Թափանցիկություն ամեն ինչում

29/12/2006

Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացի վերաբերյալ տեղեկանք է հրապարակել: Ըստ այդմ, ստացվել է 62.531 դիմում, որակավորումը անցել, ստուգվել եւ համապատասխան փաստաթուղթ է ստացել 36.018 մասնակից: Սակայն պարզ չէ, թե նրանցից քանիսն են ընդդիմադիր, քանիսը` իշխանական կուսակցություններից: Երեկ հրավիրած ասուլիսում ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել է, թե, թեեւ Ընտրական նոր օրենսգիրքը չի ներառել ԿԸՀ բոլոր առաջարկները, այնուամենայնիվ, հնարավորություն է տալիս անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: «Համենայն դեպս, այդ ընտրությունները պետք է լինեն շատ ավելի լավը, քան նախորդ ընտրություններն էին, իսկ հաջորդը շատ ավելի լավը կլինի, քան 2007-ին»,- ասել է ԿԸՀ նախագահը: Վերջինս տեղեկացրել է նաեւ, որ այս անգամ «միայն ամփոփման այդ գործընթացը լինելու է շատ ավելի արագ, պարզ եւ թափանցիկ»: Ամփոփման գործընթացը լինելու է մեքենայացված, համակարգչային ցանցի միջոցով: Մինչեւ մայիս Երեւանից դուրս գտնվող բոլոր 28 ընտրատարածքների համար կապահովվի համակարգչային ցանցի առկայությունը, իսկ Երեւանի ընտրատարածքների արդյունքը կամփոփվի ԿԸՀ ցանցի միջոցով: «ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքի այդ թվային ամփոփմանը ոչ մի միջամտություն չի ունենալու, եւ մենք ոչ մի թիվ չենք գումարելու, հանելու կամ հաշվելու, ամեն ինչ կանի մեքենան»,- վստահեցրել է նա: Փաստորեն, այս անգամ ԿԸՀ-ն թվեր չի «նկարելու», եւ եթե ինչ-որ բան նկարելու կարիք լինի, ապա օգնության կհասնի համակարգիչը, ու այս անգամ էլ կասեն, թե եղել են ինչ-ինչ թերություններ, որոնք համակարգչի մեղքով են, սակայն չեն անդրադարձել ընտրության արդյունքների վրա: Ի դեպ, առաջիկա ընտրությունների թափանցիկությանը նպաստելու համար միայն քվեատուփերը չէ, որ թափանցիկ են լինելու: ԿԸՀ շենքի վրա փակցված ցուցանակը, որով ազդարարվում է այդ շենքում ԿԸՀ-ի գոյության մասին, բառացիորեն թափանցիկ է: