Համաձայն «Եվրոբարոմետր» գործակալության անցկացրած հարցման արդյունքների, Եվրամիության հետագա ընդլայնմանը դեմ է բրիտանացիների, ֆրանսիացիների ու գերմանացիների մոտ 70%-ը: Հարցումն անցկացվել է Եվրամիության անդամ 25 պետությունների եւ թեկնածու երկրների քաղաքացիների շրջանում: Եվրամիության ընդլայնման օգտին են հանդես գալիս կառույցին նոր անդամակցած պետությունների եւ Հարավային Եվրոպայի երկրների բնակիչները: Լեհերի` 76, սլովենացիների` 74, հույների` 71 եւ կիպրոսցիների 66%-ը համարում է, որ եվրոպական ընտանիքը պետք է շարունակի ընդլայնվել: Ընդհանուր առմամբ՝ ընդարձակման կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը գրեթե հավասար է՝ 46% կողմնակիցներ եւ մոտ 42% հակառակորդներ: Գլխավոր վիճահարույց հարցը Եվրամիության ներսում շարունակում է մնալ Թուրքիայի անդամակցության հեռանկարը: Ֆրանսիայի բնակիչների 70%-ը կտրականապես դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Իսկ Թուրքիայում Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է: Եթե կես տարի առաջ Եվրամիությանը երկրի անդամակցությանը կողմ էր հարցված թուրքերի 44%-ը, ապա այս հարցման արդյունքներով այդ ցուցանիշն աճել է մոտ 10%-ով: