Ամերիկայում հաճախ, շատ պատահաբար հայերի ես հայտնաբերում: Ընդ որում՝ տարբեր մասնագիտությունների, տարբեր սոցիալական խմբերի: Բայց ամենակարեւորն այն է՝ հանդիպում ես հաջողակ հայերի, պրոֆեսիոնալների, որոնք իրենց ոլորտի լավ մասնագետ են:
Հայաստանի համար, որ անհասկանալի «անցումային շրջանում» լռվել- մնացել է, անհրաժեշտ են հենց այդպիսի մասնագետներ՝ նոր սոցիոլոգներ, տնտեսագետներ, մարքետինգի, մենեջմենտի, ազգագրության, հեռահաղորդակցության, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք գիտեն՝ ինչպես պետք է աշխատել:
Իրականում եւ փաստացի այսօր Հայաստանը մասնագետների չափազանց լուրջ կարիք ունի, եւ այդ խնդրի լուծումներից մեկն այնպիսի պայմանների ստեղծումն է, որ արտասահմանում կրթություն ստացած եւ արդեն կարիերայի հասած երիտասարդ մասնագետները շահագրգռված լինեն վերադառնալ հայրենիք:
Իսկ ի՞նչ տպավորություն եւ ինֆորմացիա ունեն ամերիկահայ մասնագետները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են Հայաստան, ինտերնետով կարդում են օրաթերթերը եւ Երեւանի հետ զրուցում հեռախոսով:
Ի՞նչ տպավորություն ունեն նրանք Երեւանից.
* Փողոցները կեղտոտ են, երթեւեկությունը չկանոնակարգված է, վտանգավոր է: Ոստիկանները կոռումպացված են աբսուրդի աստիճանի: Բացի կենտրոնից, ուղղակի տհաճ է Երեւանով քայլելը, հատկապես` ձմռանը, երբ ձյունը չի հավաքվում եւ ամենուր ցեխ է:
* Երկրի իրական տերերն անգրագետ օլիգարխներն են` իրենց հանցագործ անձնակազմով, որոնք վտանգավոր են այն աստիճանի, որ կարող են իրենց առարկող մարդուն սպանել:
* Բոլոր նրանք, ովքեր մնացել են Երեւանում, նշում են անհեռանկար ապագան, անորոշ ներկան եւ ուղղակի դժգոհ են այն ամենից, ինչ ունեն:
* Քաղաքական դաշտում մանկամտության աստիճանի գռեհիկ եւ պարզունակ պայքար է, ուր ամենազոր հակափաստարկն ուղղակի շանտաժն է՝ կեղտոտ անձնական կյանքի եւ բիզնեսի մանրամասների հրապարակումը:
* Իրականում ոչ ոք չի հավատում եւ չի էլ ձգտում ժողովրդավարության: Որեւէ մեկը չի էլ մտածում հասարակական կարծիքի մասին: Հասարակությունը տրոհված է, ահաբեկված եւ օտարացած:
* Տնտեսությունը չի կարող եւ չի էլ զարգանում: Կոռուպցիայի եւ հովանավորչության մասին անգամ երթուղային տաքսիների վարորդները գիտեն, կարող են անուն առ անուն ասել, թե ո՞վ՝ ի՞նչ բիզնես ունի: Բայց ոչ ոք ոչինչ չի անում:
* Բուհական կրթությունն անորակ է, պատրաստվող մասնագետներն` անմրցունակ: Աշխատանքի շուկայում կա միայն բանվորների եւ սվարչիկների պահանջարկ:
Իհարկե, այս ամենի մասին բոլորն էլ գիտեն: Եվ, անշուշտ, հնարավոր է այս ամենը շտկել: Պարզապես այսօր Հայաստանում ինտելեկտուալ մարդկանց կարիք չի զգացվում: Ամերիկայում ուսանած մասնագետի կարիք արդյոք ՀՀ ԱԺ-ն ունի՞, այն դեպքում, երբ օրենքներն ընդունվում են ըստ օլիգարխների կարիքների կամ ԵԽ պահանջով:
Արդյոք Հայաստանին պե՞տք է ռազմավարություն՝ թե ինչպես կառուցել երկիրը, երբ այն շատ հաջողությամբ քանդվում է:
Պե՞տք են արդյոք նոր տնտեսագետներ, երբ մոնոպոլիզացված եւ ստվերային տնտեսությունը հաջողությամբ աշխատում է: Այսօր պե՞տք են արդյոք խելացի մարդիկ, ովքեր չեն վախենա ասել ճշմարտությունը:
Իհարկե, պետք չեն: Ո՞ւմ են պետք նրանք:
Նրանք պետք են Ամերիկային: Հենց դրա համար էլ լավ մասնագետները մնում են ԱՄՆ-ում: Փող են վաստակում եւ կարիերա կառուցում: Ու չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչեւ հասկանան, որ նույնը հաջողությամբ նույն կարիերան կարող են անել հայրենիքում: Իսկ դրան հասնելու համար դեռ շատ ժամանակ կա: