է նրանց պահանջարկի վրա՝ կախված այդ ապրանքի եւ իրեն փոխարինող ապրանքի փոխարինելիության աստիճանից:

Եթե ապրանքները բարձր որակյալ են, ապա արտահանողները կարող են որոշակի շրջանակներում գին թելադրել շուկային եւ փոխարժեքի արժեւորումը կարող են չեզոքացնել գների աճի միջոցով: Մեկ տոկոս փոխարժեքի արժեւորումը նրանք կարող են չեզոքացնել ապրանքների դոլարային գների մեկ տոկոս բարձրացմամբ, որը միավոր ապրանքին ընկնող շահույթը կպահպանի նույն մակարդակի վրա: Վաճառված ապրանքի ծավալը, ճիշտ է, մի փոքր կնվազի, սակայն այդ նվազումը կլինի փոքր, քանի որ պահանջարկը բավականին զգայուն չէ գների նկատմամբ, իսկ այդ նվազումն արդեն հեշտ կլինի փոխհատուցել մարքետինգային միջոցառումների արդյունքում վաճառքի ծավալների ընդլայնմամբ:

Մյուս դեպքը նշանակում է, որ հայկական արտադրողները գործում են շուկայի էժանագին հատվածում, արտահանում են այնպիսի ապրանք, որը հեշտությամբ փոխարինվում է նմանատիպ ապրանքներ արտադրողների արտադրանքի կողմից (այսինքն` ոչ մի որակական տարբերություն չունի) եւ, փաստորեն, հիմնված է գնային մրցունակության եւ, հետեւաբար, էժան ծախսերի՝ հիմնականում էժան աշխատուժի վրա: Իրոք նման արտահանումը տուժում է փոխարժեքի արժեւորումից՝ գները փոփոխելու անկարողությունը (քանի որ արտահանման ծավալներն էապես կկրճատվեն) բերում է նրան, որ արժեւորումն անմիջապես ազդում է ձեռնարկությունների շահութաբերության նվազեցման վրա:

Սակայն երկրի զարգացումը ենթադրում է ձեռնարկությունների ծախսերի աճ, մասնավորապես, աշխատավարձերի աճ: Սա անխուսափելի է, եւ արտահանողները պետք է դրա հետ համակերպվեն: Դա նշանակում է, որ, եթե երկիրը պետք է զարգանա, ապա արդյունաբերությունը, հատկապես դրա արտահանվող մասը, պետք է կարողանա անցում կատարել էժան աշխատուժի շահագործումից ստացվող աշխատատար ապրանքների արտադրությունից ավելի կապիտալատար ապրանքների արտադրության:

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության զեկույցի, այն երկրները, որոնցում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի գերազանցում 2000 ԱՄՆ դոլարը, համարվում են գործոնային տնտեսություններ, երկրորդ խումբ երկրները՝ 3000-9000 ԱՄՆ դոլար եկամտով՝ ներդրումային տնտեսություններ, իսկ երրորդ խումբը՝ ավելի քան 17.000 ԱՄՆ դոլար 1 շնչին ընկնող եկամտով՝ նորամուծական երկրներ: Երկրները, որոնց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գտնվում է 2000-3000 ԱՄՆ դոլար կամ 9000-17.000 ԱՄՆ դոլար միջակայքերում, համարվում են անցումային երկրներ առաջինից երկրորդ կամ երկրորդից երրորդ ձեւի երկրների միջեւ:

Այս տեսության եւ դասակարգման հեղինակը Մայքլ Պորտերն է, ըստ որի, առաջին տիպի երկրները հիմնված են էժան գործոնների շահագործման վրա, երկրորդ տիպի երկրները՝ ներդրումների միջոցով ձեռք բերված տնտեսական արդյունավետության վրա, իսկ երրորդ ձեւի երկրները` եզակի արժեքների ստեղծման վրա: Գործոնային աճի վրա հիմնված տնտեսությունները մրցում են միայն գնի միջոցով, հետեւաբար շատ զգայուն են համաշխարհային տնտեսական ցիկլերի, ապրանքների գների եւ փոխարժեքների տատանումների նկատմամբ, ներդրումային աճի վրա հիմնված տնտեսությունները զգայուն են ֆինանսական ճգնաժամերի եւ արտաքին (կոնկրետ տնտեսության ճյուղերին առնչվող) ցնցումների նկատմամբ, սակայն արդեն կախված չեն գնային գործոններից, իսկ նորամուծական տնտեսությունները բնութագրվում են նշանակալի տարբերակվող արդյունաբերությամբ եւ բավականին կայուն են արտաքին ցնցումների նկատմամբ:

Վերադառնալով Հայաստանին, դժվար չէ նկատել, որ Հայաստանը 2006թ. գնահատականներով գտնվում է առաջինից երկրորդ ձեւի մրցունակության անցման փուլում, քանի որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2006 թ.-ի արդյունքներով կկազմի մոտ 2100 ԱՄՆ դոլար: Այսինքն, նոր փուլում Հայաստանի համար ավելի ակտուալ են դառնում հետեւյալ գործոնները՝ բարձրագույն ուսուցումն ու վերապատրաստումը, շուկաների արդյունավետությունը (ապրանքների, աշխատուժի եւ ֆինանսական), ինչպես նաեւ` տեխնոլոգիական պատրաստվածությունը: Հետեւաբար, Հայաստանի արտահանողները պետք է անցում կատարեն էժանագին ռեսուրսների շահագործումից ապրանքանիշերի զարգացման, մարդկային կապիտալի զարգացման եւ հետազոտությունների վրա հիմնված ներդրումային աճի տնտեսության: Այս պարագայում մրցունակությունը դառնում է ավելի կայուն եւ արդեն կախված չի լինում գնային գործոններից:

3. Ինչ վերաբերում է տոլինգային սխեմաներով արտահանմանը, ապա նրանք ամենաթույլ եւ ակնհայտորեն էժան աշխատուժի շահագործման վրա աշխատող տնտեսության ճյուղերն են, որոնք երկարաժամկետ հատվածում չեն կարող գոյատեւել: Աշխատավարձերի աճը, որը զարգացող երկրի համար անխուսափելի է, կբերի նրան, որ այս ճյուղերը մրցունակ չեն լինի էժան աշխատուժով առատ համաշխարհային առաջատարների՝ Չինաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ եւ կամ կվերապրոֆիլավորվեն, կամ կդադարեն աշխատել: Նման ճյուղերի զարգացման վրա շեշտը դնելը նշանակում է սահմանափակել երկրի աշխատավարձերի կամ եկամուտների չափը Չինաստանի կամ Հնդկաստանի եկամուտներով, որը բավականին ցածր է (2005 թ.-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Չինաստանում կազմել է 1692 ԱՄՆ դոլար, Հնդկաստանում` 726 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում 2006 թ.-ին կկազմի մոտ 2000 ԱՄՆ դոլար):

Վերադառնալով ապրանքների դասակարգմանը` կարելի է փաստել, որ համասեռ ապրանքների արտադրությունը, ինչպես նաեւ` վերամշակվող արտահանումն ընկնում են առաջին տիպի տնտեսության մեջ: Բացի դրանից, գործոնային աճի տնտեսության մեջ ներառվում են նաեւ այն դիֆերենցված ապրանքները, որոնք ունեն բարձր գնային էլաստիկություն: Ինչ վերաբերում է մյուս դիֆերենցված ապրանքներին (ցածր գնային էլաստիկությամբ), ապա դրանք համապատասխանում են երկրորդ եւ երրորդ տիպի տնտեսություններին:

Սա նշանակում է, որ արտադրողները պետք է հնարավորինս անեն իրենց ապրանքները դիրքավորելու եւ շարժվելու ցածր գնային էլաստիկությամբ ապրանքների շարքը: Բավականին լավ օրինակ կարող է ծառայել Հայաստանի համար Երեւանի կոնյակի գործարանի մարքետինգային ռազմավարությունը: Ձեռնարկությունն արդեն մի քանի տարի աշխատում է իր արտադրանքը շուկայի պրեմիում-սեգմենտում դիրքավորելու վրա: Եվ ներկայիս արդյունքները ցույց են տալիս, որ գործարանը կարող է բարձրացնել իր արտադրանքի գները՝ առանց արտահանման ծավալների էական կրճատման վտանգի: Սա իրոք անցում է ներդրումային տնտեսությանը բնորոշ ձեռնարկության, որից դեպի նորամուծական ձեռնարկություն մնում է ընդամենը մի քայլ՝ նորարարություն կոնյակի արտադրության ոլորտում:

Բնականաբար, հասկանալի է, որ հայկական ձեռնարկությունների մեծ մասը չունեն այն փորձը, միջոցները եւ գիտելիքները նման առաջընթաց արձանագրելու համար, սակայն երկրի ապագա զարգացումը դա է պահանջում: Եվ կարելի է այդ ձեռնարկատերերին հարցնել՝ ինչպե՞ս տնօրինեցիք այն շահույթները, որը ձեզ համար ապահովում էր տարիների ընթացքում արժեզրկվող դրամը: Չէ՞ որ մինչեւ 2003-2004 թվականները դրամի եւ՛ անվանական, եւ՛ իրական փոխարժեքները տարեցտարի արժեզրկվում էին: Չէ՞ որ մեր դրամն էականորեն թերարժեւորված էր իր հավասարակշիռ փոխարժեքի նկատմամբ: Այդ շահույթը պետք է ներդրվեր որակյալ մենեջերներ, շուկայագետներ պատրաստելու, արտադրանքի որակական հատկանիշների բարելավման, հետազոտությունների եւ զարգացման մեջ: Դա էր, որ հնարավորություն կտար մեզ այսօր ունենալ դրամի փոխարժեքի նկատմամբ ոչ զգայուն, արտահանման մեծ ծավալներ եւ բարձր աշխատավարձեր ապահովող արդյունաբերություն, որը եւ կդառնար երկրի զարգացման գրավականը:

Եվ որպես վերջաբան կցանկանայի բերել մեկ օրինակ համաշխարհային տնտեսագիտության պահոցից: Նախորդ դարի 70-ական թվականներին աշխարհի առաջին մեքենաշինական ընկերություններից մեկն ամերիկյան հայտնի Caterpillar ընկերությունն էր: Այն գրավում էր առաջատար դիրքեր շուկայում նաեւ հիմնականում այն գործոնի հաշվին, որ ամերիկյան դոլարն այդ ժամանակահատվածում արժեզրկվում էր մյուս երկրների արժույթների նկատմամբ: Երբ 80-ական թվականների սկզբներին պատկերը փոխվեց եւ ԱՄՆ դոլարը սկսեց արժեւորվել, Caterpillar-ը 2-3 տարվա մեջ կորցրեց իր հսկայական շուկաների մեծ մասը: Ընկերությունը, որը դարձավ ճյուղի նոր առաջատար՝ ճապոնական Komatsu ձեռնարկությունն էր, որը նույն ժամանակահատվածում իրականացրել էր էական ներդրումներ տեխնիկայի, տեխնոլոգիայի, ապրանքանիշի եւ շուկայագիտության մեջ: Տնտեսագիտության տեսության այս օրինակն ակնհայտորեն ցույց է տալիս, թե որն է ձեռնարկության իրական մրցունակությունը, եւ որն է արտահանողների ապագան:

Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ

տ.գ.թ., մակրոտնտեսագետ
Արտաքին տնտեսական հարաբերությունների բաժին
ՀՀ Կենտրոնական բանկ