Շուշիում չլուծված խնդիրները շատ են

16/01/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Շուշիի ազատագրումից 14 տարի է անցել, ու թեեւ քաղաքի վերականգնման ուղղությամբ որոշ աշխատանքներ իրականացվել են, այնուամենայնիվ պատերազմի հետքերը դեռեւս չեն վերացել այս հինավուրց քաղաքում: Տարեցտարի բազմաբնակարան շենքերի բնակարանները կարգի են բերվում (քաղաքացիների սեփական միջոցներով), պետբյուջեի միջոցներով վերանորոգվում են շենքերի տանիքները: Անցյալ տարի վերանորոգվել է կենտրոնական փողոցը, կառուցվում են խանութներ ու այլ շինություններ: Նախկին փոքր ու խղճուկ խանութների փոխարեն այսօր արդեն կառուցվում են նորերը:

Քաղաքի ամենամեծ խանութը կենտրոնական փողոցի վրա է գտնվում եւ իր մեծությամբ ու նորաոճ տեսքով աչքի է ընկնում: Բնակիչների շրջանում այն հայտնի է «Սլավիկի խանութ» անունով, ու ասում են, որ այնտեղ ապրանքն ավելի էժան է, քան մյուս խանութներում: Ապրանքներ կան, որոնք էժան են նաեւ Ստեփանակերտի խանութներում վաճառվող ապրանքներից, կամ գները գոնե հավասար են: Գուցե խանութն այդքան էլ աչքի չընկներ, եթե շուրջը չլինեին ավերակներն ու չկառուցված տները:

Այդ նույն Սլավիկը` Ստանիսլավ Հայրապետյանը, որն արցախյան շարժման տարիներին Բաքվից տեղափոխվել է Ղարաբաղ եւ մասնակցել պատերազմին, այժմ Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Նա իր բիզնեսը սկսել է դեռեւս 1993-ից: Սկզբում փոքր կրպակից է սկսել, այնուհետեւ այն փոխարինվել է միջին խանութով, իսկ այժմ արդեն ապրանքը վաճառվում է մեծ խանութում: Մեր զրույցի ժամանակ Սլավիկը նշեց, որ Շուշիում արդեն սկսված է երկրորդ մեծ խանութի շինարարությունը:

Ստանիսլավ Հայրապետյանն ասում է, որ Շուշիում վիճակն ինչ-որ չափով բարելավվել է, բայց հիմնականում ոչ թե այն բանի շնորհիվ, որ աշխատատեղեր են բացվել, այլ, որ «որոշ շուշեցիների համար Ռուսաստանից բարեկամներն են փող ուղարկում, իսկ ոմանց հարազատներն էլ ժամանակավոր խոպան աշխատանքի են գնում ու վերադառնում»: «Բնակիչներն արդեն սկսել են հեռուստացույց, կենցաղային այլ տեխնիկա գնել, նույնիսկ կահույք են սկսել ձեռք բերել»,- ասում է նա:

Շուշիի քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանն իր հերթին հավաստիացնում է, որ 2006թ. ընթացքում 50-60 նոր աշխատատեղ է բացվել: Նա միաժամանակ ցավով նշեց, որ վերջին տարիներին, բացի 3-4 փոքր արտադրամասերից, մեծ ձեռնարկություն Շուշիում չի բացվել:

Շուշիում կյանքի բարելավման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հույսը, թերեւս կապում են «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի հետ (որի նախագահն է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը), որը մի շարք ծրագրեր է նախատեսում իրականացնել: Հուսադրող է նաեւ այն, որ Շուշիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը դեռ օրակարգից դուրս չէ ու, արդեն մի քանի տարի է, խոսում են դրա մասին: Ֆ.Հակոբյանի հավաստմամբ, աշխատանքներ են ընթանում օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ:

Շուշիում աշխատանքներ են իրականացվում նաեւ տուրիստական կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց Շուշիի քաղաքապետը, ավտոկայանի նախկին շենքն այդ նպատակով տրամադրվել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամին, որն արդեն աշխատանքները սկսել է: Հիմնադրամը 2007թ. նախատեսում է լուծել նաեւ քաղաքի ջրամատակարարման հարցը, որն, ըստ քաղաքապետի, շատ հրատապ խնդիր է: «Ամառային եւ ձմեռային շրջաններում Շուշիում համարյա ջուր չի լինում: Խողովակաշարերն էլ կապիտալ վերանորոգման կարիք ունեն»,- նշեց նա: Բնակիչները պատմում են, որ այդ ժամանակ մեքենաներով ջուր են բաժանում բնակիչներին:

Քաղաքապետ Ֆ. Հակոբյանը հավաստիացրեց նաեւ, որ Շուշիում այս տարի կշարունակվեն վերականգնման աշխատանքները` ինչպես պետական, այնպես էլ` հովանավորների միջոցներով: 2007-ին կբարեկարգվի Շուշիի մուտքի ճանապարհը, կշարունակվեն նաեւ գազիֆիկացման աշխատանքները, որոնք նախատեսվում է լրիվությամբ ավարտին հասցնել 2008-ին: Քաղաքը կունենա նաեւ հուշահամալիր, որը կառուցվելու է արտերկրում բնակվող շուշեցիների հանգանակություններով: Քաղաքապետի խոսքերով՝ արդեն 4 մլն դրամ է հավաքվել: «Աշխատանքները սկսվել են 2006-ին: Մեր սեփական եկամուտներից մոտ 3 մլն դրամի աշխատանքներ ենք իրականացրել հուշահամալիրի շինարարության համար: Իսկ ծրագիրն արժե շուրջ 38 մլն դրամ»,- նշեց քաղաքապետը:

Շուշիի նախկին տուրիստական բազայի շենքը նույնպես նախատեսվում է վերանորոգել` մոսկվաբնակ մի ղարաբաղցու միջոցով: Նրա ծրագրերով, 2009թ. արդեն կգործի տուրիստական բազան:

Շուշիում, անշուշտ, ծրագրերի իրականացումը կշարունակվի: 2007թ. աշնանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվելիք մարաթոնի ընթացքում հանգանակված գումարները նախատեսվում են այս անգամ ուղղել Շուշիի վերականգնմանը: