Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը 2006` չինական օրացույցով Շան տարվա համար սահմանել էր «Շան տարվա քաղաքական գործիչը» հատուկ մրցանակ, որը որոշել է հանձնել «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին:
Ա. Գեղամյանն այդ մրցանակին արժանացել է վերջին երեք տարիների ընթացքում հետեւյալ դեմքերի հասցեին վայրահաչելու համար.
– ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ նրա կողմնակիցների, ում Ա. Գեղամյանը մեղադրեց իշխանական ուժերի հետ միասին 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու եւ իրեն երկրորդ փուլ դուրս գալու հնարավորությունից զրկելու մեջ,
– «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, ում Ա. Գեղամյանը մեղադրեց «ՀՀՇ-ական թափթփուկների հում ականջները» թաքցնելու, իսկ նրա զինակից Սմբատ Այվազյանին` իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ,
– Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի, ում Ա. Գեղամյանը մեղադրում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից կաշառքներ ստանալու մեջ,
– «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, ում Ա. Գեղամյանը մեղադրեց Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ գործակալական կապերի եւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը Մոսկվայի շահերից ելնելով փակելու փորձի մեջ,
– «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, ում «ԱՄ» ղեկավարությունը մեղադրեց ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հայաստանյան գործակալի դերակատարության ստանձնման մեջ,
– «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, ում Ա. Գեղամյանը մեղադրեց երկիրը թալանելու եւ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ընդդիմության դերում հանդես գալու մեջ,
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ում «ԱՄ» ղեկավարները մեղադրեցին «փրկչի» նախընտրական կարիքների նկատմամբ անտարբերության եւ միայն «խաժամուժին» կաշառելու մեջ,
– «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ում Ա. Գեղամյանը մեղադրեց սեփական անձի շուրջ «արհեստական աղմուկ» բարձրացնելու եւ հայ ժողովրդի ուշադրությունն ազգի «իսկական փրկչի» վսեմաշուք անձից շեղելու մեջ,
– Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ում Գեղամյանը մեղադրեց Հայաստանի քաղաքագետների միության համար գրասենյակային տարածքի ձեռքբերման մեջ այնպիսի գնով, որն, իսկապես, 1 մետրի դիմաց ավելի էժան է, քան այն գումարը, որը մեկ կուսակցական տոմսի համար ժամանակին վերցնում էր Մյասնիկյանի շրջկոմի առաջին քարտուղարը:
«Շան տարվա քաղաքական գործիչը» մրցանակն իրենից ներկայացնում է մի հասարակ եւ առայժմ դատարկ դիպլոմատ: Սակայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրյակին այսօր դեռեւս դատարկ դիպլոմատը հրաշագործ ձեւով կլցվի բաղձալի դոլարներով` այս անգամ ոչ թե 300 հազարով, այլ` 3 միլիոնով: Սակայն այդ հրաշքը հնարավոր է միայն, եթե դիպլոմատը հայտնվի արժանի տիրոջ` Արտաշես Գեղամյանի ձեռքում:
Հայաստանի Քաղաքագետների միության վարչություն