ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին փոխանցել ադրբեջանական բանակի զինծառայող, 1979թ. ծնված Էլդանիզ Բեյալի օղլի Նուրիեւին:
Շարքային Է. Նուրիեւը ղարաբաղյան կողմն է անցել 2006թ. դեկտեմբերի 31-ի գիշերը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում եւ գերի է վերցվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից»:
Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին՝ Է. Նուրիեւին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում աջակցելու խնդրանքով:
Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամանակաընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներին անարգել թույլատրվել է այցելել Է. Նուրիեւին: