Նախատոնական տեսարաններ

29/12/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նախկին քաղաքապետի հրաժարականից հետո հայ հասարակությունը գիտի, որ մայրաքաղաքի քաղաքապետները նստած են փողի վրա: Այդ մասին` ՀՀ նախագահի հրապարակային հայտարարությունից գիտի: Ներկա քաղաքապետն էլ ջանք ու եռանդ չխնայելով ուզում է ապացուցել, որ փողի վրա նստած մարդը տարբերվում է մյուսներից: Տարբերվում է, ասենք, տրամաբանությամբ: Նա նկատում է երեւույթներ, որ ուրիշը չի նկատում: Այս երկուշաբթի մամուլի ասուլիսում մեր քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե գոհ է քաղաքապետարանի, այսինքն` իր հմուտ ղեկավարությամբ աշխատող հիմնարկության աշխատանքներից: Երեւի պրն Զախարյանին հաջողվում է տեսնել այն, ինչ չի տեսնում երեւանցիների մեծ մասը: Այսինքն` քաղաքապետարանի աշխատանքը: Երեւի մենք էլ գոհ կմնայինք: Եթե տեսնեինք: Փոխարենը, չգիտես ինչու, ամռան շեմից` հունիս ամսից տեսնում ենք քարուքանդ արած Կոմիտասի, Տիգրան Մեծի փողոցները: Իսկ ճիշտ ձմռան շեմին նորոգված փողոցների փոխարեն հեռուստատեսությամբ տեսանք մեր քաղաքի գլխավոր ճարտարապետին: Նա խոստացավ, որ Կոմիտասի փողոցը կնորոգվի մինչեւ դեկտեմբերի 15-ը: Խոստումն, իհարկե, չկատարվեց: Կոմիտասն էլ մյուս քանդված փողոցների նման այս օրերին ծածկվեց ձյունով: Բայց նման մանրուքը չխանգարեց քաղաքապետին՝ իր ու իր ենթակաների աշխատանքից գոհ-գոհ հայտարարություններ անել: Օրինակ, որ մայրաքաղաքում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը գերակատարվել են(վեց տոկոսով): Քաղաքապետն ամենից շատ հիացած է այն ամենով, ինչ կատարվում է Հաղթանակի կամրջից մինչեւ օդանավակայանի խաչմերուկ ձգվող փողոց-ճանապարհով: «Ուղղակի չեք պատկերացնում, ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել»,- ասել է քաղաքապետը լրագրողներին: Մյուսները` չգիտեմ, բայց ես պատկերացնելու կարիք չունեմ: Աշխատանքային բոլոր օրերին (ներառյալ նաեւ շաբաթ օրերը) երթեւեկում եմ այդ փողոցով: Այսինքն` կես տարուց ավելի է, ըմբոշխնում եմ քաղաքային իշխանությունների ձեռամբ կերտվող այդ անհարմարությունը: Նորոգման աշխատանքների համար պաշտոնապես ծախսվել է 2 մլրդ 391 մլն դրամ: Այս գումարն ինքնին պատկառազդու է: Միայն թե, նրանց համար, ովքեր չեն տեսել, թե ինչպես է այն ծախսվել: Օգոստոսի սկզբին հայտարարվեց, որ ճանապարհի նորոգումը մինչեւ Անկախության 15-ամյակի միջոցառումներն ավարտված կլինեն: Ակնհայտ էր, որ չեն հասցնի: Ուստի նորոգման աշխատանքները կիսատ թողնելով` ճանապարհաշինարարները Ֆրանսիայի նախագահի այցից առաջ ափալ-թափալ ասֆալտապատեցին փողոցները: Տոներից հետո սկսեցին քանդել ու կտրատել նոր ասֆալտը: Ճանապարհի եզրերին ու կենտրոնում, բետոնե դետալներ տեղադրելուց հետո, դրանց վրա ճաղավանդակներ զոդեցին: «Դա այն փողոցն էր, որտեղ բազմաթիվ մարդկային զոհեր են եղել»,- ճաղացանկապատ դնելն այսպես հիմնավորեց Երվանդ Զախարյանը: Նա առայժմ պարզապես ժամանակ չի ունեցել այցելել անցնող տարվա ձեռքբերում համարվող այս «կառույցով»: Հետեւաբար չի նկատել, որ երթեւեկությունն ավելի է դժվարացել: Փողոցի կողմերում գտնվող խանութների աշխատակիցները մթության քողի ներքո տեղ-տեղ սղոցել-պոկել են ճաղերը: Հետեւաբար, առանց խոչընդոտ շարունակում են փողոցն անցնել իրենց ուզած հատվածում: Նույնն արել են Թաիրով ու Փարաքար գյուղերի բնակիչները: Սույնով ջուր լցնելով փողի վրա նստած պաշտոնյաների ջանքերի վրա:

Երեւանի բախտն ակնհայտ չի բերում: ՀՀ նախկին ու բարեփոխված Սահմանադրությունները մեր մայրաքաղաքի համար խառնաշփոթ կարգավիճակ են ձեւակերպել: Լայն իմաստով մայրաքաղաքն իրավական տեր չունի: Այն կառավարվում է կամ համայնքային, կամ համապետական մակարդակով: Կառավարման համաքաղաքային մակարդակ ձեւավորված չէ: Քաղաքապետարանը երեւի դե ֆակտո է փողի վրա նստած: Իսկ դե յուրե` ոչ: Մայրաքաղաքն, արդեն որերորդ ամիսն է, պիկ ժամերին տառապում է փողոցային խցանումներից: Իշխանության ոչ մի մարմին չի փորձում որեւէ կերպ կարգավորել ստեղծված իրավիճակը: Որերորդ ձմեռն է, առատ ձյուն է տեղում, բայց ձնահավաք մեքենաներ ձեռք բերելու նպատակով մասնահանում չի կատարվում այն փողից, որի վրա սովորաբար նստում են: Այս շաբաթ տեղացող առատ ձյունը հատկապես ընդգծեց այն փաստը, որ Երեւանը դժվար երթեւեկելի քաղաք է: Ձյանը բառացիորեն մի շաբաթ էր նախորդել այն հայտարարությունը, որ Երեւանն աշխարհի թանկ քաղաքներից 21-րդն է: Եվ ահա այս թանկագին քաղաքը դարձել է ոչ երթեւեկելի: Աշխատանքային օրվա ավարտին խցանվում են մայրաքաղաք մտնող բոլոր մայրուղիները, թաղերն իրար կապող փողոցները: Հաստ ձյունածածկից զատ խցանման պատճառով մայրաքաղաքի կամուրջների վրա ժամերով կանգնած են մնում շինանյութով բարձված բեռնատարներ, սպառողական ապրանքատեսականիով բարձված ավտո-գնացքներ: Քաղաքային կառավարման ոչ մի մարմին չի փորձում օրվա պիկ ժամերին արգելել խոշոր բեռնատարների երթեւեկը: Նախատոնական այս օրերին առանձնահատուկ եռանդով են այս ու այն խաչմերուկը խցանում տեղական ֆիրմաների սնունդ ցրող պիկապ-բեռնատարները: Խցանումներից ու հատկապես ձյան տեղումներից միակ շահողը մայրաքաղաքի մետրոն է: Երեկ երեկոյան ես առիթ ունեցա երթեւեկել մետրոյով: Աննախադեպ ու անսպասելի հաճույք է: Խորհուրդ եմ տալիս փորձել: Երթեւեկեք հատկապես այն հատվածում, ուր գնացքն անցնում է բաց գծով: «Գարեգին Նժդեհ» կայարանից մինչեւ «Զորավար Անդրանիկ»: Փորձեք` հատկապես ձյուն գալու պահին: Տպավորություն կունենաք, թե երթեւեկում եք կաբրիոլետով: Կաբրիոլետը, եթե չեմ սխալվում, բացվող թափք ունեցող ավտոմեքենան է: Մետրոյի վագոնում ձյուն է գալիս: Ինչպես, եթե երթեւեկեիք բաց կաբրիոլետով: Գինեսի գրքին արժանի օյին է: Մի աննկարագրելի ու չտեսնված թամաշա: Հետո, հուսով եմ, կհասկանաք, թե ինչպես են Երեւանում գերակատարվում սոցիալ-տնտեսական ծրագրերը: Նաեւ կկողմնորոշվեք` ինչ մտածել այն պահին, երբ քաղաքապետն ասի` «Ընդհանուր առմամբ գոհ եմ քաղաքապետարանի աշխատանքից»: