Հունվարի 9-ին, ժամը 20:40-ին, ոստիկանության Սիսիանի բաժինը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ գայլի կծած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Բռնակոթ գյուղի բնակիչներ, 1988թ. ծնված Մարի Հովհաննիսյանը եւ 1986թ. ծնված Տիգրան Բահարյանը։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, գայլը նշված գյուղում հարձակվել է նաեւ 1974թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի եւ 1952թ. ծնված Արմիդա Գրիգորյանի վրա, իսկ ժամը 24:00-ին, Աղիտու գյուղի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գայլի կծած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Ույծ գյուղի բնակիչներ, 1982թ. ծնված Վաչիկ Թադեւոսյանը եւ 1951թ. ծնված Լյովա Թադեւոսյանը։ Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Սիսիանի բաժնում անհապաղ ստեղծվել է օպերատիվ խումբ, եւ ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ։ Գայլին վնասազերծելու աշխատանքներում ներգրավվել են նաեւ Ույծ եւ Բռնակոթ գյուղերի որսորդները։ Սակայն այդ ընթացքում գիշատիչն Ույծ գյուղից հասել է Սիսիան քաղաքի Գայի 2-րդ փողոցի թիվ 25 տուն եւ մտնելով ներս` հարձակվել 1982թ. ծնված Մհեր Պողոսյանի վրա։ Այդ պահին վերջինիս հայրը՝ Գառնիկ Պողոսյանն իրեն պատկանող որսորդական հրացանի խզակոթով հարվածներ է հասցրել գայլի գլխին եւ սատկացրել։ Մհեր Պողոսյանը ձեռքի եւ դեմքի կծած վերքերով տեղափոխվել է Աղիտու գյուղի հոսպիտալ։ Մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխված 7 անձանցից երկուսը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն, իսկ մնացած 5 տուժողները տեղափոխվել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոց եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ։