– «Ոգու փորձություն» կազմակերպության հիմնադիրները պնդում են, որ ԵԿՄ-ից անջատ նոր կազմակերպություն ստեղծելու պատճառն այն է, որ իրենք դեմ են ԵԿՄ վերնախավի իշխանամետ դիրքորոշմանը: Համաձա՞յն եք այդ տեսակետին:
– Իմ հարցազրույցներից մեկում արդեն իսկ նշել եմ, որ ԵԿՄ-ն ժողովուրդ-հայրենիք-պետություն եռամիասնության մեջ է: Այլ կերպ լինել չի կարող: ԵԿՄ-ն չի կարող գտնվել իշխանամետ կամ ընդդիմադիր դաշտերում: Այն գտնվում է այնպիսի դաշտում, ուր իշխում են ժողովրդով հայրենիքն ուժեղ պետություն դարձնելու գաղափարներն ու բանաձեւերը: ԵԿՄ-ն պառլամենտի կողմից հաստատված կազմակերպություն է, իսկ պառլամենտում ծնվում ու հաստատվում են օրենքներ ժողովրդի ու պետության շահերից եւ ոչ` իշխանությունների: ԵԿՄ-ի ստեղծումը իշխանության կամքի թելադրանք չի եղել: Այն ստեղծվել է սարերում, կռվի, արյան հրահրում քուրանում: Նրա հիմնաքարերն են դարձել հայրենիքի համար զոհված հերոս տղերքը:
– Ձեր կարծիքով, «Ոգու փորձությունը» իշխանության որեւէ թեւի թելադրանքո՞վ է ստեղծվել:
– Ճիշտ կլինի այդ հարցը հղեք նրանց, ովքեր բացել են այդ կազմակերպությունը: Ես միայն կարող եմ ավելացնել, որ չեմ կարծում` թելադրանքը լինի ազատագրական արժեքներ կրող իշխանավորներից, քանի որ, նրանք, լինելով պատերազմի մեջ, քաջ գիտեն, որ պատերազմները ժողովրդի հոգեկան կարողությամբ են պայմանավորված, եւ, փորձ անելով պառակտել ԵԿՄ-ն, որը հայ ազգի ոգին աշխարհին ցուցանող հզոր ոգիների միասնություն է, պառակտած կլինեն մեր ժողովրդի ոգին: Իսկ դա արդեն կլինի վերջը:
– ՏԻՄ ընտրություններում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը: Տեսակետ կա, թե թեկնածուները մինչեւ իշխանություններից «դաբրո» չեն ստանում, չեն առաջադրում իրենց թեկնածությունը: Դուք ստացե՞լ եք այդ թույլտվությունը:
– Ազատագրականից պոկված անկախ պետության մեջ «դաբրոների» կարիք ունեն նրանք, ովքեր ազատագրական արժեքների դաշտից չեն: Առավել եւս, երբ տվյալ երկրում նախագահը, վարչապետը եւ պաշտպանության նախարարն ազատագրական արժեքներ կրողներ են: Ձեր ասած «դաբրոն» մեր երկրի մեջ ես ձեռք եմ բերել ազատագրական պայքարում կերտած իմ մարտական ուղիով, կենսագրությամբ, հայրենիքիս նվիրվածությամբ, հայրենի հողի համար թափած իմ արյան եւ ժողովրդին մատուցած իմ ծառայությունների հաշվին: Ինձ սատարողը ժողովուրդն է, առավել եւս, որ ես ինքս էլ ազատագրական արժեքների դաշտից եմ: Թեկնածությունս դնելու եմ, որովհետեւ դա Դավիթաշենիս ողջ հասարակության պահանջն է:
– Թաղապետ Սուրեն Ղուկասյանն ասում է, որ եթե դուք առաջադրեք ձեր թեկնածությունը, ապա «ԵԿՄ տղերքը կիսվելու են»: Նա նաեւ ասաց, որ իրեն ընտրություններում սատարելու են «Նիգ-Ապարանն» ու ՀՀԿ-ն: Ձեզ ԵԿՄ-ն սատարելո՞ւ է:
– Բոլոր ընտրությունների ժամանակ իմ ամենալուրջ հենարանը ժողովուրդն է եղել: Միայն ժողովրդով կարելի է հայրենիքն ուժեղ պետություն դարձնել, իսկ ԵԿՄ-ն դա ժողովուրդն է, նրա ծոցից ելած հզոր ոգիներն են: ԵԿՄ-ի կողմից պաշտպանվելու համար քեզ պիտի տեսնես նրա մեջ, պիտի լինես հոգու մարդ, պիտի կարողանաս քո մեջ զգալ զոհված ու կենդանի մնացած հերոս, մարտական ընկերների ոգու ուժը: Այդ ժամանակ նոր կարող ես զգալ, թե ինչպես են այդ ոգիները քեզ ուժ տալիս եւ սատարում: Իսկ ես այդ ամենը ոչ միայն զգում եմ, այլեւ, առանց տատանվելու կասեմ, հենց դրա մեջ եմ: Ինքս անկոտրում ոգու տեր մարդ եմ, իսկ ձեր ասած թաղապետը, որն ասել է, թե իբր ԵԿՄ «տղերքը կիսվելու են», պարզապես ոգին շփոթել է ձմերուկի հետ: Իսկ «Նիգ-Ապարանի» մասին կարող եմ ասել հետեւյալը. ես նրա հող ու ջրին մեռնեմ եւ ստեղծված կազմակերպությանը սրտանց ողջունում եմ: Ի՞նչ է՝ ես չինացի՜ եմ, անգլիացի՜ եմ… Լինելով սուպեր թաղապետ ու սիրված պատգամավոր` ապարանցի լինելս միշտ բարձր մակարդակի վրա եմ պահել: Չհաշված, որ իմ պապերը՝ Սաղաթելյանները (որոնք եղել են Ապարանի Քուչակ գյուղից), ցարի ժամանակաշրջանում եղել են ՌԴ Դումայի անդամ: Ապարանցիների դերի բարձրացման գործում Գեւորգյանների ազգը՝ իր նախնիներով, բավական լուրջ պատմական ներդրում ունի: Խորին հարգանքով վերաբերվելով «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանին, պիտի ասեմ, որ, ի վերջո, հայտնվեց մեկը, որը կարողացավ հայ ապարանցի տեսակին համախմբել՝ դարձնելով մի բռունցք: Նման անհատն, անկասկած, կկարողանա տարբերակել արի հայ ապարանցուն շարքային ապարանցուց:
– Պատգամավորից հետո թաղապետ դառնալն անպատվաբեր չէ՞:
– Մարդուն պատիվ չբերելը աթոռից կառչելն ու իրեն հաց ու աշխատանք տվողին ուրանալն է: Կյանքում միշտ եղել եմ հաց տվողի, նեղին ու տկարին հասնողի դերում: Ազգիս ու ժողովրդիս համար ստանձնած ամեն մի խնդիր լուծել եմ պատվի ու արժանապատվության դաշտում, քանի որ ազգի ու ժողովրդի պատիվը վճիռ է եւ կյանքից էլ թանկ է հայրենիքի համար արյուն թափած ամեն մի նվիրյալի համար: Վերադառնալու եմ ծառայելու դավիթաշենցիներիս, կիսատ թողածս շարունակելու, նրանց սառած սրտերն ու բնակարանները ջերմացնելու համար: Դրանից պատվաբեր էլ ի՞նչ կա հայ մարդու համար, կասե՞ք: Իշխանություններից առհասարակ ոչ մի ակնկալիք չունեմ: Կյանքումս ոչ մեկին տալիք չեմ. այսօր քայլում եմ իմ կառուցած ճանապարհներով, հանգստանում եմ դավիթաշենցիներիս հետ իմ կառուցած այգում, խմում եմ այն ջուրը, որի 24-ժամյա ռեժիմի մեջ իմ լուրջ լուման ունեմ, խոսում եմ այն հեռախոսով, որի հեռախոսահանգույցի կառուցումն իմ թաղապետության օրոք սկսվեց, աստծո հետ հաղորդակցվում եմ իմ կողմից կառուցած եկեղեցում, որը նվիրել եմ իմ ազգին, ժողովրդին, անցնում եմ այն կամրջով, որի վերակառուցումը սկսվել է իմ թաղապետության օրոք: Մի խոսքով, ոչ մեկին տալիք չեմ: Թող ինձ ների հայրենի հողը. անգամ էս քաղցր, անուշ հողակտորին էլ տալիք չեն Գեւորգյանները: Մեր բազմաչարչար հողակտորին հագեցրել ենք նաեւ մեր արյունով: Իսկ ազգիս ու հայրենիքիս համար զոհված հազարավոր ախպերների համար, մինչեւ Սրբոց նահատակաց եկեղեցու կառուցումն ավարտին հասցնելը, 5 տարի անընդմեջ հոգու հաց եմ տվել 500-ից ավելի անօգնական ծերերին ու օրվա հացի խնդիր ունեցող շատերին: Ցավ ունեմ այսօր իմ մեջ, ցավս դա է, որը մնաց այնպես, ինչպես թողեցի: Ուզում եմ վերադառնամ ու տեր լինեմ այդ ամենին: Այլ կերպ՝ աթոռի խնդիր չունեմ, աթոռի հետ կապված հոգեկան ակտը վաղուց եմ հաղթահարել, երբ առաջին թաղապետն էի, որ պառլամենտ մտնելուց առաջ հրաժարական տվեցի աթոռին, աթոռը թողնելով այսօրվա «աթոռ ջան, աթոռ» երգող թաղապետին: