Նա ընտրել է չորրորդ տարբերակը

29/12/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երկրում տիրող քաղաքական իրավիճակը գնահատել է «հանգիստ՝ որոշակի աշխուժացումներով»:

«Ուղղակի քաղաքական դաշտ մուտք են գործել նոր կուսակցություններ, որոնք քաղաքական իրավիճակն աշխուժացրել են: Խոսքս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Եվ սա շատ լավ երեւույթ է: Եթե հիշեք, Հայաստանի պատմության մեջ յուրաքանչյուր ընտրությունից առաջ միշտ հրապարակ են գալիս նոր կուսակցություններ, որոնք մնացածներին ստիպում են ավելի հավաքվել, վերախմբավորվել: Եվ այդպես էլ պետք է լինի: Ես կարծում եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, իրավիճակն աշխուժանալու է, բայց լարվածություն չի լինելու: Վստահ եմ, որ լարվածություն չի լինելու, որովհետեւ լարվածությունն իշխանություններին ձեռնտու չէ»,- ասել է պաշտպանության նախարարը: ՀՀԿ-ին իր անդամակցության պատճառների մասին Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, թե մոտենում էին ընտրությունները, եւ ինքն ուներ չորս տարբերակ: 1-ին տարբերակ. ընդհանրապես հրաժարվել քաղաքական զարգացումներին մասնակցությունից, «եւ ուրիշների պես ասել, որ ես արդեն բավական երկար ժամանակ աշխատում եմ կառավարությունում, իսկ 2007թ. արդեն կլինի 14 տարուց ավելի, եւ գնալ վաստակաշատ հանգստի»: «Առանց որեւէ համեստության ուզում եմ ասել. այո, վաստակաշատ հանգստի, որովհետեւ ես մասնակցություն եմ ունեցել իմ ժողովրդի համար ամենից կարեւոր իրադարձություններին»,- ասել Է Ս. Սարգսյանը՝ հավելելով, թե ինքը չէր կարող ընտրել 1-ին տարբերակը, քանզի դեռեւս «մեր սկսած գործն ավարտին չենք հասցրել»: Ըստ նրա, 2-րդ տարբերակն այն էր, որ ինքը կարող էր պահպանել այսօրվա իր կարգավիճակը, չմասնակցել ԱԺ ընտրություններին, սակայն ընտրություններից հետո հայտ ներկայացնել եւ մտածել նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Սակայն նա գտնում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքը պետք է վաստակել: Ուստի այս մի տարբերակն էլ չի ընտրել: 3-րդ տարբերակն էլ, ըստ նրա, այն էր, որ կարող էր նոր կուսակցություն ստեղծել, այդ քաղաքական ուժի հետ մասնակցել ընտրություններին եւ հետո նաեւ կողմնորոշվել: Նա չի ընտրել այս տարբերակը, քանզի դա, Ս. Սարգսյանի խոսքերով՝ կտաներ քաղաքական դաշտի հետագա մասնատման: «Մնում էր 4-րդ տարբերակը՝ անդամագրվել կուսակցություններից մեկին: Այստեղ ես արդեն կասկած չունեի, որ պետք է անդամագրվեմ ՀՀԿ-ին: Այս կուսակցության հետ ես համագործակցել եմ երկար տարիներ»,- ասել է այժմ արդեն ՀՀԿ խորհրդի նախագահը: Վերջինիս խոսքերով՝ «այս մարդիկ» քիչ են մտածում իրենց վարկանիշի մասին: «Իմ համոզմամբ՝ դա շատ ճիշտ է: Պետական գործիչը չի կարող վարկանիշի համար աշխատել, որովհետեւ պետական գործիչը գործ պետք է անի, դժվարություններ պետք է հաղթահարի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ հայտնի հեռուստաընկերություններին տված իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ-ին «մեղադրել էր» նրանում, որ իրենց արած լավ գործերը չեն կարողանում լավ ներկայացնել: «Իմ ծանոթներից մեկն ինձ ասեց, որ եթե սպորտային լեզվով խոսելու լինենք, ՀՀԿ-ն նման է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային թիմին, որտեղ հավաքված են շատ աստղեր, բայց նրանց կոլեկտիվ աշխատանքը չի ստացվում: Ես ասեցի՝ ոչ, ես համաձայն չեմ: ՀՀԿ-ն նման է Հայաստանի շախմատի հավաքականին, որտեղ կան եւ՛ աստղեր, եւ՛ ուժեղագույն խաղացողներ: Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ն հասնելու է այն հաջողություններին, ինչին հասավ մեր օլիմպիական չեմպիոն շախմատի հավաքականը»,- նախօրեին տված հարցազրույցում ասել է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Ըստ նրա, ճիշտ չեն այն մարդիկ, ովքեր ասում են, թե ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները միտումնավոր են եղել, «վերեւից ամբողջը բուրգի պես իջել է ներքեւ եւ այլն»: «Ես պատասխանատու հայտարարում եմ, որ որեւէ մեկը վերեւից ցուցում չի տվել կեղծել ընտրությունները կամ խախտումներ անել: Ազատ, արդար ընտրությունները բոլորին են պետք եւ առաջին հերթին` իշխանություններին: Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն առաջին հերթին անհրաժեշտ է հանրապետության նախագահին: Ի վերջո, պատասխանատուն նա է լինելու, պատասխանատուն իշխանություններն են լինելու՝ մեր ժողովրդի մտածողության մեջ: Բայց իրականության մեջ այսօր կառավարությունը որեւէ դերակատարում չունի այդ հանձնաժողովներում»,- ասել է Ս. Սարգսյանը: Նախագահական առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հավանականության մասին հարցին Ս. Սարգսյանը պատասխանել է. «Կանցնեն խորհրդարանական ընտրությունները, կտեսնենք, թե ի՞նչ արդյունք ունենք, այն ժամանակ էլ որոշում կկայացնենք»: Միաժամանակ նա չի թաքցրել իր նախագահական հավակնությունները՝ ընդգծելով. «Ես վստահ եմ, որ ես էլ իրավունք ունեմ ուրիշների հետ հավասար պայքարելու, եթե այդպիսի ցանկություն եւ հնարավորություն ունենամ: Մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ինձ մասնակցելու նախագահական մրցապայքարին: Ես ունեմ բոլոր իրավունքները եւ այդ բանում որեւէ մեկին չեմ զիջում: Կանցնեն ընտրությունները, կտեսնենք` ի՞նչ արդյունք ունենք, հետո որոշում կկայացնենք: Նրանք, ովքեր կցանկանան, կմտնենք մրցապայքարի մեջ: Բայց իմ եւ շատերի տարբերությունը լինելու է նրանում, որ ինձ համար երբեք որեւէ պաշտոն ինքնանպատակ չի եղել: Եվ ես երբեք որեւէ պաշտոնի չեմ ձգտել, եթե կշեռքի մյուս նժարին դրված է եղել մեր հայրենիքի շահը»: