Այս տարի էլ Նոր տարին կգա այն ժամանակ, երբ երկրի նախագահը կիսաթեք նստած կարտաբերի. «Շնորհավոր Նոր տարի»: Ի տարբերություն տարվա ընթացքում նրա մյուս մաղթանքների՝ ամանորյա շնորհավորանքները երկրի նախագահը հնչեցնում է հնարավորինս անկեղծ, քանի որ շնորհավորանքի, բարի ցանկությունների ջերմությունը ոչինչ չի պարտադրում: Իսկ անկեղծորեն ասված շնորհավորանքը ժողովրդի ականջին հաճելի է: Նրանից մի քանի րոպե առաջ, մեկ տարի ընդմիջումով, ժողովրդին կդիմի նաեւ Ամենայն Հայոցը: Եվ նրա բարեմաղթանքներն էլ հաճելի կլիներ լսել, եթե չլիներ այդ անհեթեթ մեկ տարվա ընդմիջումը: Սակայն ամանորյա շնորհավորանքները տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումների ֆոնին ամենաէական իրադարձությունը չես համարի: Անցնող տարվա միջազգային, կարելի է ասել՝ տիեզերական նշանակության ամենակարեւոր նորությունը թերեւս ՆԱՍԱ-ի հայտարարությունն էր. մինչեւ 2024 թվականն ԱՄՆ-ը մեր մոլորակի մշտական ուղեկցի՝ Լուսնի վրա պատրաստվում է մշտական բազա ստեղծել: Լուսնի վրա գաղութ ստեղծելու համար ընտրվել է Լուսնի հարավային կիսագունդը, ուր ժամանակի 70-90 տոկոսը լույս է, հետեւաբար կա՝ ինչից լիցքավորել արեւային մարտկոցները: Սակայն ամերիկացիները պատրաստվում են իրենց ծառայեցնել նաեւ Լուսնի մութ խորխորատները, ուր մտադրվել են հայտնաբերել լուսնային սառույց, որը կծառայի որպես թթվածնի աղբյուր՝ աստղագնացների համար, եւ որպես վառելիքի աղբյուր՝ տիեզերանավերի համար: ՆԱՍԱ-ի մասնագետները վստահ են, որ արդեն 2020 թվականին Լուսնի վրա բնակության կիջնեն առաջին բնակիչները, որոնց խմբերը միմյանց կփոխարինեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Բազմապատկելով եւ բաժանելով այս օպերացիայի վրա ծախսվելիք գումարը, մասնագետները գտել են, որ այն կարժենա 150 միլիարդ դոլար: Աշխարհին իրենց լուսնային հավակնություններն ամերիկացիները բացատրում են ամենաանմեղ ու ազնիվ նկրտումներով. Լուսինն, այսպիսով, կծառայի որպես Մարս թռչելու համար տրանզիտ ճանապարհ: Թեեւ այս պնդման անկեղծությանը չհավատալու հիմքեր կան. բավական է հիշել Բուշի այն հայտարարությունը, թե տիեզերական տարածքները մտնում են ԱՄՆ-ի ազգային շահերի եւ հետաքրքրությունների ոլորտ, հետեւաբար ԱՄՆ-ը պատրաստ է խոչընդոտել ցանկացած այլ պետության ներխուժմանը տիեզերք, քանի որ այդպիսով վտանգվում են ԱՄՆ-ի ազգային շահերը: Այս իմաստով մեր երկրին որեւէ վտանգ չի սպառնում, քանի որ Հայաստանի իշխանությունների ու քաղաքական դաշտի հավակնություններն անհամեմատ համեստ են ու խիստ երկրային: Թեթեւ հայացքն անցնող տարուն ցույց է տալիս, որ թեեւ իրադարձությունների քանակով այն հարուստ չէր, սակայն քաղաքական դաշտում տեղի ունեցած շարժերն իրենց հետքը կթողնեն հաջորդ մի քանի տարիների վրա: Մասնավորապես, անցած տարի քաղաքականություն մտավ ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, անցնող ողջ տարվա ընթացքում պարոն Ծառուկյանն ամբողջ երկու անգամ երեւացել էր խորհրդարանում, ինչով նա ձեռք էր բերել հետեւողական ու գործից գլուխ հանող պատգամավորի համբավ: Նրա ղեկավարած կուսակցության շարքերը լրանում են, ինչպես հեքիաթներում է ասվում, ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ: Այս իրադարձությանը հաջորդած եւ իր կարեւորությամբ ոչ անհետաքրքիր մյուս դեպքն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականն էր ԱԺ նախագահի պաշտոնից: Ընդդիմության ավանգարդում հայտնվելու պարոն Բաղդասարյանի փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել, քանի որ ընդդիմության լիդերի հավակնորդները բազում են, տեղը՝ մեկը: Սակայն այս երկու իրադարձություններին իր քաղաքական նշանակությամբ գերազանցեց երրորդը՝ Հանրապետական կուսակցություն մտավ երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա մուտքը կուսակցություն եւս հնարավորություն տվեց Հանրապետական կուսակցության գաղափարախոսության շատ ջատագովների, որոնք մինչ այդ անլեգալ էին համակրում Նժդեհի գաղափարները, դուրս գալ ընդհատակից եւ շտապ անդամագրվել ՀՀԿ-ին:
2006 թ. ամենավտանգավոր իրադարձությունը թերեւս Ռ. Քոչարյանի հայտարարություն-սպառնալիքն էր, թե Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները առկախվում են մինչեւ նախագահական ընտրություններ՝ խնդիրը շահարկման առարկա չդարձնելու նպատակով՝ իր քաղաքական եւ տնտեսական անուրախ հեռանկարով: Հեռանկարի առումով գուցե հետաքրքիր է հաջորդ՝ 2007 թվականը, սակայն խորհրդարանում մանդատ ունենալու այն կատաղի ու անխնա պայքարը, որն արդեն մեկնարկել է, եւ այն, որ հաջորդ տարվա խորհրդանիշն ընդամենը խոզն է, լավատեսության ու հրաշքի սպասման հիմք չեն տալիս: Հրաշքի, որպես կանոն, սպասում են միայն երեխաները, որոնց սպասելիքները կապվում են բացառապես Ձմեռ պապի եւ նրա նվերների տոպրակի հետ: Սակայն երբ դեկտեմբերի 26-ին եղանք Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ ամանորյա մանկական ներկայացման, պարզ դարձավ, որ այսօրվա երեխաները որեւէ ակնկալիք Ձմեռ պապիկի հետ չեն կապում, քանի որ արդեն հասցրել են կորցնել նրա հանդեպ իրենց վստահությունը: Նրանց ընկալմամբ՝ Ձմեռ պապն աղքատ կամ ժլատ մի ծերուկ է, որից ոչ մի գնով նվեր չես պոկի: Տառացիորեն ներկայացման վերջին րոպեին հայտնված Ձմեռ պապը շնորհավորեց երեխաներին եւ նրանց հրավիրեց միջանցք՝ ընդամենն իր հետ լուսանկարվելու: Մանկական անմիջականությամբ երեխաները հետաքրքրվում էին՝ իսկ ո՞ւր են Ձմեռ պապիկի նվերները: Պապիկը խոստանում էր նվերները տալ, բայց հետո: Եվ քանի որ «հետոն» խիստ առաձգական հասկացություն է, երեխաներն արագ լքեցին Ձմեռ պապիկին: Նույն սցենարով իրենց հավատն ու վստահությունը կորցնում են նաեւ մեր երկրի քաղաքացիները, որոնց խոստանում են արդար ընտրություններ, ղարաբաղյան խնդրի կարգավորում, կանխատեսելի ապագա, բայց… հետո: Սակայն այս ամենի մասին՝ հաջորդ տարում: Իսկ առջեւում Նոր տարվա եւ Ծննդյան տոներն են, որոնք, բարեբախտաբար, կախված չեն մեր ընտրությունից եւ, առավել եւս, այդ ընտրության արդյունքներից: